Ապրիլի 16, 2024

Թատրոնի խրամատները․ շուտով բեմ կբարձրանա «Անմահների դիրքը» ներկայացումը

By Ասպրամ Ավանեսյան Հոկտեմբերի 24, 2022

Կարապետ, Ավո, Վազգեն, Լեոնիդ, Աշոտ, Էդվարդ. խրամատների վրա նրանց անուններն են գրված։ Խրամատներն այս անգամ, սակայն, ռազմի դաշտում չեն։ Դրամատիկական թատրոնի մի քանի քառակուսի մետր բեմը իսկական դիրք է դարձել: Զենքերը, կանաչ արկղերը, զինվորական համազգեստն ու անգամ բեմի լույսերը ռազմի դաշտի կոլորիտ են ստեղծում: «Անմահների դիրքը» ներկայացումը դեռ բեմադրվում է: Այն պատերազմի, խրամատում ապրողների, այնտեղ նահատակվածների մասին է: 5 առանցքային կերպարներ մարմնավորողներն այս կամ այն կերպ առնչվել են իրական պատերազմի հետ: Դերասանների համար դժվար չէ ռազմական տեսարան խաղալը, դժվարը պատերազմը վերապրելն է: Գլխավոր դերակատարներից մեկը Մարիա Սարգսյանն է: Նա մարմնավորում է Անահիտի կերպարը։ Անահիտը լրագրող է, եկել է պատերազմը նկարելու: Նա չէր էլ պատկերացնում, թե իրեն ինչ է սպասելու դիրքերում: Նա հենց այստեղ է առնչվում իրական պատերազմի աղետին: Նման կերպար խաղալու որոշումը դերասանուհին դժվարությամբ է ընդունել․ 

«Շատ դժվար է պատերազմից հետո այս ներկայացումը խաղալը: Անգամ սկզբից դեմ էի, որպեսզի այս ներկայացումը ներկայացնենք մեր հանդիսատեսին, որովհետև մտածում էի, որ այն սթրես է լինելու: Կոնկրետ ինձ համար սթրես է ևս մեկ անգամ ապրել պատերազմը»:

 Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը», որի հիման վրա բեմադրվում է ներկայացումը, իրական պատմություններ է ներկայացնում։ Ստեղծագործությունը մի քանի իրադարձությունների հավաքական ամբողջություն է: Ներկայացման բեմադրող-ռեժիսոր Վահան Խաչատրյանը պիեսում մի շարք փոփոխություններ է արել: Բեմադրման ընթացքի մասին է պատմում ռեժիսորը: 

«Այս ներկայացման մեջ աշխատանքի միջոցով ես հասկացել եմ, որ բեմից դուրս աշխարհն ավելի պայմանական է: Բեմն ավելի իրական է, ավելի անկեղծ է: Այս ներկայացումը թելադրեց իր մաքսիմալ անկեղծության ու մաքրության կանոնները: Սա այն ներկայացումն է, որը ստեղծվել է ընդհանուր, մենք սցենարից դուրս ենք եկել, սցենարական կառուցվածքը քանդել ենք, մտել ենք մեր հոգեբանության մեջ: Այսպես ասեմ՝ ամեն մեկիս անցած ճանապարհից ներկայացման մեջ մի հատված կա»:

 Իրենց աչքով տեսածն ու մաշկի վրա զգացածն են հանդիսատեսին փոխանցելու դերասանները։ Ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանն այս անգամ խաղալու է պատերազմում 2 զավակ կորցրած արցախցի Պետրոս պապիկի դերը։ Նրա մարմնավորած հերոսը որոշում է պաշտպանել այն դիրքը, որտեղ զոհվել են իր որդիները: 

«Պիեսը շատ հայրենասիրական ու դաստիարակչական է: Հանդիսատեսը անպայաման այստեղից մի բան է տանելու: Նրանք հաստատ կմտածեն. «Մենք ովքե՞ր ենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր պետք է գնանք»: Այս կերպարն ինձ հարազատ է, ես օդից բռնած ինչ-որ բաներ չեմ խաղում, այս ամբողջի միջով մենք անցել ենք»: 

Բեմադրող-ռեժիսորն տեսարաններ է փոխում, իմպրովիզներ անում, հաճախ ընդհատում խաղը. պետք է ավելի առաջ կամ հետ կանգնել, ավելի բարձր խոսել, տեսախցիկը վերցնել կամ հետ դնել: Երբեմն դերասանները դեռ կարիք ունեն տիկին Էլմիրայի օգնության․ նա դերասաններին տեքստի բառերն է հուշում: Բայց նրանց խոսքն ու շարժուձևն ամեն հաջորդ փորձի ընթացքում ավելի համոզիչ են դառնում, երգած երգերն էլ իրենց ելևէջներով ավելի ու ավելի են սթափեցնում։ Զրուցակիցներս շատ փակագծեր չեն բացում․ ուզում են, որ հանդիսատեսի համար հետաքրքիր լինի։ Ներկայացումը հաջողելու է՝ համոզված են։ Հաջողելու է, որովհետև մարմնավորած կերպարներում հանդիսատեսը տեսնելու է ինքն իրեն։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ