Ապրիլի 25, 2024

Համերգապատում Զաքար Քեշիշյանի և Նադեժդա Հակոբյանի կատարմամբ

By Անի Աբաղյան Սեպտեմբերի 20, 2022

Սկզբից «սրինգը» լսվեց, հետո արցախյան բեմի բարի հսկան երևաց։  

«Անշուշտ, վերջին շաբաթը շատ երկար տատանումներու մեջ եղա՝ կատարե՞լ այս համերգը, թե՝ ոչ: Ծանոթ է երկրի մթնոլորտը Ձեզ, սակայն երկու բան մտածեցի. առաջինը՝ պիտի չթողենք, որ թշնամին մեզ վախեցնե և կարողանա ազդել մեր կյանքի վրա, երկրորդ՝ մտերմիկ հանդիպում է, որ պիտի կայանար»: 

Արցախ այցելած առաջին սփյուռքահայ երաժիշտներից է Զաքար Քեշիշյանը, որ 1989-ից սիրահարված է Շուշիին ու Արցախի բնությանը:  Համերգային ծրագրով Հադրութում էին՝ Արթուր Մկրտչյանի տանը։ Տիկին Գոհարը երաժիշտների համար սեղան գցելուց առաջ ճշտում է․ -Դուք բուսակե՞ր եք, թե՞ մսակեր։ Պարոն Զաքարը, նայելով արգենտինահայ՝ իրենից բարձրահասակ ընկերոջը, միանգամից պատասխանում է. -Շատակեր, տիկի՛ն Գոհար, շատակեր։ 1992 թվականին Շուշիում հիմնադրվում է «Վարանդա» երգչախումբը, որ այսօր 30 տարեկան է: Հերթական անգամ մայրաքաղաքից ընկերների հետ Շուշի էր բարձրանում ոտքով՝ «ճանապարհին մի մեքենա կհանդիպի» մտքով: Մեքենան հանդիպեց, ճիշտ է, պարզապես բեռնատար՝ այն էլ երկու կով բարձած:

 «Մե հատ կամազ եկավ, կանգնեց, մեջը երկու կով բարձած, առաջն էլ՝ լիքը արդեն: Ես, Հովիկ Գասպարյանը, Հովիկ Մուսայելյանն ու Ռոբերտ Եսայանը, չորս «ախմախ» արվեստագետներով, բարձրացանք կովերու հետ գնացինք Շուշի. ամենեն հաճելին էր, է՜․․․»: 

Դահլիճում ոտքով Շուշի բարձրացողները շատ էին, Վարանդայում սովորած ու սովորողներ՝ նույնպես: Մանան Ավետիսյանը 1996 թվականից երգչախմբում է, «մեծ ընտանիք» է ձեռք բերել, տասնյակ մեծ ու փոքր ընկերներ: 

«Շատ մեծ հուշեր ունեցա Շուշիի հետ կապված, ընկանք հիշողությունների գիրկը. հիշեցինք մեր փորձերը, դասերը: Ճիշտ ա, այդքան էլ հեշտ չէին անցնում, բայց մենք երջանիկ էինք: Այսօր շատ եմ հուզվել. 25 տարի շարունակ երգել եմ Վարանդայում, հիմա էլ դուստրս է այստեղ»:

 2020 թվականից էլ 13-ամյա զրուցակիցս՝ Վլադիմիրն է Վարանդա եկել, ավագ ընկերոջը կանգնեցնում է կողքին՝ ասելով. «եք ստըղ, վեր գիրթնանց կարիմ վեչ խոսիմ, շարունակիս»․ տիժեր ա սկսալ, դուզ ա, բայց էտքան տիժրութունավ էլ սուս ա ըրալ: 

«Ես հաճախում եմ Շուշիի «Վարանդա» երգչախումբ, պարապմունքները շատ լավ են անցնում: Շատ սիրում եմ պարոն Զաքարին ու տիկին Նադիային, երգել էլ եմ շատ սիրում: Սովորել ենք հայրենասիրական, կատակ-երգեր: Ես նոր ընկերներ եմ ձեռք բերել այստեղ»: 

Երգչախմբում  սեպտեմբեր ամիսը չեն սիրում. պարոն Զաքարի  Լիբանան վերադառնալու ժամանակն է: Ամեն տարի` նրա գնալու օրը, աշակերտները հավաքվում էին Շուշիի կանգառում ու «Իմ ուսուցիչ»-ը երգում, մեկ-մեկ գրկում, նորից հերթ կանգնում, նորից գրկում ու ճանապարհում: Ավանդույթ դարձած արարողությունը կրկնվեց, բայց Շուշիի կանգառի փոխարեն Ստեփանակերտի բեմում: Արցախյան բեմի բարի, ժպտացող հսկան հրաժեշտներ չի սիրում: Շվիահարի պատմությունները ձգվում էին Արցախի հարավից հյուսիս, սրինգն իր հետ Շուշիից քամի, աղբյուրների քչքչոց էր բերում, իսկ դաշնամուրի հարվածները՝ Հադրութից կանչող լեռների շունչը:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ