Դեկտեմբերի 09, 2022

Էլեկտրոնայի՞ն, թե՞ ավանդական գիրք. ո՞րն է ավելի պահանջված

By Աննա Գրիգորյան Նոյեմբերի 22, 2022

Որևէ գիրք կարդալու համար արդեն ստիպված չեմ գրադարան գնալ։ Համակարգչիս կամ հեռախոսիս օգնությամբ ներբեռնում եմ ուզածս գիրքն ու ․․․ վայելում։ Երբեմն հաջողվում է գտնել նույնիսկ այնպիսի գրքեր, որոնք վաճառքում չես գտնի։ Էլեկտրոնային գրքեր նախընտրողներն այսպես են հիմնավորում իրենց սերը դեպի էլեկտրոնային գիրքը։ Մարիամ Վարդանյանը շատ է բախվում այս խնդրին, հատկապես, մասնագիտական գրքերի փնտրտուքի պարագայում: 

«Էլեկտրոնային գրքերը նույնպես շատ կարևոր են այսօր, որովհետև եթե նույնիսկ մասնագիտականից խոսենք, ապա դասընթացների մի մասը, հատկապես ինքնուրույն աշխատանքները, ռեֆերատները գրելու ժամանակ օգտվում ենք էլեկտրոնային գրքերից: Օգտակարությունը էլեկտրոնային գրքերի այն է, որ ծանր չեն դրանք, օրինակ տեղափոխման համար, տեղից տեղ տեղափոխվելիս այն միշտ քեզ հետ է»: 

Որքան էլ էլեկտրոնային գրքերը հարմար, իսկ գրադարանը հարուստ լինի, միևնույն է, ընթերցանությունն այն ոլորտն է, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել ավանդականին։ Այս համոզմանն են բոլոր նրանք, ովքեր գրքից նաև ջերմություն են ուզում ստանալ։ Գրքերի մեծ սիրահար է ուսանողուհի Նարե Մարտիրոսյանը։ Հաճախ է օգտվում գրադարաններից: Սիրում է արկածային ժանրի գրքեր կարդալ։ 

«Ես նախընտրում եմ օգտվել թղթային տարբերակից, քանի որ, կարծում եմ, այս զգացմունքը` բռնել գիրքը ձեռքերում, ոչինչ չի կարող փոխարինել։ Սակայն երբեմն քո ուզած գրականությունը չես կարողանում գտնել քաղաքի գրադարաններում»։

Երբ գրադարաններում չի գտնում իր ուզած գիրքը, ստիպված օգտվում է էլեկտրոնային գրքերից: Նրա խոսքով թղթային տարբերակը երբեք չի կարող զիջել էլեկտրոնային գրքին, քանի որ այն ավելի լավ է տպավորվում, իսկ էլեկտրոնայինը երկար չի հիշվում:

«Լինում է գրականություն, որը չես կարողանում գտնել քաղաքի գրադարաններում, քանի որ վերջերս են հրատարակվել կամ ոչ այնքան հայտնի հեղինակ է և ձեռք բերելը դժվարություն է իրենից ներկայացնում: Այդ դեպքում կողմ եմ, երբ մարդիկ օգտվում են էլեկտրոնային գրադարաններից: Դա ավելի օպտիմալ տարբերակ է»:

 Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանն ունի ավելի քան 50000 կտոր գիրք: Բայց լինում են դեպքեր, երբ հաճախորդի պահանջած գիրքը չի լինում՝ ասում է տնօրեն Նաիրա Աղաջանյանը։ 

«Ճիշտ է, գրադարանի գրքային ֆոնդը համալրված է բազմաժանր և տարալեզու գրականությամբ, բայց լինում են դեպքեր, երբ ընթերցողը հետաքրքրվում է սկսնակ կամ տեղային հայտնություն վայելող հեղինակով կամ վերջերս հրատարակված գրքերով: Բնականաբար, չենք կարողանում բավարարել նրանց, մնացած բոլոր դեպքերում կարողանում ենք սպասարկել»

Մայրաքաղաքում գործող գրադարաններն  անընդհատ ավելացնում են գրքային ֆոնդը՝ նոր հրատարակություններով։ Գրադարանները հիմնականում համալրվում են պետության կողմից գրադարանին տրամադրվող ամենամսյա միջոցներով կամ նվիրատվությամբ: Այս առումով տնօրեն Նաիրա Աղաջանյանը նշում է. 

«Որպես մանկապատանեկան գրքի միակ օջախը հանրապետությունում` ձեռք ենք բերում հայատառ և օտարալեզու, մասնավորապես մանուկներին և պատանիներին հասցեագրված գրականություն»:

Գրադարանից օգտվում են նաև մեծահասակներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, սակայն ընթերցողների գերակշիռ մեծամասնությունը աշակերտներն են, ովքեր հիմնականում ընթերցում են դպրոցական ծրագրով հանձնարարված գրականություն: Նախապատվությունը տալիս ենք ծրագրային գրականությանը: Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկական գրադարանն 90-ականների պատերազմի ժամանակ կրել է բազմաթիվ վնասներ. գրքային ֆոնդի մեծ մասը հրդեհվել է: 2018 թվականից գրադարանը տեղափոխվել և գործում է «Սոֆիա» կենտրոնում:

«Բարենպաստ շենքային պայմանները նպաստեցին գրքային ֆոնդի ընդլայնմանն ու նորացմանը,- ասում է Նաիրա Աղաջանյանը:- Այն հնարավորություն ընձեռեց ավելի լայնածավալ միջոցառումներ կազմակերպել»։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում փոխվում է նաև ընթերցողների գրական մոտեցումները: Այժմ ավելի պահանջված է արտասահմանյան գրականությունը: Դրան մեծապես նպաստում է համացանցը՝ ասում է գրադարանի տնօրենը: Ամփոփելով զրուցակիցներիս մտքերը՝ կարող ենք ասել, որ գրքերի հարցում ՏՏ ոչ թե պայքարում կամ մրցում են, այլ լրացնում են միմյանց։ Ի վերջո, կարևորը գիրք կարդալն է՝ ձևաչափի ընտրությունն արդեն երկրորդական խնդիր է։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ