Մարտի 28, 2024

Մշակույթը պատմության վկայականն է. այսօր նշվում է մշակույթի միջազգային օրը

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 15, 2023

Այնպես է ստացվել, որ մեր պատմության ընթացքում մենք հաճախ տարածքային կորուստներ ենք ունեցել։ Հայաստանի ու Արցախի ներկա սահամնները երբեք այսքան տարբեր չեն եղել մեր պատմական հայրենիքի սահմաններից։ Այդ կորուստների պատճառով մեր մշակութային հազարավոր արժեքներ գերության  մեջ են հայտնվել:

«Մենք ստեղծում էինք, ոսոխը գալիս, քանդում էր»,-ասում է Պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը: 

«Ուստի, անցյալի դառը փորձը հաշվի առնելով այժմ, երբ ստիպված ենք լինում որևէ տարածք զիջել, փորձում ենք այդ տարածքից ինչքան հնարավոր է շատ մշակութային արժեքներ հանել, տեղափոխել հայրենիքի ավելի ապահով մասերը, որովհետև գիտենք, որ եթե մնան հակառակորդի վերահսկողության տակ, ապա դրանք կա՛մ ոչնչացվելու, կա՛մ լավագույն դեպքում յուրացվելու են»:

 Պատմաերկրագիտական թանգարանի պատերին փակցված են Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում ու Արցախում գտնվող հայկական եկեղեցիների, կոթողների, խաչքարների նկարները՝ ադրբեջանական վանդալիզմից առաջ և հետո: Նկարներից մեկում պատկերված է Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցը, որտեղ ավելի քան 6000 խաչքարեր կային: Ջուղայի  եկեղեցին և գերեզմանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հովանու ներքո էին: Բայց դա էլ չխանգարեց Ադրբեջանին: 

«2005 թ. Իրանից արված լուսանկարներից երևում է, թե ինչպես է Ադրբեջանը հատուկ մեքենաներով ու քլունգներով   կոտրատում, ոչնչացնում այդ խաչքարերը: Ավելին ասեմ՝ Ադրբեջանն այս տարածքում ռազմականացված գոտի է ստեղծել, նպատակը մեկն է, որպեսզի ոչ ոք այս տարածքին մոտենալու իրավունք չունենա»: 

Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի մշակութասպան քաղաքականության, Իրանում  հայկական մշակութային ժառանգությունը պահպանվում է: Ժաննա Առստամյանի խոսքով՝ այն գտնվում է Պարսկաստանի մշակույթի նախարարության հովանու ներքո: Եկեղեցիներում, ըստ անհրաժեշտության,  իրականացվում են վերանորոգման ու կառուցապատման աշխատանքներ: Եթե անհրաժեշտ լիներ այլ խորագիր ընտրել այս միջոցառման համար, ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը այն կվերնագրեր  «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամին, Իրանը՝ քաղաքակրթության բարեկամը»: Ադրբեջանը նպատակաուղղված ցանկանում է մեր ինքնությունը կտրել մեր հայրենիքից: 

«Ողջ հայկական պատմական հայրենիքը գտնվում է ահա այդ հայրենազրկման վտանգի տակ: Ամենաառաջինը մշակույթն է, մշակույթը սկսել են ոչնչացնել: Մենք պետք է ամեն ինչ անենք, սկսած մատաղ սերնդի դաստիարակությունից, որպեսզի մեր մշակութային ինքնության դեմ այս պայքարից կարողանանք պատվով դուրս գալ»:

 Մենք պետք է ապրենք մեր հողում և հոգ տնենք մեր մշակութային ժառանգության մասին՝ ասում է Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանը:

 «Մենք պետք է ապրենք մեր հողում և ինքներս հոգ տանենք մեր մշակութային արժեքերի համար և չհասնենք նրան, որ շնորհակալություն հայտնենք կամ քննադատենք, որ մեր մշակությաին արժեքները պահպանում  կամ ոչնչացնում են: Եթե հզոր ենք, եթե ի վիճակի ենք, մենք պետք է տեր կանգնենք մեր մշակութային արժեքեներին»: 

Միջոցառմանը ցուցադրված նկարները Սամվել Կարապետյանի գործերն են: Նկարիչն իր կյանքը նվիրել է հայկական մշակութային կոթողները լուսանկարելու և այդպիսով դրանք փրկելու գործին՝ ասում է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը: 

«Վերջին տարիներին, հատկապես 2000թ այս կողմ, միշտ Արևմտյան Հայաստանն էր նկարում: Ասում էր՝ Արցախն էլ չեմ ավարտել, բայց Արցախն արդեն ապահով է, Արցախի մշակությաին արժեքները փրկված են»:

 Մեծ վարպետի խոսքը, սակայն,   ժամանակավրեպ է դարձել։   Եվ  Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի վանդալիզմի դեպքերի կողքին մենք ունենք  շատ ավելի թարմ օրինակներ՝   մշակութասպան քաղաքականություն՝   Արցախի օկուպացված տարածքներում:

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 17 Ապրիլի 2023 11:09
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ