Ապրիլի 19, 2024

Որքանո՞վ է իրավաչափ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը և ի՞նչ վտանգներով է այն հղի

By Վիկտորյա Սարգսյան Դեկտեմբերի 06, 2022
Միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու՝ հայտարարել  է  ԱԱԾ-ն՝ արձագանքելով Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հետակետ տեղադրելու մասին ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածված  Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցին։ ԱԱԾ հաղորդմամբ Ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Անդրեյ Վոլկովի հետ, որի ժամանակ հրամանատարը վստահեցրել է, որ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար: ԱԽ գրասենյակից  տարածված  պարզաբանման մեջ նշվում է, որ Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության  գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։  Չնայած  ԱԱԾ-ից նշել են, որ առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը, բայց դեռևս ոչ մի հայտարարություն չկա։ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետի տեղակայումը նախ և առաջ հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ ասում է հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Հայտարարությունում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովում է խաղաղապահ զորախումբը։ 
 
«Հայտարարությունում հսկիչ կետ կամ «мини таможня» հասկացությունների մասին ընդհանրապես խոսք չկա։ Եվ Վոլկովի արտահայտած մտքերը լրիվ հակասում են այդ Հայտարարությանը։ Բայց ես կոնկրետ տվյալ ունեցել եմ և ամսիներ առաջ բարձրաձայնել եմ դրանց մասին, որ այսպիսի գործընթացներ են ընթանում։ Սակայն որևէ մեկը որևէ քայլ չի ձեռնարկել և դեկտեմբերի 3-ի սադրանքը հենց դրա արդյունքներից էր»։
 
 Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ անհանգստությունների տեղիք է տալիս հատկապես  Վոլկովի այն հայտարարությունը, որ ադրբեջանական կողմի հետ համաձայնության արդյունքում է որոշվել մինի-անցակետ տեղադրել։ 
 
«Եկեք հասկանանք, որ Վոլկովը ասում է, որ ադրբեջանցիերի հետ են պայմանավորվել։ Բայց եթե Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ որևէ կերպ կապ չունի ադրբեջանցիների հետ և նրա անվտանգությունն ապահովում են խաղաղապահները, ապա հարց՝ ինչու՞ են ռուս խաղաղապահները, ընդհանրապես, անցակետ կամ «տամոժնյա» տեղադրում և ինչու՞ են այդ մասին պայմանավորվում ադրբեջանցիների հետ։ Եվ բացի դրանից, Վոլկովը այդ հարցազրույցում պարզաբանում էր ադրբեջանցի լրագրողներին, որ պաշտոնական փաստաթղթերում իրենք օգտագործում են տեղանունների ադրբեջանական տարբերակներ, իսկ երբ նշվում է Մարտակերտ կամ Ստեփանակերտ դա հին սովտետական քարտեզների տարբերակով է»։ 
 
Անդրեյ Վոլկովի հարցազրույցը արագորեն մանիպուլացվեց ադրբեջանցիների կողմից՝ ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ու նշում՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ հաճախ պատշաճ արձագանքները ուշանում են։
 
 «Արցախի ԱԱԾ հայտարարությունը հրապարակվեց մի քանի ժամ անց։ Եվ այդ առումով կարևոր է, որ արագ լինեն, որովհետև ադրբեջանական դաշտը շատ ինտենսիվ է աշխատում։ Որպեսզի այդ ապատեղեկատվությունը չլցվի դաշտ, մեզ պետք են արագ արձագանքներ։ Եվ հաճախ նման տեղեկատվության բացակայությունը բերում է այսպիսի խնդիրների»։
 
 Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների ներկայության անթույլատրելիության մասին պետք է անընդհատ շեշտվի թե՛ փակ հանդիպումներում, թե՛ բաց տեքստերով։ 
 
«Որովհետև Ադրբեջանը բոլոր հնարավոր ձևերով կարծես գրոհում է ռուս խաղաղապահների վրա, խնդիրներ է ստեղծում, դժգոհություններ է առաջ բերում։ Նրանք էլ, այդ իրավիճակից դրդված, երբեմն անում են հայտարարություններ, որոնք երկակի կարող են մեկնաբանվել։ Նույնիսկ երբեմն տպավորություն է ստեղծվում, կարծես նրանք փորձում են հանգստացնել ադրբեջանցիներին»։ 
 
Սա ազգային անվտանգության հարց է՝ ասում է Տիգրան Պետրոսյանը։ Այստեղ անելիք ունի նաև հանրությունը։ Նախկինում եղել են դեպքեր, երբ նա որոշ քաղաքացիների հետ հանդիպում է նախաձեռնել խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ, որտեղ  ներկայացրել են իրենց հարցերն ու պահանջները։ Անհրաժեշտության դեպքում կրկին նման քայլի կգնան։ 
 
«Երբ մենք հանդիպում և խոսում էինք նույն Վոլկովի հետ, նա անընդհատ հղում էր անում նոյեմբերի 9-ի Հայտարարությանը։ Լաչինի միջանցքի՝ ժամանակից շուտ հանձման ժամանակ նույնպես նրանք փորձում էին ադրադարցնել այդ Հայտարարությամբ։ Հիմա էլ մենք պիտի գնանք ու ասենք՝ ցույց տվեք, թե այդ հայտարարությունում որտե՞ղ է գրված, որ պետք ադրբեջանցիների հետ պայմանավորվեք  ինչ-որ անցակետ դնելու համար։ Վտանգները բազմաթիվ են լինելու։ Սկսած նրանից, որ ադրբեջանցիներն են որոշելու՝ ում թողնել կամ չթողնել մուտք գործել»։
 
 Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներից բացի ոչ ոք չի կարող կանգնել՝ ասում են զրուցակիցներս։ Այն սովորական ճանապարհ չէ, այլ 120 հազարից ավել բնակչության կենսագործունեությունն ապահովվող ճանապարհ։ Ճանապարհի հետ կապված ցանկացած գործողություն կարող է հումանիտար աղետի առաջ կանգնեցնել Արցախի բնակչությանը։ Ի վերջո, ռուս խաղաղապահներն այստեղ են արցախցիների անվտանգությունն ապահովվելու համար և դա է նրանց այստեղ գտնվելու գլխավոր պատճառը, հիմքը և նպատակը։
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ