Ապրիլի 25, 2024

Պատերազմի ու խաղաղությամ մասին երգեր՝ «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրի տակ

By Վիկտորյա Սարգսյան Հուլիսի 28, 2022
Շինուհայրից մեկնարկած համերգային ծրագիրը եզրափակվեց Ստեփանակերտում: Սյունիքի և Արցախի սահմանամերձ համայնքներում հնչել են նոր ու հանդիսատեսին արդեն ծանոթ ստեղծագործություններ: Բեմում էին Հայաստանի կոմպոզիտորների միության անդամներ և մենակատարներ:Համերգի կարևորությունն ոչ  այնքան   ներկայացված ծրագիրն էր, այլ այն, որ երիտասարդ սերունդը հնարավորության ունեցավ ծանոթանալ հենց իր սերնդի կոմպոզիտորների հետ։ Մանավանդ այս ժամանակաշրջանում շատ անհրաժեշտ է փոխադարձ կապը՝ ասում է ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը։ Եվ այդ կապը, երևի թե, ստեղծվում է հենց երաժշտության միջոցով։  
 
«Եթե մենք նույն երգն ենք երգում, ուրեմն մենք միասնություն կարող ենք ունենալ։ Ես գտնում եմ, որ բոլոր իրավիճակներում երգն ու երաժշտությունը թե՛ օգնություն է, թե՛ ոգեշնչման աղբյուր  է, և թե պատասխանատվություն է ստեղծագործողի համար։ Շատ շնորհակալ ունկնդիր ունենք այստեղ, և մենք էլ շնորհակալ ենք, որ ինքներս մեզ կարողացանք ճանաչել և գտնել, որ մենք բոլորս մեկ միասնություն ու մեկ ազգ ենք»։
 
 Համերգին հնչեցին գործեր, որոնք ստեղծվել են հենց պատերազմի օրերին: Էդգար Գյանջումյանի «Պիտի ապրենք»-ը   դրանցից մեկն էր։ Երգ, որն արցախցի երեխանների խաղաղության կոչն էր համայն աշխարհին։ Համերգից առաջ կոմպոզիտորը հարցրեց դահլիճում նստած երեխաներին, թե, արդյոք, ծանո՞թ են երգին։ Պարզվեց՝ նրանցից շատերը  մասնակցել են երգի ձայնագրմանը։ Համերգը սկսվեց հենց այս անակնկալով։ 
 
Հաճախ մենք  լսում ենք երգեր, բայց չենք ճանաչում դրանց հեղինակներին։ Համերգի կամակերպիչների խոսքով՝ ընտրվել է այնպիսի ձևաչափ, որը թույլ է տալիս կոմպոզիտորին ամբողջությամբ մասնակցել ստեղծագործության կատարմանը: Սա  առիթ է, որ հանդիսատեսը ճանաչի հեղինակին։ Իսկ թե ինչու՞ է նախագծի համար ընտրվել հենց «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն է պատմում․  
 
«Որովհետև երգը միշտ հնարավորություն է տալիս ճանաչելու։ Գլխավոր նպատակն այն է, որ սահմանամերձ գյուղերում, քաղաքներում մարդիկ չզգան, թե մենակ են։ Երգով մենք պայքարում ենք։ Եվ դրա համար հնչելու են այնպիսի երգեր, որոնք առաջին անգամ են  կատարվում, և որոնք կոմպոզիտորները գրել են հենց Արցախի, պատերազմի ու խաղաղության մասին»։ 
 
Երիտասարդ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը ներկայացրել է իր 2 ստեղծագործությունները, որոնք նվիրված են Արցախին։ Երկուսի դեպքում էլ պրեմիերա էր։ Նրա խոսքով՝ արցախցի հանդիսատեսը մշտապես առանձնանում է իր ջերմությամբ ու անմիջականությամբ։  
 
«Մենք ելույթ ենք ունեցել  Ճարտարում, Մարտունիում, Աղավնոյում, և ամեն տեղ էլ շատ ջերմ մթնոլորտ էր։ Հանդիպումը սպասված էր և՛ մեզ համար, և՛ հանդիսատեսի համար»։ 
 
Ինչպես և սպասվում էր, համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Կոմպոզիտորները կիսվել են իրենց տպավորություններով ու յուրաքանչյուրն էլ կարևորել է հետպատերազմյան շրջանում այսօրինակ միջոցառումների անցկացումը։ Եվ, իհարկե, խոստացել են՝ նման հանդիպումներ դեռ շատ կլինեն։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ