Հոկտեմբերի 06, 2022

Կրակ՝ Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ

By «Արցախ» լրատվական Սեպտեմբերի 12, 2022
Այսօր՝ առավոտյան ժամը 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ «Արցախ» լրատվականին hայտնում է   մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:  
 
«Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։ 
Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։
Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։
ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են»։
 
ՄԻՊ համոզմամբ՝ այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ