Մարտի 29, 2024

55 տարի առաջ այս օրը տեղադրվել է «Մե'նք ենք մեր սարերը» հուշակոթողը

By Տաթև Խաչատրյան, Մարգարիտա Ղուշունց Նոյեմբերի 01, 2022

55 տարի առաջ այս օրը «Մե'նք ենք մեր սարերը» հուշակոթողը տեղադրվեց ու վերցրեց իր վրա մի ամբողջ երկրի խորհրդանիշը լինելու պատասխանատվությունը:Կոթողի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը, իսկ քանդակը «Մե'նք ենք մեր սարերը» անունով կնքեց պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը: Քանդակագործ Յուրի Հակոբյանի որդու՝ նույնպես քանդակագործ Աշոտ Հակոբյանի կարծիքով` դժվար թե իր հայրիկն այդ ժամանակ պատկերացներ, որ հուշարձանը կդառնա հայկական երկրորդ հանրապետության խորհրդանիշ։

«Մարդ չէր կարող պատկերացնել, դժվար թե, ուղղակի ինքը շատ բծախնդիր էր  և շատ լուրջ էր վերաբերվում այդ քանդակին: Այսպիսի մի դրվագ կա: Քանդակի քարերը Հայաստանից էին ուղարկել: Հայրս տեսավ ու չհավանեց: Վերադարձավ Երևանից ու հասավ նրան, որ իր ուզած քարը նորից ուղարկեցին: Հիմա դժվար թե ինչ-որ մեկը նման բան անի, ինքը ուղղակի ուզում էր ամբողջովին իր պատկերացրածով լիներ»։

Մինչև հուշարձանի վերջնական տարբերակը չափսերով փոքր մոդել է  պատրաստվում։  Աշոտը ինը տարեկան էր, երբ հայրիկն իր արվեստանոցում աշխատում էր քանդակի մետրանոց մոդելի վրա։ Պատմում է, որ շատ էսքիզներ էր անում մինչև վերջնական տեսքի բերելը։ Գաղափարի իրագործման դժվարությունները բոլորիս համար հայտնի պատճառներով էին առաջացել։ 

«Պապաս էլ բավականին  շուլուխչի մարդ էր։ Ասում էր՝ էդ հայ-ադրբեջանական բարեկամությունն ա խորհրդանշում: Մի բան էլ կա, քանդակը ծածկված էր աշխատում, ու երբ քաշեցին էդ հարթակները, պապան պատմում էր ,որ շատ փոշի էր, ու երբ փոշին սկսեց նստել, էդ պահին երևաց քանդակը, շատ տպավորիչ էր»։

Տատիկն ու պապիկը խորհրդանշում են արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև խորը կապը։ Նրանք այդ կապը ոչ միայն խորհրդանշում են, այլև փոխանցում իրենց բոլոր զավակներին՝ արցախցիներին։ 55 տարի առաջ տեղադրված հուշարձանն այնքան սիրվեց ու սազեց Արցախին, որ դարձավ նրա ամենավառ խորհրդանիշն ու զարդը։ 

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 01 Նոյեմբերի 2022 18:46
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ