Ապրիլի 18, 2024

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը

By Վիկտորյա Սարգսյան Դեկտեմբերի 26, 2022
Սուրբ Ստեփանոսը բոլոր մարտիրոսներից անդրանիկն է, Քրիստոսի համար նահատակված առաջին նախասարկավագը, որն իր արյունը թափեց Քրիստոսի սիրո համար:  Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը Արցախում նշվեց նրա անունը կրող եկեղեցիներից երկուսում՝ Խաչենում և Խաչմաչում։ 
 
Այն սպասավորությունը, որն այսօր իրականացնում են եկեղեցու սարկավագները, նվիրական առաքելություն է՝ ասում է թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Խաչենի Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Սուրբ Ստեփանոսը նրանց համար խոնարհության, նվիրվածության օրինակ է։ Այս առումով ուխտագնացությունը Խաչենի Սուրբ Ստեփանոս եկեղեցի իր մեջ կարևոր խորհուրդ է պարունակում։ 
 
«Այն իմաստով, որ քրիստոնյան նախ պետք է խոնարհ ու հեզ լինի։ Բայց ոչ այն հեզությունը, որ մեզ մոտ արմատավորված է․ որ քրիստոնյաները չեն կարողանում պայքարել, իրավունք չունեն իրենց հայրենիքը, տունը, սրբությունները պահել ու պահպանել։ Սա ուրիշ խոնարհություն ու հեզություն է՝ Աստծո Սուրբ սեղանի սպասավորը լինելու։ Եվ կարծում եմ, որ մենք օրինակ ունենք վերցնելու Սուրբ Ստեփանոս Նախավկայի կերպարից, որը ուսուցանող է եղել դարեր շարունակ»։ 
 
Օրվա խորհուրդը ներկայացրել է պատարագիչ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը։ 
 
«Ամբողջ քրիստոնեական եկեղեցիների մեջ այս տոնն առանձնանում է որպես տոնի կրողի՝ Սուրբ Ստեփանոսի առաջինը լինելով։ Այս օրինակով էլ Հայ Առաքելական եկեղեցին այն հաստատել է որպես սարկավագների տոն։ Ինչպես որ ասում են բանակում՝ պատերազմը մղում են կրտսեր հրամանատարական կազմը և գեներալները, հոգևոր պատերազմի մեջ էլ առանցքային դեր ունեն սարկավագները։ Զուտ միայն այն պատճառով, որ չկա այնպիսի քահանա, որ սարկավագ չլիներ»։ 
 
Քարկոծվելով հրեաների կողմից՝ Սուրբ Ստեփանոսը տեսավ Աստծո արքայությունը. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը»։ Սա նաև նշանակում է, որ նա Աստծո արքայության առաջին վկան դարձավ՝ ասում է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 
 
«Ուստի նշանակում է, որ քրիստոնեությունը հավիտենական կրոն է։ Եվ մենք էլ որպես ազգ, որ կրում ենք այդ շնորհը և Քրիստոսի դրոշմ ենք կրում մեր մեջ, դառնում ենք հավիտենական քայլող ազգ։ Ուստի թող Աստված օրհնի, և մենք մեր բարեխոսությունը խնդրենք Սուրբ Ստեփանոսից մեր ազգի, Արցախ աշխարհի և նրա զորացման ու ապագայի տեսլականով, Ամեն»։ 
 
Պատարագի վերջում կատարվեց Հոգեհանգստյան կարգ։ 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ