Ապրիլի 20, 2024

Նոր տարին՝ նոր բնակարանում

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 31, 2021

«Բալիկս էլ է ինձ նման առանց հայր մեծանում»։ 

Մեր զրուցակիցը Լուսինե Մինասյանն է, Շուշիում էին ապրում։ Պատերազմում ամուսնուն է կորցրել։ 

«Շուշիում ապրում էինք մեր սեփական բնակարանում, որը ձեռք էինք բերել 4 տարի առաջ։ Քանի որ արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկի աղջիկ եմ պետության կողմից տրամադրվող անտոկոս վարկով բնակարան էի գնել»։

Պատերազմից հետո Լուսինեն 2 տարեկան որդու հետ վարձով է ապրում։ Մայր ու որդի երեկ Բնակարանային կոմիտեում էին։ Եկել էին մասնակցելու վիճակահանությանը։ Փոքրիկ Արտակն է վերցնում ընտանքի նոր հասցեով թերթիկը։ Այսուհետ իրենք կապրեն Թումանյան փողոցի նորակառույց շենքերից մեկի 8-րդ հարկի 2 սենյականոց բնակարանում ։ 

«Առաջին ստացողներին տեսնելով վստահ ենք, որ բնակարանը լավ պայմաններ կունենա։ Պետությունը հոգ է տանում բոլորի համար և մենք շնորհակալ ենք բոլորին, նախագահից սկսած մինչև բանվոր, որովհետև հանձն են առել մեծ գործ։ Հետպատերազմական շրջանում մեկ տարի հետո ապահովել բնակարաններով՝ ահռելի գործ է»։ 

Թումանյան փողոցի վրա կառուցված 8 հարկանի շենքերից այս փուլում քաղաքացիներին հանձնվել է 40 բնակարան, Նույն փողոցի 9 հարկանի շենքից տրամադրվել է մոտ 70 բնակարան՝ ասում է Բնակարանային կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը։ 

«Երկրորդ փուլը կմեկնարկի հունվարի կեսերին։ Բնակարանների ընդհանուր թիվը կկազմի 294։ Այս փուլում բնակարաններ են տրամադրվել նաև Առաքելյան փողոցում»։

Վիճակահանությունը իրականացվում է բաց ու թափանցիկ պայմաններում, ասում է Արմեն Մանգասարյանը։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է գալ և տեսնել՝ թե ինչ սկզբունքով է իրականացվում այն։ Բնարկարանների տրամադրման հարցի վերաբերյալ կա կառավարության որոշում՝ պարզաբանում է կոմիտեի նախագահը։ 

«Ընտանիքի յուրաքանչյուր անդամի հասնում է 16-ից 22 քառակուսի մետր բնակտարածք։ Նորակառույց շենքերում փոքր քառակուսի մետր ունեցող բնակարանները քիչ են։ Կաթի կոմբինատի հարևանությամբ կառուցված շենքերում կային փոքր տարածք ունեցող բնակարաններ, որոնք արդեն տրամադրվել են 2 հոգանոց և նույն սեռի անդամներ ունեցող ընտանիքներին»։

Բնակարան ստանալու հերթին են սպասում հազարավոր արցախցիներ։ Բնակարանների տմադրման գործըթացը շարունակական է լինելու հաջորդ մի քանի տարիներին, ասում է բնակարանային կոմիտեի նախագահ Արմեն Մանգասայանը։ Այս ընտանքիների կորուստը հնարավոր չէ փոխհատուցել որևէ նյութական արժեքով։ Պետությունն անում և անելու է առավելագույնը՝ ունեցած ամենաթանկը հայրենիքի փրկությանը զոհաբերած ընտանիքներին հարմարավետ պայմաններով ապահովելու համար, վստահեցնում է Արմեն Մանգասարյանը։ Սա նվազագույնն է, ինչ կարող ենք անել նրանց համար։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ