Ապրիլի 14, 2024

Մայիսյան եռատոնին ընդառաջ Արցախի մայր բուհում արիության դաս է կազմակերպվել

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 08, 2023

1992 թ. մայիսի 9-ը դարձավ հայոց համազգային վերազարթոնքի հաղթական փուլը: Երկարատև ու համառ ազգային-ազատագրական պայքարի, համայն հայության միասնության և հայ ազատամարտիկի անպարտելի ոգու շնորհիվ վերածնունդ ապրեց ազգը: Իսկ այսօր մայիսի 9-ը արժևորելը և մայիսյան եռատոնից սովորելը հրամայական է: Շուրջ 31 տարի անց երկու հայկական հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները նույնն են, տարբեր են դրանք հաղթահարելու մոտեցումներն ու ուղիները: Պատերազմի և փխրուն խաղաղության պայմաններում գտնվող Արցախի համար երկրի պաշտպանունակության բարձրացման հիմնական բաղադրիչներից մեկն էլ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունն է` Արիության դասին ընդգծել է Պաշտպանության փոխնախարար Սերգեյ Առստամյանը: 

«Ավարայրից Սարդարապատ, Մեծ հայրենականից մինչև Շուշի, հայ ժողովրդի ունեցած ձեռքբերումներն ու հաղթանակները վկայում են, որ դրանք արդյունք էին ոչ միայն արիության ու ինքնազոհության, այլ նաև սերունդների ներդաշնակ միաբանության, պայքարի ոգու: Թերևս սա է մայիսյան հաղթանակների` ներկա ու ապագա սերունդներին ուղղված հավերժական խորհուրդը, որն ապահովել և կապահովի հայ ժողովրդի հազարամյակների երթը»:

 Հարափոփոխ ներկայում դժվար է մեր ոչ վաղ անցյալի այդ փայլուն հաղթանակների մասին խոսելը: Այս դժվարին ժամանակաշրջանում ազգային խնդիրներն առավել քան խորն են, իսկ դրանց լուծումները հրատապ և հրամայական: -Ո՞րն է երքը. ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը հարցնում և ինքն էլ պատասխանում է:

 «Կարծում եմ մեր բոլորիս պատասխանը միանշանակ է ու վճռական` համազգային միասնություն և պայքար: Պայքար հանուն լինելիության, հանուն ազգային արժանապատվության, հանուն հայ ժողովրդի ներկա և ապագա սերունդների, հանուն իր իսկ պատմական հայրենիքում հավերժ ապրելու և արարելու»: 

Ճշմարտությունը մեկն է. ազատությունը, անկախությունը և պետականությունը ոչ մի ժողովուրդ որպես պարգև չի ստանում, բոլոր ժամանակներում այն ձեռք է բերվել միայն ու միայն ազգային միասնությաբ և նպատակային ու համառ պայքարով` շեշտում է Նորայր Մկրտչյանը: Նախարարի խոսքերի ապացույցը հենց մայիսի 9-ն է: Այն գործնականորեն ապացուցեց, որ հայ ազգն ի զորու է հանուն իր հավերժության ու արժանապատվության բռունցքվել և պաշտպանել հայրենիքը: Իսկ այդ բանալին այսօր մատաղ սերնդի ձեռքում է: 

«Մեր ազգի ճակատագիրը և ապագան տեսանելի է միայն մտածող, ազգային գաղափարով առաջնորդվող երիտասարդության շնրոհիվ: Որպես հնագույն քաղաքակրթության կրող և աստվածաշնչային հայրենիք ունեցող ազգ՝ միայն ազգային գաղափարախոսությամբ և կրթությամբ կարող ենք ներկա օրերում դիմակայել առկա մարտահրավերներին և արժանապատվորեն քայլել ժամանակակից զարգացումներում: Ժամանակն է ձևը ստորադասել բովանդակությանը, նյութականը` հոգևորին, անձնականը` ազգայինին»: 

Արցախի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին մենք կարող ենք դիմակայել միայն ջանքերի առավելագույն ներդրման դեպքում: Բանախոսությունից հետո համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը բոլոր ուսանողների կոչ է արել միանալ մայիսի 9-ին նախատեսված հանրահավաքին, որովհետև յուրաքանչյուրիցս և հատկապես երիտասարդ սերնդից է կախված մեր վաղվա օրը: Յուրաքանչյուրս պետք է պատասխանատու կերպով մեր լուման ներդնենք հայրենիքի փրկության գործում և այդպիսով ծնունդ տանք նոր մայիսի ինների:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ