Ապրիլի 18, 2024

Ավարտական համերգ՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 03, 2023

Դուդուկ, շվի, սաքսաֆոն, քամանչա, կիթառ, սազ, քանոն․ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի լուսավոր շենքի լայն աստիճաններով դեպի երրորդ հարկի դահլիճը տանող ուղին երաժշտական գործիքներով է զարդարված, պատերին էլ խմբային նկարներ կան՝ ժպտացող հայացքներով: Այդ հայացքները դպրոցի նախկին շրջանավարտներներինն են: Երաժշտական դպրոցի պատերը երեկ համալրվեցին նոր լուսանկարներով. կրթօջախին հրաժեշտ տվեց ևս 61 աշակերտ։

Դահլիճը զարդարված է․ գույնզգույն փուչիկներն առաջին հայացքից կարծես չեն սազում դասական, սև-սպիտակ, բեմին ամենաշատ տեղը զբաղեցնող ռոյալներին։ Բայց պատկերը փոխվում է, երբ բեմ են դուրս գալիս աշակերտները, ավելի հստականում, երբ նրանք սկսում նվագել ու երգել։ Հաշվետու համերգի մեկնարկը տալիս և այդ նույն ռոյալների վրա ջանասիրաբար նվագում են Ինեսսան և Վլադիմիրը։ Նրանք մասնակցել են Երևանում կայացած «Artmusic» միջազգային մրցույթին և դարձել 2-րդ կարգի դափնեկիր․


Շուրջ 85 տարվա պատմություն, մի քանի սերունդ, կայացման ու գործունեության բարդ ճանապարհ, անդուլ աշխատանք․ Մեծ վարդապետի անունը կրող կրթարանում սերունդներ են դաստիարակվել և երաժիշտ դարձել։ 12-ամյա Առլենա Մինասյանը դաշնակահարի մասնագիտություն է ստացել։ Պատրաստվում է կրթությունը շարունակել այդ ուղղությամբ: Ավարտական օրվա զգացողությունները հակասական են։

«Ուրախ, բայց միևնույն ժամանակ տխուր եմ, որովհետև հրաժեշտ եմ տալու այսքան շատ ընկերներիս, որոնց հետ սկսել եմ շփվել հենց առաջին դասարանից։ Կկարոտեմ բոլորին»։

Երաժշտական դպրոցի շրջանավարտ է նաև Իննա Գասպարյանը։ Ավելի քան 30 տարի առաջ է ավարտել Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը։ Սովորել է, այնուհետև սկսել աշխատել։ Նա ակորդեոն գործիքի մասնագետ է, վաստակավոր երաժշտի կոչում ունի, բայց ուսուցչուհու ամենամեծ կոչումը շուրջ երեսուն տարվա աշխատանքը, սերն ու գնահատանքն է։ Մտահոգություն է հայտնում․ տարիների ընթացքում նվազում է իր գործիքով հետաքրքրված երեխաների թիվը։

«Սկզբնական շրջանում՝ 1993 թ., երբ ես եկել էի որպես աշխատող, երեխաները ավելի հետաքրքրված էին, ակորդեոնն այն ժամանակ պահանջված գործիք էր, հիմա արդեն ոչ այդքան։ Այսօր երեխաների զբաղվածության ապահովման բազում հարթակներ կան։ 1990-ական թթ․ միայն երգն էր ու պարը։ Ես դրանով եմ պայմանավորում աշակերտների քչությունը»։

Իննա Ալբերտովնան, ինչպես սաներն են նրան դիմում, այս տարի մեկ աշակերտ է թողարկելու, ափոսոսանքով է նշում, որ իր աշակերտը չի շարունակելու կրթությունն այդ մասնագիտությամբ։ Երաժշտական դպրոցի փոխտնօրեն Գայանե Գրիգորյանի խոսքով՝ բոլոր ժամանակներում էլ երեխաները հաճույքով են հաճախել դպրոց, չնայած այն հանգամանքին, որ ամեն տարի ավելի է դժվարանում կրթական գործընթացի կազմակերպումը՝ կապված վերջին տարիներին Արցախում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Շրջափակման հարուցած խնդիրների պատճառով դպրոցը մոտ մեկ ու կես ամիս չի գործել, բայց ինչպես Գայանե Գրիգորյանն է ասում, հասցրել են պատրաստվել հաշվետու համերգին։

«Ձմռանը մենք ամիս ու կես չենք աշխատել, որը չէր կարող չանդրադառնալ մեր աշխատանքի վրա։ Չնայած այդ ամենին մենք բոլորով հավաքվեցինք, որոշեցինք, որ մեր գարնանային արձակուրդները պետք է օգտագործենք և սովորականի պես պատրաստվենք հաշվետու համերգին»։

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի բեմից հնչեց 23 հրաշալի համար․ համերգը կայացավ, իսկ հանդիսատեսն անգամ չնկատեց, որ այն սովորականից կարճ ժամանակում և առավել սուղ պայմաններում է կազմակերպվել։ Աշակերտների ու կազմակերպիչների լավագույն գնահատանքն էլ հանդիսատեսի չդադարող ծափահարություններն էին։

Last modified on Շաբաթ, 03 Հունիսի 2023 14:36
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ