Ապրիլի 19, 2024

«Անպատժելիության հետևանքները». Բաքվի ցեղասպանությունից 33 տարի անց

By Վիկտորյա Սարգսյան Հունվարի 14, 2023

Ուղիղ 33 տարի առաջ այս օրերին կազմակերպվեց Բաքվում ապրող հայերի ցեղասպանությունը: Կացիններով, դանակներով ու զենքերով զինված ադրբեջանցիները վերցրեցին նախապես պատրաստված քարտեզներ, որտեղ նշված էին հայերի տները, ու գնացին սպանելու համաքաղաքացի հայերին: Սկզբնական շրջանում նշվում էր 90 զոհի մասին: Այնուհետև պաշտոնական շրջանառության մեջ դրվեց 300 թիվը: Կովկասագիտության կենտրոնի թիմը երևանյան գործընկերների հետ ուսումնասիրություններ է կատարել և Սումգայիթի ու Բաքվի զոհերի քանակի հաշվարկ է արել՝ հիմնվելով  մի շարք չափանիշների վրա: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ զոհերի թիվը եղել է առնվազն 3000: Սա պետական մակարդակով կազմակերպված հանցագործություն էր, ինչը ապացուցվում է մի շարք հանգամանքներով: Ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն է ներկայացնում: 

«Բաքվի ցեղասպանությունից առաջ բոլոր կազմակերպիչների ձեռքի տակ եղել են այնպիսի տվյալներ, որոնք առկա են միայն պետական մարմինների մոտ: Կազմակերպիչների ձեռքի տակ են հայտնվել հայերով բնակեցված հասցեների տվյալները: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ Բաքվում՝ ցեղասպանությունից առաջ բոլոր կապի միջոցներն անջատված էին: Սրանք կարևոր հանգամանքներ են, որոնք խոսում են ջարդերի կազմակերպված լինելու մասին»:  

 Ինչպես նաև հայերի բնակարանների վրա ռուսերենով գրված էր «Այստեղ ապրում են հայեր», որպեսզի հանցագործները ավելի հեշտ գտնեն հայերի բնակարանները: Ասուլիսի խորագիր է ընտրվել «Անպատժելիության հետևանքները», քանի որ Բաքվի ցեղասպանությունը Սումգայիթի և մինչ այդ տեղի ունեցած հանցագործությունների անպատժելիության հետևանքն էր: Դրա հետևանքն է նաև  արդեն 34 օր շարունակվող    Արցախի 120 հազար բնակչության շրջափակումը:

 «Այս շրջափակումը մի շարք այլ հետևանքներ էլ է բերել. ցավոք սրտի այս ժամանակահատվածում մենք ունեցանք նաև զոհ. ինչու՞ եմ ասում զոհ, որովհետև մեր հայրենակիցը դարձել է Ադրբեջանի հանցավոր քաղաքականության զոհը: Ճանապարհը փակ լինելու պատճառով բուժառուն չի կարողացել իրացնել իր կարևոր իրավունքներից մեկը՝ որակյալ բժշկություն ստանալու իրավունքը: Այս ամենի հետևանքով խախտվել են մեր մի շարք իրավունքներ. անվտանգ տեղաշարժի իրավունքից սկսած մինչև  անվտանգ ապրելու իրավունքը: Ամենակարևոր մեսիջը, որը մենք պետք ուղղենք տարբեր երկրներին ու կազմակերպություններին պետք է լինի այն, որ այս ամենը հետևանք է նաև Ձեր հանցավոր անգործության»:   

Մինչ մենք հերթով արձանագրում ենք Ադրբեջանի հանցագործությունները, այդ երկիրը առիթը չի կորցնում միջազգային ատյաններում մեղադրելու Հայաստանին: ՄԱԿ-ի միջազգային դատարանը հունվարի 31-ին կանցկացնի ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ դիմումի վերաբերյալ հանրային լսումներ: Սա մեր անգործության հետևանքն է, ինչը հղի է նաև որոշ վտանգներով՝ ասում է Հովիկ Ավանեսովը:  

«Ադրբեջանը սրանով փորձելու է դատական նախադեպ ստեղծել և հաջողելու դեպքում տարբեր, այսպես կոչված ցեղասպանությունների առումներով ոչ միայն մեր դեմ, այլ նաև Իրանի ու Վրաստանի դեմ օգտագործել: Հակազդելու հիմնական մեխանիզմը մեր կողմից պետք է լինի հստակ հայցը հակընդդեմ հայցը Ադրբեջանի դեմ: Այդ ուղղությամբ պետք է ամենօրյա աշխատանք տարվի»: 

Տասնյակ տարիներ անց էլ չկան պատժվածներ, չկան հարուցված գործեր ու չկա հատուցում: Միջազգային հանրությունը առ այսօր ոչ մի հասցեական գնահատական չի տվել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը: Իսկ թշնամու քաղաքականության ու նպատակների մեջ ոչինչ  չի փոխվել: Արցախը 34 օր է ամբողջական շրջափակման մեջ է:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ