Ապրիլի 20, 2024

Ուսանողական գիտաժողով նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին

By Սրբուհի Վանյան Մայիսի 11, 2023
Շուրջ 110 մասնակից, Արցախի, Հայաստանի հանրապետությունների 17 ԲՈՒՀ-երից, Ռուսաստանի Դաշնությունից, Հունգարիայից։ Արցախի շրջափակմամբ պայմանավորված՝ միջոցառումն անցկացվում է առցանց։ Ուսանողական Գիտական ընկերության նախագահ Աշխեն Ասրիյանը գիտաժողովի նպատակների մասին է խոսում։ 
 
«Միավորել ուսանողների գիտական ներուժը՝այն ծառայեցնելով մեկ նպատակի։ Այս տարի գիտաժողովում ավելի շատ մասնակից է ընդգրկված։» 
 
Հատկապես այս բարդ պատմական ժամանակաշրջանում կարևոր է աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախի վրա, ասում է Աշխենը։ Նա համոզված է՝ փրկությունը և համազգային զարթոնքը էլի Արցախից է լինելու։ Իսկ ուսանողությունն ունի ամենամեծ ներուժը և այն պետք է օգտագործել՝ ասում է։ Այց-խոնարհումը ԱրՊՀ զոհված ուսանողների հուշակոթողին արդեն ավանդական է և ԱրՊՀ բոլոր կարևոր միջոցառումների մաս է կազմում։ Գիտաժողովի հանդիսավոր բացումը ռեկտոր Արմեն Սարգսյանի ելույթով կայացավ։ Խոսելով նման միջոցառումների, ոչ միայն գիտակրթական նշանակության, այլև հենց ուսանողների հետագա կյանքի վրա հնարավոր ներգործության մասին՝ Արմեն Սարգսյանը դրվագ է մեջբերել հայտնի լեզվաբան Հրաչյա Աճառյանի կենսագրությունից, երբ նման մի գիտաժողովի ժամանակ նրան նկատում է աշխարհահռչակ հնդեվրոպաբան Հայնրիխ Հյուբշմանը։ 
 
«Աճառյանն այդ գիտաժողովում 2 զեկույցով է հանդես եկել և գրավել Հայնրիխ Հյուբշմանի ուշադրությունը։ Նա Աճառյանին հրավիրել է Ստրասբուրգ՝ 6 ամիս անվճար լսելու իր դասախոսությունները։Այդ կապը հետագայում շարունակվեց և Աճառյանի կյանքում բախտորոշ եղավ։»
 
 Ուսանողական ինքավարությւոնը Արմեն Սարգսյանն ԱրՊՀ կարևոր ձեռքբերումներից է համարում, ինչը չի սահմանփակվում միայն ուսանողների ընդգրկվածությամբ տարբեր համալսարանական կառույցներում։ Ուսանողները շատ ակտիվ են, և այդ ակտիվությունը դրսևորում են տարբեր հանրային-պետական նախաձեռնություններում։ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ողջունեց Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովի անցկացումը, հատկապես այս օրերին, Արցախի համար ոչ դյուրին ժամանակաշրջանում։ 
 
«Գիտաժողովը վկայությւոնն է այն իրողության, որ ոչ միայն մեր գիտական միտքը կենսունակ է, այլև ուսանողները, որ առաջին քայլերն են կատարում գիտական ասպարեզում, ձգտում են ժամանակին համահունչ գնահատականներ տալ մեր երկրի համար կարևորություն ներկայացնող հարցերում, և այս գիտաժողովը մեծ նշանակություն ունի»։
 
Իսկ դրանց տիրույթը, ելնելով գիտաժողովի օրակարգից, բազմազան է։ Պատմություն, բանասիրություն, իրավագիտություն, բնական գիտություններ, տնտեսագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ Գիտաժողովը դիրքորոշումների ներկայացման, կարծիքների փոխանակման, առաջավոր փորձի ուսումնասիրման հարթակ է ուսանողների համար։ Ուսանողական միության նախագահ, իրավագիտություն բաժնի ուսանող Արա Սարգսյաննն անդրադարձել է էթնիկ զտումների թեմային՝ հիմնավորելով Ադրբեջանի գործողությունները որպես էթնիկ զտումների քաղաքականության բաղադրիչ և նպատակ։ Նա ներկայացրել է իր՝ Էթնիկ զտումները որպես վայրագ հանցագործությունը։ Ադրբեջանի կողմից Արցախը ՀՀ և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակումը որպես Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտումների քաղաքականություն վերտառությամբ գիտական հոդվածը, որ պատրաստել է դոցենտ, իրավաբանական գիտությւոնների թեկնածու Տաթևիկ Գևորգյանի ղեկավարությամբ։ 
 
«Այս հարցը Արցախի շրջափակմամբ է պայմանվորված, անհրաժեշտություն կար որևէ որակում տալ այս ամենին, որպես հանցագործություն ներկայացնելով։ Էթնիկ զտումները լայն հասկացություն են, միանգամից մտնում են միջազգայնորեն ճանաչված դաժան կամ վայրագ հանցագործությունների շարքին, չնայած որևէ իրավակարգավորում չունի։» 
 
Աշխեն Ասրիյանը հանդես է եկել «Ցեղասպանությունը որպես հայկական հարցի լուծման թուրքական տարբերակ», զեկույցով, Մանե Հովհաննիսյանը Արցախում հարկային համակարգի դերին է անդրադարձել՝ արդի տնտեսական իրավիճակում։ Գիտաժողովն իր աշխատանքը շարունակել է ամբողջ օրը՝ մասնախմբային նիստերի ձևով։ Դրանք կայացել են 7 խմբով։ Օրվա վերջին մասնախմբային նիստերի աշխատանքերն ամփոփվել և տրամադրվել են հավաստագրեր։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ