Մարտի 28, 2024

ԱՄՆ-ի համահավասարեցնող հայտարարությունները․ պատճառներ և սպասելիքներ

By Դավիթ Եղիազարյան Մարտի 23, 2023

Երեկ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը ավարտին հասցնելու հնարավորություն կա: ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»:

Արդյոք այդ երկու հայտարարությունները փոխկապակցվա՞ծ են միմյանց, և արդյոք կարելի՞ է սպասել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքում, այն դեպքում երբ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում, իսկ իրադրությունը տարածաշրջանում՝ լարվում: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ թեև Բլինքենը խոսել է միայն ադրբեջանական կողմի վրա գործադրվող ճնշման մասին, բայց իրականում, հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների վրա նույնպես գործադրվում է ճնշում՝ խաղաղության պայմանագրի կնքումն արագացնելու համար.

«Տեղեկատվությունը, բնականաբար, քիչ է, որպեսզի ամբողջական վերլուծություն անենք, բայց կարծում եմ, սա կարող է մի բան նշանակել, որ հայկական կողմի վրա կա որոշակի ճնշում և հայկական կողմը չի ուզում գնալ այդ զիջումներին, որ հայկական կողմից պահանջում են։ Կարծում եմ այդ ճնշումը գալիս է նաև միջնորդներից, որ Հայաստանը պետք է ինչ-որ բաների համաձայնվի, եթե ցանկանում է Ադրբեջանի հետ համաձայնագիր կնքել։ Ես կարծում եմ, որ խոսքը հենց սրա մասին է։ Այսինքն, եթե Հայաստանը հայտարարում է, որ որևէ բան չկա բանակցելու, ուրեմն ինչ-որ մի բան են իրեն դեմ տվել, որն ինքը չի ցանկանում ստորագրել և համարում է, որ բանակցելու այլևս ոչինչ չկա, իսկ միջնորդ կողմն ու Ադրբեջանն էլ, կարծում եմ, համարում են, որ Հայաստանը պետք է համաձայնություն տա ներկայացված առաջարկին»։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն «Արցախ» լրատվականի հետ զրույցում նշեց, որ թեև Հայաստանը շարունակում է նվիրված մնալ խաղաղ բանակցությունների օրակարգին, սակայն Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականությունը բանակցությունները չի տանում դեպի խաղաղության պայմանագիր.

«Հայաստանը ցույց է տալիս, որ կանխատեսելի գործընկեր է և բովանդակային աշխատանք է տանում խաղաղության պայմանագրի տեքստի վրա, որ հասնենք այդ պայմանագրի այնպիսի տեքստի, որը հնարավոր լինի ստորագրել, բայց միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ Ադրբեջանն իր հայտարարություններով և գործողություններով՝ վերջին սպանությունները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, Լաչինի միջանցքի փակումը, Հայաստանի օկուպացված տարածքները, ռազմագերիներին չվերադարձնելը, ինչ-որ քարտեզներով  դելիմիտացիա անելու փորձերը, այսինքն՝ բոլոր գործողությունները, որոնք ես թվարկում եմ, բոլորը դեստրուկտիվ են և չեն տանում դեպի խաղաղության պայմանագրի։ Բայց Հայաստանը շարունակում է նվիրված մնալ իր հայտարարած ուղեգծին, որ այո, մենք պատրաստ ենք խաղաղության գնալուն, խաղաղության օրակարգն առաջ մղելուն, բայց, գիտեք՝ դա միակողմանի գործընթաց չէ»։

Խաղաղության պայմանագրին հասնելու Բլինքենի լավատեսությունը չի կիսում ռուսական կողմը: Այսօրվա ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է․

«Եկեք մեկնաբանենք իրադարձությունները, այլ ոչ թե հեռանկարները»։

Նա կոշտ է արտահայտվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում ամերիկյան միջնորդության վերաբերյալ:

«ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայությունն է դարձել հայ-ադրբեջանական սահմանին նոր խնդիրների առաջացման պատճառը»:

Ռուսաստանի կողմից նման «խանդոտ» մոտեցումը հայ-ադրբեջանական բանակցություններում այլ միջնորդների հայտնվելու կապակցությամբ նորություն չէ և ըստ Սուրեն Սարգսյանի՝ օրինաչափ է տարածաշրջանային մրցակցության տեսանկյունից․

«Բնականաբար Միացյալ Նահանգներն այս ամբողջ իրավիճակում ունի իր շահերը, ինչպես իրենց շահերն ունեն Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը և այլն։ Այսինքն՝ բոլորն էլ ունեն իրենց շահերը և բոլորն էլ առաջին հերթին և բացառապես առաջնորդվում են իրենց, կամ գոնե իրենց ռազմավարական դաշնակիցների շահերով։ Միացյալ Նահանգների պարագայում շատ հստակ է․ ԱՄՆ-ն  ռազմավարական, գլոբալ նպատակ ունի, որը 90-ականներից է կյանքի կոչում՝ մեր տարածաշրջանում Ռուսաստանին ազդեցության գոտուց զրկելը։ Եվ բնականաբար ռուսներն էլ, որպես տարածաշրջանային ազդեցիկ գործոն և պետություն ամեն ինչ պիտի անեն, որ այդ ազդեցության լծակները չկորցնեն տարածաշրջանում։ Սա շատ նորմալ, գլոբալ, աշխարհաքաղաքական մրցակցություն է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որը բնորոշ է ոչ միայն Հարավային Կովկասին, այլև ընդհանրապես ամբողջ աշխարհին, որտեղ այս երկու պետությունների շահերը կարող են խաչվել, իսկ իրենց շահերը խաչվում են համարյա թե ամենուրեք»։

Միաժամանակ երեկ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարեց, որ իրենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում ջանքեր գործադրել տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Էդմոն Մարուքյանը նշում է, որ անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշանի դնումը.

«Կողմերին է կոչ արվել, մինչդեռ այս պարագայում Հայաստանն ագրեսիայի զոհ է, Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացված են ագրեսոր Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի կողմից անդադար պրովակացիաներ են տեղի ունենում, և զարմանալին նաև այն է, որ հենց այդ կոչից հետո ադրբեջանական դիպուկահարն  սպանում է Հայաստանի սուվերեն տարածքում իր ծառայությունն իրականացնող զինվորին։ Եւ այդ իմաստով ես կարծում եմ, որ սա անընդունելի մոտեցում է, և  ագրեսորն պետք է ագրեսորի անվամբ դատապարտվի։ Չի կարող հավասարության նշան դրվել ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ միջազգային հանրությունն այստեղ շատ անելիքներ ունի՝ արձանագրելու, թե ինչ է կատարվում»։

Սուրեն Սարգսյանը համոզված է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ մեծապես պայմանավորված է նաև Իրանի հետ վերջիններիս հարաբերություններով.

«Մեր տարածաշրջանում ցանկացած գործընթացի վերաբերյալ խոսելիս կամ հաշվարկներ անելիս, բնական է, պետք է հաշվի առնել նաև Իրանի շահերը։ Սովորաբար հաշվի ենք առնում Արևմուտքի, Ռուսաստանի և նաև Թուրքիայի շահերը, բայց ակնհայտ է, որ այսօրվա իրանական քաղաքականությունը նույնպես շատ ընդգծված և ընկալելի է, և մենք հասկանում ենք Իրանի շահերը որոնք են, այն կարմիր գծերը, որոնց մասին Իրանն անընդհատ հայտարարում է։ Այսինքն՝ Իրանը պարտադրելու է բոլորին հաշվի նստել նաև իր կարծիքի և իր դիրքորոշման հետ։ Այնպես որ, ցանկացած պրոցեսի մասին երբ մենք խոսում ենք, միամտություն կլինի Իրանի շահերը հաշվի չառնելը, որքան էլ որ Իրանը ծանր տնտեսական կացության մեջ է բավականին երկար տարիներ, ամերիկյան պատժամիջոցները հաշվի առնելով, բայց Իրանը կարողանում է ամբողջապես իր արտաքին քաղաքականությունն սպասարկել, ըստ անհրաժեշտության նաև, եթե հարկավոր լինի զինված ուժերի կիրառմամբ։ Սա կարծում եմ շատ կարևոր և սկզբունքային պահ է»։

Թեև ԱՄՆ-ը վերջին ամիսներին ավելացրել է դիվանագիտական ճնշումն Ադրբեջանի վրա՝ Արցախի ապաշրջափակման հարցում, այդուամենայնիվ պետք չէ որևէ գերտերությունից սպասել խիստ հայանպաստ դիրքորոշում, քանի որ ցանկացած պետություն առաջին հերթին գործում է իր շահերի տեսանկյունից, առավել ևս աշխարհաքաղաքական այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին մերն է:

Արցախի հանրային ռադիո
Last modified on Հինգշաբթի, 23 Մարտի 2023 15:01
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ