Մարտի 29, 2024

«Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը». հայության ահազանգը քաղաքակիրթ աշխարհին

By Սոֆյա Հակոբյան Հունվարի 24, 2023
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ) հրատարակել է Րաֆֆի Քորթոշյանի «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը: Աշխատությունը լույս է տեսել անգլերեն լեզվով, դրամաշնորհը տրամադրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:   Երկու մասից բաղկացած գրքում նախ ներկայացված են 1991 թվականից մինչ օրս Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը փաստող նյութերը: Երկրորդ բաժնում խոսվում է 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական բանակի վերահսկողության տակ հայտնված տարածքներում մնացած մեր պատմամշակութային ժառանգության մասին, որն արդեն այսօր ոչնչացման վտանգի տակ է: Սա, գրքի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանի խոսքով, մեր ահազանգն է ի լուր աշխարհի. երկու տարի առաջ Ադրբեջանի ձեռքում հայտնված մեր կոթողներին սպառնում է նույնը, ինչ անցած 30 տարիների ընթացքում իր տիրապետության տակ հայտնվածներին: Հեղինակը նշում է՝ Հադրութում, Ասկերանի, Մարտունու կամ Մարտակերտի կորցրած համայնքներում հայկական հուշարձանների ներկա վիճակի մասին ամբողջական պատկեր չունենք. Ադրբեջանն   ավելի զգուշավոր է դարձել, հուշարձանների ոչնչացման տեսանյութերն   այլևս համացանցում չեն հայտնվում:  
 
«Մենք ամբողջական պատկեր չունենք, որովհետև Ադրբեջանը զգալով այդ վտանգը, հիմա ավելի խիստ է: Հենց իրենց զինվորները, երբ քանդում էին մեր հուշարձանները, և ոգևորված այդ գործողություններից, լուսանկարում էին, տեսանյութեր էին անում և գցում համացանց: Եվ դա էր մեր միակ հնարավորությունը իմանալու, թե մեր հուշարձանները ինչ վիճակում են: Հիմա Ադրբեջանն այլևս ավելի խիստ է և անում է այդ գործողություններն ավելի ծածուկ: Հետևաբար, մենք ամբողջական պատկերը չունենք: Անշուշտ, գիտենք, որ 90-ականներից մինչև 2020թ․ կառուցված բոլոր հուշարձանները ավերված են, և այդ մասին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին: Իսկ մնացած հուշարձանները մասամբ ավերված են և աղետը շարունակվում է»: 
 
Գիրքն արդեն ուղարկված է աշխարհի տարբեր երկրների 500 գրադարաններ, որտեղից ՀՃՈՒ-ն արդեն շնորհակալական նամակներ է ստացել: Մյուս 500 օրինակները ԿԳՄՍ տրամադրության տակ են, գիրքը կօգտագործվի նաև ՀՀ ԱԳՆ-ի կողմից և կբաժանվի դիվանագետներին: Հիմնադրամը դիմել է նաև մեկ այլ դրամաշնորհի համար՝ գիրքը նաև ռուսերեն լույս ընծայելու նպատակով:  
 
«Էնպիսի երկիր չկա, որի գրադարան գիրքը չի ուղարկվել: Բոլոր երկրների գրադարաններ ուղարկվել է, բացի փակ երկրներից, որտեղ հնարավորություն չկա գիրքը հասցնելու: Օրինակ՝ Լիբիան, Սիրիան... Բայց մնացած բոլոր երկրներ գոնե մեկ օրինակ գնացել է»: 
 
Ադրբեջանը տարիներ շարունակ տեղեկատվական դաշտում գերակտիվ պայքար է տանում՝ կեղծելով տարածաշրջանի պատմությունն ու իր գրած «պատմությունը» որպես իրականություն աշխարհին մատուցելով: Հայկական կողմի արտաքուստ առավել պասիվ կեցվածքն այս առումով, ըստ Քորթոշյանի, կապված է նախևառաջ նյութական խնդիրների հետ:  
 
«Նյութականի խնդիրն է այստեղ, որովհետև այսպիսի գործերը թիմային աշխատանքներ են, և ինչքան էլ որ   կամավորական սկզբունքով աշխատեն, գոնե  միայն տպագրությունը նյութականի կարիք ունի: Ադրբեջանը նաև հազարավոր գրքեր է տպում, թեկուզ կեղծ, բայց մեր տպած մի գիրքը արժե Ադրբեջանի տպած հազարավոր գրքերը: Որովհետև կեղծիքը ինչքան էլ փորձես ծածկել՝ հնարավոր է բացել: Եվ աշխարհում դեռևս կան էնպիսի գիտանականներ, որոնք չեն վաճառվում: Եվ մենք պետք է ճշգրիտ գրականությամբ մատուցենք այդ գիտանակններին իրականությունը, որպեսզի նրանք դրանով կարողանան կռվել Ադրբեջանի դեմ: Մենք այլ տարբերակ չունենք: Որովհետև՝ այո, Ադրբեջանը կեղծարար է և նյութականով առաջ է գնում, բայց մեր հույսը այն մարդկանց վրա է, որոնք չեն վաճառվում»:
 
 Ըստ Քորթոշյանի՝ այս աշխատանքի պտուղները քաղելու համար նախևառաջ պետական մարմինները պետք է իրենց ձեռքում գործիք դարձնեն նման աշխատություններն ու չզլանան այն կիրառելուց:
 
  «Այստեղ նաև կարևոր աշխատանք ունեն կատարելու մեր պետական մարմինները՝ տարածելու այս գրականությունը: Այսինքն՝ այս գիրքը պիտի ոչ միայն հրատարակվի ու մնա դարակներում, գրապահարաններում, այլ  և   քարոզչական գործիքներ պետք է դառնան մեր դիվանագետների ձեռքին, որոնցով իրենք պետք է խնդիրը ներկայացնեն աշխարհին»: 
 
Այսպսիսով՝ տեղեկատվական պատերազմի ճակատը հրադադարից հետո ոչ թե փակվում, այլ ընդարձակվում է, ընդ որում ՝ երկու կողմից էկ: Թեև ակնհայտ է, որ քարոզչական դաշտում կշեռքի նժարը դեռ շարունակում է մնալ հօգուտ  Ադրբեջանի։ 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ