Ապրիլի 25, 2024

Կապի խնդիրները՝ հանրային քննարկման առարկա

By Սրբուհի Վանյան Հուլիսի 26, 2022
Կապի ոլորտը տասնամյակներ շարունակ տարբեր շահարկումների, քննարկումների առարկա է եղել, Արցախում մինչ 44 օրյա պատերազմը գործունեություն ծավալող միակ օպերատորի՝ Ղարաբաղ տելեկոմի նկատմամբ հանրային վերաբերմունքը՝ ոչ միանշանակ։ Պատերազմի ընթացքում կառավարությունը հայտարարեց որոշակի ժամկետով ընկերության կառավարումն իր վրա վերցնելու մասին։ Ապա, ռազմական գործողությունների ավարտից հետո, Արցախի բնակիչներն ականատես եղան Վիվասել-ՄՏՍ ընկերության սպասարկման շարժական կետերի հայտնվելուն և սեփական գրպանի վրա զգացին այլընտրանքային կապի հնարավորության առավելությունները։ Այնուհետև հայտարարվեց Վիվա-ՄՏՍ-ի՝ Արցախից դուրս գալու, Ղարաբաղ տելեկոմի նոր սեփականատերերի ու նոր որակի մատչելի կապի համակարգի ներդրման մասին։ Հեռանկարը խոստումնալից էր երևում․ ընկերության կողմից կապի ոլորտը կարգավորելու աշխատանքեր կարծես թե տարվում էին, չնայած որ Ղարաբաղ տելեկոմի՝ դարձյալ մենաշնորհային դիրքում հայտնվելը վստահություն չէր ներշնչում։ Ամեն դեպքում հարցեր կան, և դրանց վերաբերյալ պարբերաբար տարբեր հարթակներից հնչեցվող պատասխանները հանրությանը չեն բավարարում։ Կապի ոլորտի ներկա իրավիճակի գնահատում, խնդիրների գույքագրում, դժգոհություններ, Վիվա-ՄՏՍ-ի հապշտապ հեռացում շուկայից, Ղարաբաղ տելեկոմի մենաշնորհային դիրք, Արցախի կառավարության կողմից նոր օպերատորի մուտքի հրավերի պայմաններ, տեխնիկա-անվտանգային միջոցառումներ, ոլորտի զարգացման հնարավորություն․ այս օրակարգով էր «Գեն» նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպած  հանրային քննարկումը։ Կենտրոնի հիմնադիր նախագահ Արմինե Ավագիմյանն է ներկայացրել հանդիպման նպատակը․
 
Ղարաբաղ Տելեկոմ ընկերության բաժանորդային  սպասարկման ենթաբաժնի ավագ համակարգող  Գոհար Գրիգորյանը պարզաբանումներ է տվել,   վերջին շրջանում Ղարաբաղ տելեկոմի սպասասրահների մոտ գրանցված հսկայական հերթերի և  խնդրի լուծման ուղիների մասին:
 
Ի՞նչ աշխատանքներ են ընթանում կապի ոլորտը բարելավելու ուղղությամբ, ե՞րբ կլինի խոստացված լավագույն կապը և ի՞նչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ են խոչընդոտում խոստումների կատարմանը՝ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության ներկայացուցիչ  Արտավազդ Կիրակոսյանն է պատմում։
 
Տելեկոմի ներկայցուցիչների ասածների հետ անհամաձայնությունները շատ էին․ բանավեճը թեժ էր․ հանրությունն արդյունք է ակնկալում՝ որակյալ կապ ու սպասարկում, որը կհամապասխանի իր կատարած վճարումներին։
 
Պատկան մարմինները՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը չեն ժխտում եղած խնդիրները․ կան ինչպես կառավարման, այնպես էլ օրերսդրական ու արտաքին գործոններից կախված խնդիրներ։ Ցավոք՝ այսօր դրանց մի մասին է ստացվում ռեալ լուծում տալ։ Վիվասել-ՄՏՍ ընկերության՝ Արցախից դուրս գալու վերաբերյալ էլ կարծիքները տարբեր էին․ հանդիպմանը ներկա անձիք համոզված  են, որ քանի դեռ Ղարաբաղ տելեկոմը տեխնիկապես պատրաստ չէ նորմալ սպասարկում իրականցնել, Վիվասելի ներկայությունը պետք է ապահովվեր՝ անկախ ներքին խնդիրներից։ Արցախում կապի ոլորտի վերաբերյալ հանրային հետքրքրությունը հաշվի առնելով ՄԻՊ գրասենյակն էլ պաշտոնական գրություն է հղել Վիվասելին: Քննարկմանը ներկա  ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Մարինե Սիմոնյանը հրապարակում  է գրության  պատասխանը։
 
Քննարկումները շարունակվել են մի քանի ժամ․ Արմինե Ավագիմյանը վստահեցնում  է, որ  հետևողական կլինեն բարձրացված հարցերի լուծմանը, իսկ  արդյունքերի մասին հանդես կգան ամփոփ տեղեկատվությամբ։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ