Ապրիլի 23, 2024

Անշարժ գույքի շուկա․ պատերազմող երկրի դինամիկան

By Սրբուհի Վանյան Հոկտեմբերի 24, 2022

Պատկերն անշարժ գույքի շուկայում հաճախ տնտեսության ու երկրի իրական պատկերի ուղիղ արտացոլանքն է։ Ինչպիսի՞նն է իրավիճակն անշարժ գույքի շուկայում Արցախյան վերջին պատերազմից առաջ և հետո․ վերլուծությունը ներկայացնում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Միրզոյանը։ 

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարբերաբար՝ եռամսյա, կիսամյակային, իննամսյա և տարեկան կտրվածքով, իրականացնում է անշարժ գույքի շուկայի վերլուծություն։ Ընթացիկ տարվա ուսումնասիրությունները, իննամսյա կտրվածքով, ցույց են տալիս, որ անշարժ գույքն Արցախում, պատերազմից հետո էժանացման միտում ունի։ 2020 թվականի համեմատ գրանցվել է 8,4 տոկոս գնանկում։ 
 
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գների անկում է արձանագրվել 1,3 տոկոսի չափով՝ երկրորդնային շուկայում։ 2020 թվականի 9 ամիսների ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բնակարանների գինը մեկ քառ․մ համար կազմել էր 264 հազ․ դրամ»։
 
 2022-ի տարեսկզբից մինչև սեպտեմբերը ներառյալ, անշարժ գույքի նկատմամբ 5994 գործարք է իրականացվել ։ Անցյալ տարվա համեմատ գործարքների թիվն էականորեն չի փոխվել․ տարբերությունը կազմել է 0,2 տոկոս։ Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Միրզոյանը մանրամասներն է ներկայացնում։ 
 
«Իրավունքների պետական գրանցման քանակի առավել մեծ տոկոսաչափ արձանագրվել է Ստեփանակերտում՝ 2560 գործարք, կամ 42,7 տոկոս։ Առաջին 9 ամիսների ընթացքում պետական գրանցումներում մեծ թիվ են կազմում ժառանգության գործարքները՝ 1711 գործարք»։
 
Առուվաճառքի գործարքները կազմել են ընդհանուր գործարքների 18,3 տոկոսը՝ 1097 գործարք՝ ասում է Արմինե Միրզոյանը։ Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն աճել են ավելի քան 40 տոկոսով։ Արմինե Միրզոյանը, համեմատելով նախապատերազմյան ու հետպատերազմյան ցուցանիշները, նկատում է՝ 2020 թվականին Արցախում առուվաճառքի գործարքների մասով արձանագրվել էր վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշը։ 
 
«1919 գործարք։ 2021 թվականին 780 գործարք, այս տարվա 9 ամիսների ընթացքում կնքվել է 1097 գործարք։  Այսինքն, համեմատաբար, առուվաճառքի շուկայում կայունացում է նկատվում»։
 
 Առուվաճառքի գործարքները հիմնականում իրականացվում են պետական ծրագրերով՝ պարզաբանում է զրուցակիցս։  Նշված գործարքներում մեծ ծավալ է կազմել հողամասերի նկատմամբ կատարված առուվաճառքը։ Ի՞նչ արժե անշարժ գույքը Արցախի Հանրապետությունում, որքանո՞վ են համաչափ մայրաքաղաքում ու շրջաններում գտնվող գույքի գները։ Կադաստրի կոմիտեն կատարում է նման վերլուծություն։ Գերատեսչության ղեկավարի տեղակալն ասում է՝  կատարում են ինչպես առուվաճառքի գործարքների, այնպես էլ առաջարկի շուկայի գների վերլուծություն։ Ստեփանակերտում անշարժ գույքը, բնականաբար, անհամեմատ թանկ է գնահատվում։ Այդպես եղել է նաև մինչև պատերազմը։ 
 
«Արձանագրել ենք, որ Ստեփանակերտ քաղաքում  հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում երկրորդնային շուկայում բնակարանի մեկ քառ․ մ․արժեքը կազմել է 241,9 հազ․ դրամ։ Ստեփանակերտ քաղաքում միջին գների վերլուծությունն իրականացվում է  ըստ գոտիների։ Ստեփանակերտը բաժանված է 4 գոտու՝ կառավարության համապատասխան որոշմամբ»։
 
 Ստեփանակերտ քաղաքում առաջնային շուկայում առուվաճառքի գործարքներ, Արմինե Միրզոյանի խոսքով, չեն արձանագրվել։ Անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցման գործարքները, ի տարբերություն առուվաճառքի գործարքների, ճշգրիտ պատկերը չեն արտացոլում։ Հանրապետությունում նման գործարքներն առավելապես բանավոր պայմանավորվածությամբ են կնքվում։ Բայց կան նաև պետական գրանցում ստացած վարձակալական պայմանագրեր։
 
«Վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումների 8,3  տոկոսը, կատարվել է վարձակալության 498 գործարք։ Դրանց քանակը նախորդ տարվա նկատմամբ աճել է 14,3 տոկոս։ Վարձակալական գործարքների մեծ մասն իրականացվել է Մարտունու շրջանում։ Վարձակալական գործարքների մեծ մասը կատարվել է հողամասերի նկատմամբ։ Վարձակալված հողերի մեծ մասը կատարվել է Ասկերանի շրջանում»։
 
Վարձակալական գործարքների մասին տեղեկատվությունն, առհասարակ, կոմիտեի էլեկտրոնային համակարգում է ներդրված, բոլոր գործարքներն ու վերլուծությունները կատարվում են էլեկտրոնային եղանակով։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ