Մարտի 28, 2024

Վարդան Հակոբյանի 75-ի ամյակին նվիրված հուշ-երեկույթ է կազմակերպվել

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 26, 2023

«Երևի թե իմ կյանքի ամենաճշգրիտ քայլը իմ ծննդավայրը, առավել ևս իմ ծնողներին ընտրելն է, ծննդյանս տարեթիվն ընտրելն է․ 48 թիվ մայիս»։
Խոսողը Վարդան Հակոբյանն է: Գրողն այսօր ներկաների հետ խոսում է էկրանից, պատմում՝ սիրելի ծննդավայրի, «ուրիշ աշխարհ» Արցախի, նրա հանդեպ անսահման սիրո, հպարտ լեռների մասին։ Ժամանակը տեսախցիկներին և ձայնագրիչներին է պահ տալիս արժանիներին։ Հարուստ, բազմաժանր և հիշելու արժանի է նաև արցախցի բանաստեղծ Վարդան Հակոբյանի թողած գրական ժառանգությունը։ Հայ գրականությունն իրապես հարստացել է Վարդան Հակոբյանի հեղինակած բանաստեղծական և գրականագիտական բազմաթիվ գրքերով՝ ասում է ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։
«Առանձին հիշատակության և հատուկ գնահատանքի է արժանի մեծ մտավորականի հասարակական, քաղաքական գործունեությունը: Վարդան Հակոբյանը, որպես հայ ժողովրդի զավակ ու հայրենանվեր մտավորական, 1980-ական քվականներին անվարան կանգնած էր իր ժողովրդի կողքին՝ դառնալով ժողովրդական պայքարի և դիմադրության վերակենդանացնող և մեր ազգային և մշակութային ինքնության պահպանման համար վերսկսված պայքարի գաղափարախոսներից ու առաջնորդներից մեկը»:
Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Վարդան Հակոբյանը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ Նա 1988թ-ին սկիզբ առած Արցախյան շարժման ակտիվ գործիչներից էր, Արցախը Հայաստանին միացնելու համար գրված նամակի նախաձեռնողներից և շարադրողներից, այդ նամակը Մոսկվա հասցնող պատվիրակության ղեկավար; Վարդան Հակոբյանն է ղեկավարել 88 փետրվարի 20-ին կայացած Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի պատմական նստաշրջանի աշխատանքները։ «Վարդան Հակոբյանի և մեր մտավորականության ջանքերի շնորհիվ է նաև, որ դարձանք հոգևոր և գաղափարական միասնությամբ համախմբված մեկ ամբողջություն»,-ասում է նախարարը։
«Վարդան Հակոբյանը մեր ժողովրդի հետ միասին անցավ մեծ դարձդարձումների վրայով: Մեր անկախ պետականության ոգեշնչումի և խանդավառության ապրումներով ստեղծեց Արցախի պետական օրհներգը: Այստեղ մեծ մտավորականը խոսեց հայ ժողովրդի ազատության և ազգային ինքնության, մեր սրբացած հայրենիքի հավերժության և հայրենասիրության մասին»:
«ձայն օրհներգ»
Այո՛, Վարդան Հակոբյանի գրչին է պատկանում Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկի՝ պետական օրհներգի խոսքը՝ «Ազատ ու անկախ Արցախը», Արմեն Նասիբյանի երաժշտությամբ։
«ձայն օրհներգ»
«Ժամանակը մեկ դանդաղում, մեկ արագանում է, մեկը թողնում է աշխարհը, մեկն անհամբեր ծեփում է այդ նույն աշխարհի անտեսանելի դռները, մեկը ոչինչ չի հասկանում աշխարհի բանից, մեկն էլ մոլորվում է տեսածի, լսածի, ունեցած-չունեցածի լաբիրինթոսում․․․»,-գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը գրչընկերոջը մեծարում և արժանին է մատուցում նրա իսկ բառերով։ Բանաստեղծությունը ապաշխարանք է, շնորհված չարչարանք, ճանապարհ՝ եզակիների համար, թեպետ այդ ճանապարհը հաճախ մեզ ոչ մի տեղ չի տանում՝ ասում է Նորեկ Գասպարյանն ու հիշում իրենց առաջին հանդիպումը։
«47 տարի առաջ, երբ առաջին անգամ մտա «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրություն, ես ընդամենը 16 տարեկան էի, Վարդան Հակոբյանը՝ 28: Ինքն արդեն հայտնի, ճանաչված, ես նոր-նոր բանաստեղծության հետ մտերմացած, ինքը՝ վստահ ու պինդ, ես՝ երերուն ու համարյա անտեսիլ. ոգևորող հանդիպում էր, և ես այսօր 63 տարեկան եմ, Վարդան Հակոբյանը՝ 75: Մեր այդ հանդիպումից բազում տարիներ հետո, երբ թվում է՝ արդեն մոլորվել էինք մեր խախուտ ներկայի և մեզանից անընդհատ հեռացող ապագայի միջև, երբեմն բանաստեղծությունից հեռանալու փորձեր էլ էինք անում, խռովում երեխայի նման: Նույնիսկ մեր մտերիմները փորձում էին համոզել, որ անիմաստ է մեր չարչարանքն ու որոնումը, որ մեզ սպասող մեկը չկա: Դիմացանք, և համոզվելով համոզեցինք, որ առանց մեզ աշխարհը կձանձրանար, որ մեր մի այս բուռ, միակ երկրում էլ կա գիր, որ այստեղ արարվող բանը դուրս չէ Հայաստան աշխարհի բանաստեղծական կտավից»:
Վարդան Հակոբյանի հետ առաջին հանդիպումը երանությամբ է հիշում նաև Սոկրատ Խանյանը՝ Վարդան Հակոբյանի դասախոսը։
«Լավ հիշում եմ՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտում մտա լսարան, նստած էին նոր ընդունված 25 ուսանողներ, սովորությանս համաձայն հարցրի, թե ովքեր են ստեղծագործում, կա՞ն գրողներ: Վարդան Հակոբյանը համեստորեն ձեռքր բարձրացրեց: Ասացի՝ համեցեք, ամբիոնը Ձեզ եմ տրամադրում: Առաջին կուրսի ուսանող Վարդան Հակոբյանը կարդաց մի քանի բանաստեղծություն: Հենց առաջին բանաստեղծության մեջ նա մի տող հնչեցրեց. «Տերևը մնացել է մեր լեռներից իջնող առվակի բկին»: Միայն այդ տողը մի բանաստեղծություն էր»:
Սոկրատ Խանյանը հիշում է նաև մեկ այլ դեպք՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած սովետական բանաստեղծների հանդիպումից․ մի հայուհի բարձրացավ բեմ, գերմաներեն խոսեց, հետո իրար հետևից արտասանեց Վարդան Հակոբյանի 2-3 բանաստեղծություն․ Դա ցնծություն և ուրախություն էր, ասում է Խանյանը։
«Ձայն. Արցախի մասին բանաստեղծություն»
«Մայակովսկին կամ Ուիթմենը որտեղից իմանան, թե ինչ երանություն է չճանաչված երկրի քաղաքացի, առավել ևս բանաստեղծ լինելը»։ Այսքա՜ն մեծ սիրով ու ակնածանքով է Վարդան Հակոբյանը գրել Արցախի մասին։ Իսկ այսօր նա ձուլված է այս սուրբ հողին։ Վարդան Հակոբյանի 75 ամյակը ևս մեկ առիթ էր հիշելու և մեծարելու գրողին, բանաստեղծին, մարդուն և նրա թողած գրական ժառանգությունը։

Last modified on Ուրբաթ, 26 Մայիսի 2023 15:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ