Ապրիլի 19, 2024

Արցախում ստեղծվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը

By Դավիթ Եղիազայան Մայիսի 18, 2023
Այսօր Ստեփանակերտում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ստեղծման մասին: Շարժման նախաձեռնող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է կառույցի ընդհանուր նպատակները և տեսլականը: 
 
«Այստեղ նստած են մարդիկ, ովքեր նույնպես մեզ հետ միասին վերջին երկու ամսվա ընթացքում շատ ժամանակ են տրամադրել քննարկումներ և բանավեճեր անցկացնելուն, և ամենակարևորը` մենք փորձել ենք իրար հետ միասին հասկանալ` ինչպես մենք կարող ենք հասնել այն բանին, որ Արցախի ապագան մեր ձեռքերում լինի, այլ ոչ` ուրիշների: Մենք ենք որոշում Արցախի ապագան: Եւ այդ գաղափարի շուրջ միավորվել են մարդիկ` շատ տարբեր ճանապարհ անցած, տարբեր փորձով, տարբեր տարիքի, և ես ուրախ եմ ասել, որ սա շատ կարևոր օրինակ է, որ Արցախում հնարավոր է, որ մարդիկ միավորվեն գաղափարի, այլ ոչ` անձի շուրջ: Ես ուրախ եմ, որ մարդիկ տրամադրվել են և հասկացել են այսօրվա շատ սուր իրավիճակը»։
 
 Շարժումը միավորում է հասարակական և քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչների, տարբեր ոլորտների մասնագետների: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նպատակն է ազատ, անվտանգ, երջանիկ և հայկական Արցախ ունենալու գաղափարի շուրջ կամավոր հիմունքներով միավորել քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների: Շարժման նպատակներն ամբողջացվել են 77 կետով, որոնք վերաբերում են պաշտպանական, տնտեսական, կրթական , տեղեկատվական և այլ ոլորտների հայեցակարգերի: Ասուլիսի ընթացքում հիմնական ուղերձն այն էր, որ անկախ քաղաքական, գաղափարական մոտեցումներից, պետք է փորձել աշխատել միասին` այն հարցերի շուրջ, որոնք օրհասական են: 
 
«Ես շատ եմ լսել, թե ինչպես է ձևավորվել 1988-ի շարջումը: Այստեղ նստած են մարդիկ, ովքեր մասնակից են եղել այդ շարժմանը և ուսանող ժամանակ փախչում էին համալսարանից, որ մասնակցեին ցույցերին: Իհարկե, չկար որևէ իշխանություն, որ իրենց աջակցեր, բայց մարդիկ վստահ էին, որ իրենք ճիշտ գործ են անում իրենց Հայրենիքի համար, իրենց ապագայի համար: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այս դժվարությունները, եթե նույն ձևով, նույն ոգով, այդ հավատով, որ մեր ապագան, մեր անկախությունը, մեր անվտանգությունը մենք պետք է առաջին հերթին ինքներս բավարարենք: Դառնալ շատ կարևոր այն ուժը, որն իսկապես կփոխի մեր հանդեպ վերաբերմունքը ոչ միայն ներսում, այլ նաև` դրսում. եւ՛ հայկական աշխարհում, ե՛ւ` հայկական աշխարհից դուրս»: 
 
Շարժման նախաձեռնողները խոստացան ապագայում պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել Արցախի ժողովրդի և իշխանությունների հետ` իրենց հայեցակարգային հարցերի շուրջ համախմբման նպատակով:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ