Հոկտեմբերի 06, 2022

Արցախում արտամարմնային բեղմնավորմամբ եռյակ է ծնվել

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 12, 2022

Արտամարմնային բեղմնավորման ծրագրի շրջանակներում Արցախում եռյակ է ծնվել։ Ուրախալի լուրը մեզ հետ հարցազրույցից րոպեներ առաջ ստացել է ԱՆ մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը՝ հենց բժշկուհի-ռեպրոդուկտոլոգ Անաիդա Մաղաքելյանից։ Եռյակի մասին, իհարկե, կպատմենք ձեզ, բայց մի փոքր ուշ։ Իսկ այսօրվա մեր հերոսուհին արդեն մեկ ամսեկան Աստղիկն է։ 

Աստղիկի ծնողներն իրեն  սպասել են ուղիղ  8 տարի։ Փոքրիկի մայրը՝ Սաթենիկը 2013-ին է Շուշիից Աշան հարս եկել։ Ամուսինը արդեն երեխա ուներ՝ 9-ամյա Սուսաննան։   Սաթենիկը հարազատ աղջկա պես  սիրել ու դաստիարակել է Սուսաննային։ Բայց և երազում էր բուժվել անպտղությունից։ 8 տարի  հետո նա  իմացել է «Արցախ» ծրագրի մասին։ Ամուսնու հետ քննարկելուց հետո որոշել են դիմել ծրագրին։ 

«Ծրագրի մեջ ինձ ընդգրկել է բժիշկ Անաիդա Մաղաքելյանը։ Ամուսնուս հետ պետք է մի շարք հետազոտություններ կատարեինք։ Ամուսնուս հետո խորհրդակցելուց հետո որոշեցինք, որ պետք է մասնակցենք ծրագրին, որովհետև երեխա ունենալը մեզ համար շատ կարևոր էր»։ 

Պատերազմի պատճառով հետազոտությունները կիսատ մնացին։ Որոշ ժամանակ անց զույգը շարունակեց հետազոտությունները։ Եվ արդեն 2021- ի դեկտեմբերի 13-ին Սաթենիկը իմացավ երկար սպասված հղիության մասին։ Ասում է՝ այդ զգացողությունները նկարագրել հնարավոր չէ։ 

«Միայն կասեմ, որ հավատքն է օգնել, որ մինչև վերջ պայքարեմ՝ երազանքիս հասնելու համար։ Իհարկե, լավ մարդկանց ու լավ բժիշկների օգնությամբ»։ 

Աստղիկը ծնվել է օգոստոսի 8-ին՝ 47 սմ հասակով, 2.830 գրամ քաշով։ Իսկ ինչու՞ հենց Աստղիկ։ Սաթենիկի խոսքով՝ երկար տարիների սպասումից ու, ինչպես ինքն է ասում, մութ օրերից հետո, Աստղիկը լուսավորեց իրենց տունն ու մեծ երջանկություն բերեց ընտանիքին։ Գրիգորյանների ընտանիքում կյանքը կտրուկ փոխվել է։ Բոլորի ուշադրության կենտրոնում Աստղիկն է։ Նրա ամեն մի ձայնը, շարժումը ոչ մեկի աչքից չի վրիպում։ 

«Դեմքով նմանեցնում են և՛ ինձ, և՛ հայրիկին։ Խառնվածքով նույնպես երկուսիս էլ նման է։ Չնայած դեռ շատ փոքր է, բայց արդեն բնավորության որոշ գծեր նմանեցնում ենք մեզ։ Ընտանքիում, բնականաբար, օրը լիովին հագեցած է իրենով»։ 

2021-ից առայսօր ծրագրի շրջանականերում 18 երեխա է ծնվել։ 32 կին գնտվում է հղիության տարբեր փուլերում, նրանցից 4-ը երկվորյակի են սպասում։ Անգելինա Իսախանյանը ներկայացնում է ծրագրից օգտվելու կարգը։ «Ծրագրից օգտվելու համար շահառուն պետք է դիմի ԱՀ Առողջապահության նախարարության «Մոր և մանկան առղջության պահպանման» կենտրոն, որտեղ նախարար Միքայել Հայրիյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ բաղկացած տեղի հմուտ բժիշկներից։ Բժիշկների կողմից իրականացվում են հետազոտություններ և օպերատիվ բուժումներ։ Այնուհետև Առողջապահության նախարարության կողմից  պետական պատվերի շրջանակներում  զույգն ուղարկվում է արտամարմնային բեղմնավորման։ Արտամարմնային բեղմնավորումն իրականացնում են ՀՀ «Վիտրոմեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի կենտրոն» պտղաբերության և բժշկական կենտրոնները՝ հաշվի առնելով նրանց փորձն ու գործունեությունը»։ Ամեն մի երեխայի ծնունդը նոր հույս է թե՛ ընտանիքի և թե՛ ծրագրում ընդգրկված մեծ թիմի համար՝ ասում է Անգելինա Իսախանյանն ու ավելցնում․ բառերով նկարագրել այն ահռելի մեծ աշխատանքը, որ իրականացվում է ծարգրի շրջանակներում, հնարավոր չէ։ Այս պահին արտամարմնայիկն բեղմնավորման «Արցախ» ծրագրում ընդգրկված են ավելի քան 200 զույգ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ