Մարտի 28, 2024

«Կյանքի ճանապարհ»․ նոր գիրք ընթերցողի սեղանին

By Վիկտորյա Սարգսյան Մարտի 08, 2023
«Կյանքի ճանապարհ»․ նոր գիրք ընթերցողի սեղանին Artsakhpress.am

Բանաստեղծուհի Ծովինար Բաղդասարյանի համար օրը մի քանի խորհուրդ ունի։ Նա  տոնում է ծննդյան 75-ամյակը, նոր գրքի շնորհանդեսն ու կանանց միջազգային օրը։ Կյանքի ճանապարհը փակ է, բայց Արցախն ապրում է։ Այստեղ նույնպես նշում են տոներ, ծնվում երեխաներ ու գրվում նոր գրքեր։ «Կյանքի ճանապարհ» գիրքը պատմում է շրջափակման օրերի, դժվարությունները միասնաբար հաղթահարելու մասին։ Գրքում նաև մեծ հավատ կա ապագայի հանդեպ՝ ասում է գրքի հեղինակը։

«Ես շնորհակալ եմ երջանկահիշատակ Վարդան Հակոբյանին, ով կարդալով այս գիրքն ասաց՝ Ծովինար ջան, սա «Կյանքի ճանապարհ»-ն է։ Նա նաև գրքի կազմի տեսքը հուշեց՝ Լաչինի միջանցքը, որը մինչ այսօր փակ է։ Այս օրերին այնքան դժվարություններ տեսանք, բայց դա մեզ ավելի միասնական է դարձնում։ Ես չեմ կորցնում հավատս։ Տխրում եմ, լացում եմ, ծիծաղում եմ, գրում եմ, բայց հավատը միշտ ապրում է իմ սրտում»։

Ծովինար Բաղդասարյանի առաջին ստեղծագործությունները գրվել են 1988 թվականին, երբ սկսվեց արցախյան շարժումը։ Առայսօր բանաստեղծուհին 10 գիրք է հեղինակել։ Իմ ստեղծագործական կյանքը և Արցախյան շարժումը հասակակիցներ են՝ ասում է։

«Գրքում իմ զգացմունքներն են։ Հոգիդ չի կարող չցավալ, եթե դու ապրում ես այս աշխարհում, որտեղ մոլորակը մասերի են բաժանում, որտեղ սերն ու երջանկությունը երես են թեքել մարդուց։ Ահա այդպես ծնվեց գիրքը, և ես կարծում եմ, որ կարդացողի հոգում մի փոքր հույս կարթնանա»։

Բանաստեղծուհին ցավից սկսեց ստեղծագործել՝ ասում է գրող Ալիսա Բաղդասարյանը։ Բայց դա չի նշանակում, որ Ծովինար Բաղդասարյանը միայն ցավի մասին է պատմում։

«Նրա ձայնը նաև ուրախության, սպասելիքների, մայրական սիրո, ջերմության և այն ամենի հետ է կապված, ինչը հարիր է մարդուն։ Այս գիրքը շրջափակման մասին է։ Այդ օրերին արցախցու հոգեվիճակի, մտորումների, ցավի ու տառապանքի, նաև այն սպասելքների, ոգու և ուժի մասին, որ կա արցախցու մեջ»։

«Կյանքի ճանապարհ» գրքի շնորհանդեսին եկել էին բանաստեղծուհու գրչընկերները, հարազատներն ու ընկերները։ Միջոցառմանը շնորհավորանքներից բացի, հնչեցին նաև հատվածներ բանաստեղծուհու ստեղծագործություններից։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ