Ապրիլի 25, 2024

Կոշտ և փափուկ ուժի կիրառում․ ինչքա՞ն կկտրի ադրբեջանական երկսայր սուրը

By Դավիթ Եղիազարյան Մարտի 27, 2023

Վերջին օրերին ակտիվացել են ադրբեջանական հարձակումներն Արցախի դեմ։ Մարտի 25-ին ադրբեջանական զինուժը խախտելով շփման գիծը ռազմակալել է Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի շրջակա բլուրներից մեկը։ Այսօր Արցախի Պաշտպանության բանակը հետ է մղել նույն հատվածում հերթական հարձակումը։ Միաժամանակ, այսօր Ադրբեջանի նախագահի աշխատակազմից կրկին հրավեր է արվել, իրենց ձևակերպմամբ՝ Արցախի «հայկական հանրային ներկայացուցիչներ»-ին՝ այցելելու Բաքու և քննարկելու, կրկին իրենց ձևակերպմամբ՝ «վերաինտագրման և ենթակառուցվածքներին վերաբերող» հարցերը։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ ադրբեջանական վերջին հարձակումները շատ կանխատեսելի էին, քանի որ Ադրբեջանը բառացի սպառնում էր այդ հատվածում ռազմագործողություն իրականացնել, և զարմանալի է, որ մարտի 25-ի միջադեպը փաստացի տեղի է ունեցել առանց հայկական կողմի դիմադրության․

«Ամեն ինչ ավելի քան կանխատեսելի էր, քանի որ այդ գործողությանը գնալուց օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, նույնիսկ հայտարարության վերջում նշված էր, որ եթե մարդկային զոհեր լինեն, ապա դրա մեղքը Հայաստանի վրա է ընկնելու։ Այսինքն՝ իրենք հստակ հայտարարել էին գործողության գնալու մասին, կադրեր էին նաև ցույց տվել։ Եւ անհասկանալի է, թե ինչու մենք որևէ կանխարգելիչ քայլ չենք ձեռնարկել, որպեսզի այդ գործողությունները կասեցվեն։ Փաստացի, ակնհայտ է, որ Ադրբեջանը մարտի 25-ի գործողության ժամանակ որևէ դիմադրության չի հանդիպել։ Բնականաբար լավ է, որ այսօր կասեցվել է հնարավոր առաջխաղացումը, բայց բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչու դա չի արվել մարտի 25-ին»։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է, որ բռնապետական Ադրբեջանին չեն հուզում ո՛չ բնապահպանական, ո՛չ ենթակառուցվածքային խնդիրները, այլ միայն և միայն՝ Արցախի հայաթափումը․

«Ադրբեջանի նպատակը ոչ այդ խտանյութն է, ոչ թեկուզ զորքի տեղաշարժը։ Այս ամեն ինչը շատ երկրորդական, երրորդական նշանակություն ունի։ Ադրբեջանն ունի մեկ խնդիր․ հայաթափել Արցախն ամբողջությամբ։ Ու մենք պետք է սա որպես ելակետ վերցնենք, և հետևաբար՝ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածության չգանք, այլ զուտ՝ պայքարի, դիմադրության միջոցով կարողանանք մեր շահերն առաջ տանել»։

Նախկինում շրջանառվում էր այն տեսակետը, թե Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակումը նաև ճնշման միջոց է հայկական կողմի վրա՝ Գորիս-Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհի շինարարությունն արագացնելու համար, սակայն Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է այդ աշխատանքների իրականացման ցանկացած փորձ։ Այդպիսով, Ադրբեջանը ձգտում է Արցախի համապարփակ շրջափակմանը։Ըստ Տաթևիկ Հայրապետյանի, Ադրբեջանի հայտարարությունները՝ Արցախի ներկայացուցիչների հետ բանակցելու վերաբերյալ, ոչ այլ ինչ են, քան՝ ծրագիր՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցելու, իսկ հայկական կողմը տապալում է բանակցություններով խնդիրը լուծելու փորձերը․

«Այնքան ակնհայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանը որևէ պայմանավորվածություն չի պահում։ Ինքն իր ծրագիրը գծել է և այդ ծրագրով առաջ է գնում։ Այդ ծրագիրը շատ կանխատեսելի ծրագիր է․ նրանք դրա մասին հրապարակային հայտարարում են, ուղղակի քայլեր են պետք դա կանխելու համար, իսկ մենք ոչինչ չենք անում, հույսներս անընդհատ ուրիշների վրա ենք դնում, և հետո ավելի ծանր վիճակում ենք հայտնվում։ Բայց իրենք ինչ-որ թեթև գործողությամբ կարողացել են վերահսկողություն սահմանել այդ ճանապարհի նկատմամբ։ Սա էլ իրենց օրակարգն է։ Մի կողմից օղակն են սեղմում, մյուս կողմից՝ իրենց օրակարգն են թելադրում, միջազգայիններին էլ կասեն՝ ինչ խնդիր կա՞, մենք առաջարկում ենք գալ, նստել խոսել, իրենք են հրաժարվում, իրենց խնդիրն է, իրենք են ընդդիմանում։ Դրա համար պետք է իրենց այդ բոլոր առաջարկներին շատ հստակ պատասխան տալ»։

Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից բանակցությունների առաջին  հրավերին հայտարարել էր  Արցախի արտգործնախարարությունը։  

Արցախի հանրային ռադիո
Last modified on Երկուշաբթի, 27 Մարտի 2023 14:55
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ