Ապրիլի 24, 2024

Կեղծ աղվանների աղավաղած Ծիծեռնավանքը

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 12, 2023
Սյունիքն ու Արցախը հայկական առաջին աշխարհներից էին, որ դարձան քրիստոնեական: Այդ պատճառով է, որ դրանց տարածքը հարուստ է վաղ միջնադարյան եկեղեցիներով: 4-5-րդ դարերի ամենանշանավոր եկեղեցիներից է Ծիծեռնավանքը: Վաղ միջնադարում այն մտնում էր Սյունիքի Աղահեճք, ավելի ուշ` Քաշաթաղ գավառի տարածքի մեջ: Ըստ ավանդության` այդտեղ է պահվել Պետրոս առաքյալի ծիծեռնը` ճկույթը: Եկեղեցին եռանավ բազիլիկ է և Հայաստանում պահպանված այդ տեսակի եզակիներից է: Տարածքից հայերի ելքով և քրդերի հաստատումով` Ծիծեռնավանքը, ինչպես շատ այլ եկեղեցիներ, վերածվել է գոմի: Քաշաթաղի ազատագրումից հետո, 2001 թվականին վանքը վերականգնվել է: 2020 թվականի նոյեմբերյան փաստաթղթով վանքի տարածքը, Քաշաթաղի հյուսսի հետ հանձնվել է թշնամուն: Բաց աղբյուրների ուսումնասիրությունից վերջին օրերին պարզ է դարձել, որ Ծիծեռնավանք այցելած «աղվանա-ուդիական» հորջորջվող ուխտավորները վնասել են եկեղեցու շուրֆը և զոհասեղանը: Շուրֆն օրգանական ապակիով փակված փորվածք էր եկեղեցու կենտրոնում, որի տակ ցուցադրված էին եկեղեցու հատակի պատմական երեք շրջանները և ծիսական գինամանը: Պ.գ.դ., Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանը նշում է, որ լայնածավալ աշխատանքներ են տարվել Ծիծեռնավանքը վերականգնելու ուղղությամբ.
 
 «Վերաբնակիչներին տրվեց հնարավորություն շենացնելու Հայրենիքի մի կտորը: Եւ քաշաթաղցիները դա արեցին: Բզմաթիվ եկեղեցիներ հայտնաբերվեցին, մաքրվեցին, վերականգնվեցին, վերանորոգումներ արվեցին: Դրանցից ամենակարևորը, երևի, Ծիծեռնավանքի վերանորոգումը, վերականգնումն էր, քանի որ Ծիծեռնավանքը մի եզակի հուշարձան է` պահպանված ամենավաղ միջնադարից: Եվ այն փոսը, որ երևում է նկարի մեջ. վերջերս «ուդիական համայնք»-ի ներկայացուցիչները գնացել էին, այնտեղ մոմ էին վառել, իբրև թե խաչակնքվում էին, այդ նկարը դրել էին, մենք էլ տեսանք ինչ վիճակ է: Այդ փոսի մեջ, պորանի առջև ցուցադրում էինք Ծիծեռնավանքի վաղ շրջանի հատակները: Առաջին փուլի հատակը, երրորդ փուլի հատակը և հինգերորդ փուլի հատակը: Ծիծեռնավանքում հինգ փուլով շինարարական աշխատանքներ են կատարվել: Այդ իմաստով եկեղեցու բախտը բերել է. բոլոր դեպքերում ունեցել է լավ ճարտարապետ, կառուցողական լավ հմտությունների տեր վարպետներ, ովքեր Ծիծեռնավանքն ամրացրել են»:
 
 Մշակութային ժառանգության միջազգային փորձագետ Արմինե Տիգրանյանը նշում է, որ Ադրբեջանը շարունակական ջանքեր է գործադրում իր վերահսկողության տակ գտնվող տարածքում բնիկների մշակութային ժառանգության օտարման ուղղությամբ. 
 
«Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում Ադրբեջանը մինչ օրս շարունակում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ծրագրային քաղաքականությունը: Եթե այդ քաղաքականության մի ուղղությունը հայկական մշակութային ժառանգության ֆիզիկական բնաջնջումն ու ոչնչացումն է, ապա` մյուս ուղղությունը հայկական ժառանգության ինքնության օտարումն է: Կամ, որ նույնն է` աղվանացումը, իսլամացումը, ադրբեջանականացումը և թյուրքացումը: Ինչ վերաբերում է այս ուղղություններից աղվանացմանը, ապա` պետք է ասել, որ աղվանացման տեսությունը դեռևս 20-րդ դարի կեսերին ձևավորված տեսություն էր, որով պատմության ասպարեզից հեռացած քրիստոնյա աղվանները հռչակվում էին ադրբեջանցիների նախնիներ, ինչի նպատակն էր ոչնչացնել հայ ժողովրդի պատմական արմատները, սահմանափակել տարածաշրջանում ապրելու արցախահայերի ապրելու և արարելու իրավունքը, տեղ բացելով ադրբեջանական ներկայության համար: Պետք է ասել, որ այս տեսությունը գործադրվում էր հայկական արժեքների հայկականության փաստի ժխտմամբ և դրանց` աղվաններին պատկանելու հորինվածքով: ԵԽԽՎ-ի 2583-րդ բանաձևով հայկական հուշարձանների աղվանացումը հռչակվել է որպես ադրբեջանական հորինվածք»:
 
 Ըստ Տիգրանյանի` այն փաստը, որ Ադրբեջանի` հայկական ժառանգության աղվանացման գլխավոր փաստարկը պատմամշակութային այդ կոթողներ ուդիների այցելություններն են, արդեն իսկ ցուցիչ են այն բանի, թե ինչքան անհիմն են այդ նկրտումները. 
 
«Ուշագրավ է այն հանգամանքը, որ, կարծես, աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այցելություններով է, որ հայկական պատմական եկեղեցիները հռչակվում են որպես աղվանական: Այսինքն` այլ հիմնավոր փաստարկի բացակայությունն ստիպում է Ադրբեջանին միայն համայնքի ներկայացուցիչների այցելությունը դարձնել հայկական եկեղեցիներն աղվանական հռչակելու փաստարկ: Պետք է ասել, որ Հաագայի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ»:
 
 Ադրբեջանի ուդիական փոքրաթիվ համայնքի մասին խոսելիս, Ալեքսան Հակոբյանը շեշտում է, որ այդ համայնքը գրեթե ամբողջությամբ ուծացված է և օգտագործվում է երկրի բռնապետի կողմից սոսկ որպես աղվանական ժառանգության ցուցադրանք. 
 
«Քրիստոնյա ուդիներն են, որոնց հետ անընդհատ դաշնակցել ենք դարեր շարունակ: Նրանք եղել են նաև մեր բախտակիցը, ենթարկվել են նույն հալածանքներին: 18-րդ դարի սկզբին այդ հալածանքների հետևանքով ուդիների մեծամասնությունը մահմեդականություն ընդունեց և լեզգիացավ, ոչ թե` թուրքացավ, այլ` լեզգիացավ: Մնացին նաև քրիստոնյա ուդիները, որոնց հետ բարեկամություն ենք արել: Նրանք հայկական գրավոր մշակույթի վրա են զարգացել, պահպանելով իրենց ազգային ինքնագիտակցությունը: Նրանք իրենց համարել են հայկական քաղաքակրթության մաս, լինելով առանձին ազգ, առանձին էթնոս: Այդ ուդիներն այսօր պատանդի կարգավիճակով մնացել են շատ փոքր քանակությամբ, իրենց հայրենիքում` Նիժ և Վարդաշեն բնակավայրերում: Այնտեղ պահպանվել են փոքր չափով, մոտ 1.500 հոգի, իսկ 20-րդ դարում նրանք եղել են մոտ 10.000-ը: Բայց կա մի խումբ, որն Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ այդպիսի բաներ է անում, ասում է, թե Արցախի տարածքում քրիստոնեական հուշարձաններն իրենցն են: Եւ ոչ միայն Արցախի, նաև` Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները ևս»: 
 
Մասնագետները միաբան են այն հարցում, որ հայկական կողմն ունի բոլոր միջազգային իրավական հիմքերը` մշակութային ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ