Մարտի 28, 2024

Երբ սփոփում են տիկնիկները․ մեծերը նույնպես հեքիաթի կարիք ունեն

By Սրբուհի Վանյան Մարտի 08, 2023

Արմեն Գաբրիելյանին՝ ժիր աչքերով ու ընդգծված դիմախաղով փոքրամարմին երիտասարդին, հանդիպեցինք Ստեփանակերտի ֆրանկաֆոնիայի կենտրոնում, որտեղ այժմ գործում է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը։ Տիկնիկային ներկայացում էին բեմադրում, ավելի ճիշտ, խմբակի իր սաներին  սովորեցնում էր տիկնիկների հետ լեզու գտնելու, նրանց միջոցով հանդիսատեսի հետ խոսելու հմտությունները։ Զրույցի բռնվեցինք․ Շուշիում է ծնվել, Շուշիի պետական թատրոնի դերասան է։ Պատերազմից հետո առաջարկ է ստացել աշխատելու Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես տիկնիկային թատրոնի խմբակավար։ Հիմա «Ծիլ» տիկնիկային ստուդիա է հաճախում 59 երեխա, նրանց մեջ նաև սահմանափակ կարողություններով երեխաներ կան։

«Ծիլ» ստուդիան Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին կից բացվեց իմ կողմից, երբ ես այնտեղ աշխատանքի հրավիրվեցի։ Այսինքն՝ այդ հաստատությունում խմբակը ստեղծվեց իմ գալով, և իմ համար այն մեծ կարևորություն ունի, որովհետև այնտեղ ամեն ինչ՝ շիրմա, դեկորացիաներ, տիկնիկներ, ստեղծել ենք երեխաների հետ մետկեղ»։

Գաղափարն, ասում է, պատերազմից հետո կար արդեն, մի քանի տարի խմորվել է, մինչև այն իրականացնելու հնարավորությունը գտել է իրեն։ Սկզբնական գաղափարը տիկնիկների, դեկորացիաների պատրաստման ու ներկայացումների բեմադրման մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավման մեջ էր։ Նպատակը տիկնիկային թերապիա ասվածի կիրառությունն էր։ Հետո որոշեց, որ հեքիաթի կարիք ունեն բոլոր երեխաները․ հատկապես հիմա, երբ պետք է հետպատերազմյա սինդրոմը հաղթահարել։ Գաղափարի իրագործմանն օգնեց Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը։

«Առաջարկը, որ արեց տիկին Թամրազյանը, միանգամից ընդունեցի, նա էլ օգնեց, որ Արցախում լինի տիկնիկային այս ստուդիան։ Պատերազմից հետո արցախցի երեխաներին պետք էր այդ հեքիաթը։ Տիկնիկային ստուդիայի հետ կապված երազանքս ընդլայնվելն է, գյուղերում ավելի հաճախ լինելը։ Հեքիաթի կարիք կա այսօր առավել քան երբևէ, և մենք պիտի պարգևենք այն»։

Ներկայացումներով խումբը հաճախ է լինում գյուղերում, հեքիաթներն էլ բեմադրվում են արցախյան բարբառով․ դա էլ իր նպատակն ու պատմությունն ունի։

«Կոմիտասի երաժշտության ներքո երեխաներին դիմավորում է հեքիաթի հերոսը, երեխաների հայեցի դաստիարակությունը հեքիաթի միջոցով մենք կարևորում ենք։ Ներկայացումները բեմադրվում են արցախյան բարբառով, դա բարբառները պահելու միտում ունի։ Գնում ենք գյուղեր, տիկնիկներ ենք պատրաստում, հետո երեխաների հետ քննարկում  կերպարները, փորձում հասկանալ, թե ինչու է այն կոնկրետ այդ ձև, հետո բեմադրություններ ենք անում։ Նշեմ, որ 6 գյուղում արդեն եղել ենք, դա հաղթանակ է շրջափակման այս պայմաններում»։

Տիկնիկային արվեստն ուրիշ աշխարհ է, ասում է, ու հիմնավորում․

«Օրինակ, խաղարկային թատրոնի դերասանը չի կարող լինել տիկնիկային դերասան, իսկ տիկնիկայինը կարող է։ Քանի որ խաղարկային դերասանն իր միմիկայով, ժեստերով է ներկայանում հանդիսաՏԵՍին, իսկ տիկնիկային դերասանը իր ձեռքի շարժումներով պիտի կենդանություն տա տիկնիկին։ Դա իր առանձնահատկություններն ունի»։

Այդ տպավորութուններն ու սերը տիկնիկների ու նրանց խաղի հանդեպ աշխատում է փոխանցել երեխաներին՝ ասելով, որ տիկնիկը իրենց ընկերն ու հարազատն է, պիտի զգան նրա ապրումները, հույզերը, որպեսզի տիկնիկը կենդանություն ստանա, ու հեքիաթը գա։ Հիմա Արմեն Գաբրիելյանը շատ քաղաքներում ու գյուղերում է լինում, և կամա, թե՝ ակամա այդ բնակավայրերի ու Շուշիի միջև փորձում է զուգահեռներ տանել, համեմատության եզրեր է որոնում։ Ասում է՝ այդպես էլ չի գտնում մի քաղաք, որ Շուշիի հարազատությունն ու կոլորիտն ունենա։

«Ուր էլ լինում ենք, Շուշին մեզ համար ուրիշ էր։ Ոչ մի այլ քաղաք ու գյուղ Շուշիի նման չէ, Շուշին այլ կոլորիտ ու հետաքրքրություն ուներ»։

Շուշիից հեռու լինելու մխիթարությունն ու սփոփանքը դերասանը գտնում է տիկնիկների ու երեխաների մեջ, որոնցից, ասում է,  հեքիաթը գողանալ չի կարելի։ Հատկապես հիմա, երբ այդ հեքիաթի կարիքն ունեն ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Շաբաթ, 01 Ապրիլի 2023 10:37
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ