Ապրիլի 25, 2024

Ինչի՞ է բերել պատմական անհետևողականությունը և ի՞նչ անել

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 26, 2022
Ադրբեջանի ՊՆ դժգոհ է ՌԴ ՊՆ վերաբերմունքից․ չնայած  իրենց խնդրանքին, ՌԴ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություններում շարունակում է Արցախի բնակավայրերը նշել հայկական  անուններով։ Արձագանքելով ադրբեջանական դժգոհութանը՝ Խաղաղապահ առաքելության թելագրամ ալիքը   հիմնավորել է՝  օգտվում են ՌԴ ԶՈՒ քարտեզներից։ Ինչու՞ է ադրբեջանական կողմն այդքան հանդուգն պահում իրեն, ի՞նչ հիմնավորումներ ունեն ադրբեջանցիները՝   այդ տեղանունները նման ձևով նշելու համար, միթե  պաշտոնական աղբյուրներում դրանք միայն հայկական անուններո՞վ չեն  նշված եղել և ի՞նչ է անում հայկական կողմը՝ հակադարձելու համար այդ քարոզչությանը։ Մեր հարցերին պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանն է պատասխանել։ 
 
«Հայկական տեղանունների անվանափոխման գործընթացը սկսել է դեռևս 17-րդ դարից, հատկապես Արևելյան Հայաստանում,  իսկ Արցախում դա տեղի ունեցավ  18-րդ դարի երկրորդ կեսին, երբ որ հայտնի քաղաքական, պատմական  իրադարձությունների արդյունքում Արցախում հայտնվեցին թուրքալեզու, քրդալեզու էթնիկ տարրերը»։
 
 Ինչպես Արևելյան Հայաստանի մյուս գավառներում, Արցախում էլ սկսվեց տեղանունների անվանափոխման գործընթաց։ «Ցավոք, երբ Արցախը 1813 թվականի հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի՝ հաշտության պայմանագրով մտավ Ռուսաստանի կազմ, այդ ժամանակվանից սկսած ռուսական պաշտոնական աղբյուրները սկսեցին օգտագործել օտարացված անուններ։ Ցավոք՝ բնակչությունն էլ սկսեց օգտագործել դրանք, հաճախ աղավաղված ձևով, չնայած հստակ հիշում էր իր տեղանունները»,-պարզաբանում է Լեռնիկ Հովհաննիսյանը։ 
 
«Տեղանունների փոփոխման գործընթացը մեծ թափ ստացավ 18-րդ դարի վերջին, երբ որ աղա Մուհամադ խանի արշավանքների հետևանքով արցախահայության մի ստվար հատվածը ստիպված էր թողնել հայրենիքը և հեռանալ դեպի Շաքիի, Շամախիի, Տավուշի, Լոռու սահմանները, դեպի Հյուսիսային Կովկաս»։
 
 Նոր բնակիչները սկսեցին օգտագործել տեղանունների թարգմանած ձևերը կամ նոր տեղանուններով կոչել դրանք։
 
«Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, ապա, այս  քաղաքականությունը շարունակվեց ռուսական կայսրությունից անցնելով  խորհրդային միությանը։  Ադրբեջանը սկսեց հայկական բոլոր անունները վերափոխել։ Արշավ սկսվեց նաև Խորհրդային միության տարիներին օգտագործվող տեղանունների դեմ։ Եվ պատահական չէ, որ խաղաղապահների հակադարձմանն էլ արձագանքել են»։
 
 Լեռնիկ Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն։ Իսկ քայլերի մասով լիազորությունները ԱՀ կադաստրի պետական կոմիտեինն է/ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալ Արմինե Միրզոյանն է պարզաբանում․ 
 
«ԱՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման գրանցման լիազոր մարմինը հանդիսանում է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն ԱՀ Կառավարության 2008թ․-ի թիվ 381 որոշման համաձայն»։
 
Հանձնաժողովի աշխատանքներին դեռ կանդրադառնանք։ Իսկ ինչ մնում է  Ադրբեջանի պահանջներին, փաստ է, որ դրանք ընդամենը  պատրվակներ են, որոնց միջոցով Ադրբեջանը սադրանքների  համար գուցե հող է նախապատրաստում։ 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ