Ապրիլի 25, 2024

Ե՞րբ և որտեղի՞ց է սկսվել Արցախյան շարժումը․ կլոր սեղան Մեսրոպ Մաշտոց համալսարանում

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 15, 2022

Ե՞րբ և որտե՞ղ է սկսվել Արցախյան շարժումը։ Ի թիվս այլ հարցերի նաեւ սա էին քննարկում կլոր սեղանի մասնակիցները։ Շարժման առաջամարտիկ   Սլավիկ Առուշանյանը սխալ է համարում այն պնդումը, թե  Արցախյան շարժումը սկիզբ է առել կոնկրետ աշխարհագրական վայրից։  Ասում է՝  անհնազանդության ցույցերը սկիզբ են առել մի քանի շրջանում միաժամանակ։ 

«Մի քանի օր առաջ ասացին, որ առաջին հանրահավաքը եղել է Հադրութում  փետրվարի 12-ին՝ ժամը 3-ին։ Կոմիտաս Դանիելյանը, բարեբախտաբար, արձանագրել է այն փաստը, որ Ասկերանում հանրահավաք եղել է նույն օրը՝ ժամը 11-ին ։ Այդ օրը բոլոր տեղերում եղել է հանրահավաք․ ժամանակի հարց է։ Կոնկրետ փետրվարյան շարժումը արմատականորեն տարբերվում է մեր նախորդ շարժումներից, որովհետև մինչև այդ ստորագրահավաք էինք կազմակերպում, առանձին ձեռնարկություններ, անհատներ, մշակույթի գործիչներ դիմում էին, որպեսզի վերադասը լուծի մեր հարցը, շատ կարևոր փաստեր կան, որոնք ուղղակի խեղաթյուրվում կամ չեն ներկայացվում»։

 Սլավիկ Առուշանյանը Արցախյան շարժման ամենակարևոր օրը համարում է փետրվարի 22-ը։ 

«Այդ օրը, առաջին անգամ խորհրդային պատմության մեջ, մենք դեն շպրտեցինք քաղբյուրոյի որոշումը և զենք վերցնելով պաշտպանեցինք մեր հայրենիքը»։

 Արցախյան շարժման ակունքներում կանգնած են նաև մտավորականները, նրանք ահռելի ներդրում  են ունեցել արցախյան պայքարի սկզբնավորման ու հետագա զարգացման մեջ՝ համոզված է  Շարժման մասնակից, գրող, բանաստեղծ Սոկրատ Խանյանը։ 

«Ազատագրական պայքարը պետք է շարունակենք, և ես հավատում եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին։ Ինչպես Շահումյանն է ասում՝ եթե ազգը չի ուզում մեռնել, նա չի մեռնում»։ 

Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Մելանյա Բալայանը սխալ է համարում այն միտքը, որ ԽՍՀՄ փլուզման հիմքը Արցախյան շարժումն է, նրա խոսքով՝  Արցախյան հիմնահարցն ու Շարժումը միշտ  գոյություն են ունեցել։ 

«Խորը հարգանք եմ տածում 1988 թվականից սկսված մեր Շարժման մասնակիցների նկատմամբ։ 1986-ին է սկսվել շարժումը, 87-ին, թե 88-ին, անկեղծ ասած, ես մեծ կարևորություն չեմ տալիս դրան, ուղղակի պահը հարմար էր գորբաչովյան, այսպես ասած, դեմոկրատիայի պայմաններում, և Շարժումը այդ ժամանակ պոռթկաց»։

 Շարժումից դասեր ունենք քաղելու, քննարկումը նաև սրան է ուղված՝ ասում է Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։ 

«Կարևոր դասը, որ մենք պետք է քաղենք արցախյան շարժումից այն է, որ մենք պետք է լինենք համախմբված մեկ բռունցքի պես, ունենանք մեկ ընդհանուր գաղափարախոսություն և մեկ ընդհանուր նպատակ։ 1988 թվականին սկսված Շարժման ակտիվ փուլը հաջողվել է միայն այն պատճառով, որ մարդիկ հավատում էին իրենց սկզբունքներին և համախմբված էին մեկ գաղափարի շուրջ»։

 Արցախյան շարժումն ու ազատագրական պայքարը չեն ավարտվել ո՛չ 1994 մայիսին և ո՛չ էլ 2020-ի նոյեմբերին։ Կլոր սեղան-քննարկման նպատակն էր  մեկ անգամ ևս արժևորել տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունը։  

«Մեր նպատակն է նաև երիտասարդ սերնդին ներկայացնելու Արցախյան շարժման հետ կապված մանրամասներ՝ Շարժման ակունքներում կանգնածների պատմածներով։ Կարևոր նպատակ ունենք նաև մեր թշնամիներին ցույց տալու, որ Արցախյան շարժման ժամանակ որդեգրած գաղափարախոսությունից մենք մեկ քայլ անգամ հետ չենք կանգնել և չենք էլ կանգնի»։

 Ազգային-ազատագրական նոր պայքար սկսելու անհրաժեշտություն կա՝ համոզված է Հովիկ Ավանեսովը։ Ասում է՝ մեր միակ նպատակը պատմական արդարության վերականգնումն է, մենք հավակնություններ չունենք օտարի տարածքների նկատմամբ, մենք ցանկանում ենք միայն  մեր հողերը վերադարձնել։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ