Ապրիլի 24, 2024

Մամուլի ազատությունը ԱՀ ՄԻՊ-ի տեսանկյունից

By Մարգարիտա Ղուշունց Մայիսի 03, 2022
Որքանո՞վ է ազատ մամուլն Արցախում։ Ի՞նչ խնդիրների են բախվում լրագրողներն իրենց գործունեությունն իրականացնելիս։ Այսօր՝ Մամուլի ազատության համաշխարահային օրվա առթիվ  Արցախում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը  ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը փորձում էր հենց այս հարցերի պատասխանները ստանալ։  Լրագրողները  ՄԻՊ հաստատության բնական դաշնակիցներ են, որոնք մի կողմից լայնորեն լուսաբանում են  պաշտպանի  աշխատանքը, մյուս կողմից էլ, ինչպես  ցույց է տալիս  միջազգային պրակտիկան, շատ հաճախ լրագրողներն են  բարձրաձայնում մարդու իրավունքների խախտումների մասին։ Մարդու իրավունքների խախտումները նվազագույնի հասցնելու համար ցանկալի է, որ ՄԻՊ-ն ու մամուլի ներկայացուցիչները համակարգված աշխատեն՝ ասում է պաշտպանը։  Հանդիպմանը ներկա լրագրողներից յուրաքանչյուրը բարձրացրել է իր լրատվամիջոցին հուզող հարցեր, խոսել լրագրողական գործունեությանը խոչընդոտող խնդիրների մասին։ ՄԻՊ-ը խոստացել է հետամուտ լինել այդ խնդիրների պատշաճ լուծմանը։ 
 
«Փորձենք օգտագործել ՄԻՊ խողովակը, ՄԻՊ հնարավորությունները ու լիազորությունները այսօրվա քննարկմանը բարձրաձայնված խնդիրներին ինչ որ ձևով լուծումներ տալու համար։ Եվ նաև ազդելու, որպեսզի մեկ սանդղակով ևս բարձրացնենք մամուլի ազատությանն Արցախում»։
 
 Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ անցած տարվա համեմատ լրագրողների իրավունքների խախտումների  մասին ՄԻՊ-ին դիմողներ քիչ են․
 
«Նախորդ տարի   լրագրողների կողմից ստացել ենք երկու կամ երեք բողոք-դիմում։ Մի դեպքում խոսքը   լրագրողի նկատմամբ այլ քաղաքացու կողմից բռնության կիրառման մասին էր և,  այսպես ասած, ոստիկանության անգործության։ Ստացված դիմումը ներկայացվել է Դատախազության քննարկմանը և տեղյակ ենք, որ համապատասխան քրեական գործ է հարուցվել։ Մյուս դեպքը պետական մարմինների կողմից տեղեկատվություն չտրամադրելն էր։ ՄԻՊ-ին դիմել էր Սիվիլինեթի լրագրողը։ Մեր միջամտությամբ տեղեկատվությունը, որը հայցվում էր լրագրողի կողմից, ստացվել է»։
 
 Տեղեկատվության տրամադրման օրենսդրությամբ սահմանված ժամկետների  չպահպանումը, դիմումները չընթացքավորելը, կամ տեղեկատվություն հայցող քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պրակտիկան, ցավոք, արդեն ձևավորված է Արցախում։ Այս խնդրին բախվում են ոչ միայն լրագրողները՝  ասում է Գեղամ Ստեփանյանը։
 
 «2021 թվականի ընթացքում Սահմանադրությամբ և Օրենսդրությամբ ապահովված, երաշխավորված տեղեկատվության ազատության իրավունքի իրացման առումով քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների: Մենք այս բովանդակությամբ ստացել ենք 17 դիմում. դրանք հիմնականում վերաբերում էին օրենսդրությամբ սահմանված ժամկետների ուշացումներին, դիմումները չընթացքավորելուն, կամ տեղեկատվություն հայցող քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին, բայց այս թեմայով լրագրողներից ընդամենը մեկ դիմում-բողոք ենք ստացել՝ չնայած տեղյակ ենք, որ պարբերաբար տարբեր մարմինների կողմից ուշացվում է հայցող տեղեկատվությունների տրամադրումը»։
 
 Մտքեր են փոխանակվել՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում լրագրողների դերը  ակտիվացնելու ուղղությամբ: Գեղամ Ստեփանյանը վստահեցրել է, որ նման քննարկումները   ավելի հաճախ կլինեն:
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ