Ապրիլի 24, 2024

Մենք առայժմ ստիպված ենք Շուշին զգալ

By Ասպրամ Ավանեսյան Սեպտեմբերի 24, 2022

«Շուշին՝ հայ գեղանկարիչների ստեղծագործություններում»․ մենք առայժմ ստիպված ենք Շուշին տեսնել ու զգալ գեղանկարներով ու լուսանկարներով։ Հովիկ Գասպարյանի, Սամվել Թավադյանի, Արտակ Պողոսյանի և այլ գեղանկարիչների կտավները և՛ հավերժական ժառանգություն են, և՛ Շուշիի հետ հաղորդակցման միջոց։ Շուշիի թանգարաններ ՊՈԱԿ-ը առիթը բաց չի թողնում Շուշիի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելու՝ ասում է՝ Լուսինե Գասպարյանը։ 

«Ամեն առիթ օգտագործում ենք բարձրաձայնելու Շուշիի հայկականության մասին։ Շուշին մեր ցավն է, Շուշին մեր հպարտությունն է, Շուշին մեր մշակութային ժառանգության գոհարն է։ Եվ այսօր Շուշիի Կերպարվեստի թանգարանը ներկայացնում է «Շուշին հայ գեղանկարիչների ստեղծագործություններում» նախագիծը»։ 

Ուսանողների հետ հանդիպմանը Լուսինե Գասպարյանն անդրադարձել է Շուշին ներկայացնող կտավներին, մասնգիտորեն վերլուծել,  պատմել գեղանկարիչների ու նրանց ստեղծագործական կյանքի մասին։ Գեղանկարիչների մեծ մասը ապրել ու ստեղծագործել են Շուշիում։ ԱրՊՀ ուսանողուհի Լաուրա Գրիգորյանը կարծում է, որ նկարներն այնքան խոսուն են, որ անգամ Շուշին չտեսած մարդը կարող է զգալ  բերդաքաղաքի ոգին։ 

«Այն նկարիչները, ովքեր ստեղծեցին այս կտավները, Շուշին զգացել են իրենց բջիջներով։ Նրանք ամբողջությամբ ապրել ու զգացել են Շուշին։ Ովքեր, որ չեն տեսել Շուշին կարող են զգալ ու տեսնել Շուշին նրանց աչքերով։ Բոլոր գույները, դետալները լրիվությամբ նկարագրում ու ներկայացնում են Շուշին»։

 Լուսինե Գասպարյանը նկատում է՝ գեղանկարները լի են  սիրով, արևով ու ջերմությամբ։ Գեղանկարիչներն աչքի  տեսածն ու սրտի զգացածը գույնի միջոցով կարողացել են կտավին փոխանցնել։ Երիտասարդների մեջ պետք է վառ մնա Շուշին նորից ունենալու ձգտումը՝ ասում է տիկին Գասպարյանը։ 

«Երիտասարդները պետք է անընդհատ տեսնեն, ու չկտրվեն ընթացքից։ Մշակութային այս միջոցառումը հենց այդ նպտակով է։ Մենք պետք է մեր մատաղ սերնդին ներկայացնենք, պատմենք Շուշիի մասին։ Նրանց մեջ պետք է ամրանա այն, որ Շուշին հայկական է»։

 Լուսինե Գասպարյանը մինչև հիմա չի համակերպվում այն մտքի հետ, որ ամեն առավոտ աշխատանքի է գնում  Ստեփանակերտում։ Ասում է,-«Ես ամեն առավոտ, մտովի Շուշի եմ աշխատանքի   գնում»։

 «Ես մինչև հիմա չեմ կարողանում ընդունել, որ Շուշին գեղանկարներից պետք է տեսնենեք։ Համարում եմ, որ սա զուտ ժամանակավոր իրավիճակ է։ Հույս ունեմ, որ մենք նորից վերադառնալու ենք Շուշի և շարունակելու ենք մեր գործունեությունն այնտեղ»։

 Տարբեր մարդիկ իրենց կարոտը հագեցնելու տարբեր միջոցներ են փնտրում։ Լաուրայի հեռախոսից ջնջվել են Շուշիի բոլոր լուսանկարները։ Այժմ Շուշիին նվիրված ոչ մի միջոցառում բաց չի թողնում․ կարոտը մասամբ այսպես է լրացնում։ 

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 24 Սեպտեմբերի 2022 13:15
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ