Ապրիլի 19, 2024

Ստեղծված իրավիճակից ելքը ազգային օրակարգ ձևավորելու մեջ է․ փորձագետի կարծիքն է

By Սրբուհի Վանյան Մայիսի 05, 2023
-Տիկին Աղաբաբյան, ինչու՞ և ինչպե՞ս հասանք նրան, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դրվեց։ 
 
-44-օրյայից հետո Ադրբեջանը, տեսնում ենք, որ նպատակաուղղված իր քաղաքականությունն է առաջ տարել, և մենք քայլ-քայլ կատարել ենք Ադրբեջանի պահանջները, և մեր կողմից դիմադրություն չի տեսել։ Դրան զուգահեռ իր պահանջների նշաձողն ավելի ու ավելի է բարձրացրել։ Եվ հասել ենք նրան, որ Բերձորի միջանցքը փակել է, կտրելով Երևանի ու Ստեփանակերտի կապը։ Բնականաբար, Ադրբեջանի յուրաքնաչյուր պահանջի կատարումը բերելու էր նոր պահանջատիրություն, և ինքն իրեն մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու իրավունք էր վերապահելու։ Ադրբեջանը դա փայլուն կերպով օգտագործում է։ Հակարիի անցակետը մեր թողտվության , համաձայնության, հանցավոր անգործության արդյունքն է։ 
 
-Այդ դեպքում ինչու՞ են պետք բանակցությունները, հանդիպումները՝ տարբեր մակարդակներում, միջազգային փաստաթղթերի ստորագրումը, եթե ամեն ինչ որոշվում է ուժի տիրույթում։ Խոսքն այս դեպքում նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին է, որի տակ ստորագրել են երեք երկրների ղեկավարները։ 
 
-Անկեղծ ասած, ներկայիս բանակցությւոններում հայկական կողմ որպես այդպիսին չկա։ Չկա մեկը, անձ, խումբ, որն ազգային հայկական դիրքերից հանդես գա։ Եթե հայակակն կողմն ինքը համաձայն է նրան, որ Արցախն Ադրբեջանի մաս է, այդ դեպքում ու՞մից պահանջել՝ ի կատար ածել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։Քանի որ երբ դու ճանաչում ես Արցախն Ադրբեջանի կազմում, ստացվում է, դու ինքդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դնում ես մի կողմ։ Այս դեպքում մի կողմից ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, մյուս կողմից պահանջել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ի կատար ածվի, դրանք հակառակ բաներ են։ 
 
-Ինչ հետևանքեր անցակետի տեղադրումը կարող է ունենալ՝ պարզ է արդեն, բայց կա՞ ելք, և արդյոք բոլոր քայլերն ուշացա՞ծ են։
 
 -Ուշացած չեն, ցանկացած իրավիճակում ելքեր ու հնարավորություններ կան։ Դրանք կան նաև մեզ համար։ Խնդիրն այն է, թե դրանցից օգտվելու համար կա՞ ցանկություն և ունակ իշխանություն։ Պետք է ունենալ ազգային իշխանություն, որը կձևավորի ազգային օրակարգ ու այն առաջ կմղի։ Սա անհատների, խմբերի պայքար չէ, այլ պետությունների։ 
 
-Ինչո՞վ է բացատրվում հայության գերակշռող մեծամասնության՝ մեկ այլ հատվածի, անգամ գոյաբանական խնդիրների նկատմամբ անտարբերությունը։ 
 
-Խնդիրը հասկանալու համար պետք է հետ գնալ․ մեր նկատմամբ ազգի պառակտման, տրոհման քաղաքականություն է վարվել տասնամյակներ շարունակ, տեղեկատվական նման քարոզչությունը բերել է մի իրավիճակի, որտեղ առկա է այն, ինչ ունենք։ Այո, ազգի մի մասը չի ընկալում մյուսի գոյաբանական խնդիրը, և այնպես չէ, որ այդ չընկալող հատվածը այդ խնդիրը չունի կամ չի ունենալու։ 
 
-Աշխարհաքաղաքական այս իրավիճակում հնարավո՞ր է հույս ունենալ, որ ամեն ինչ դեռ կորած չէ։
 
 -Քրիստոնյա ազգ ենք, և հույսը միշտ կա։ Պարզապես պետք է իմանալ, որ ձեռքերը ծալած նստելով միայն հույս պահելով չի լինի՝ այս բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակում։ Ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական այս իրավիճակում մեզ համար կան նաև հնարավորություններ, պետք է կիրառել դրանք։ 
 
-Ուժային տարբեր կենտրոնները Արցախը Ադրբեջանի կազմում են կարծես թե ընկալում։ Աշխարհն իր հոգսերով է մտահոգ, ի՞նչ կլինի Արցախի ճակատագիրը, ու ի՞նչ սպասել Հայաստանի համար։ Հաջողելու շանս ունի՞ արդոք Արցախի պայքարը։ Սպասե՞լի է նոր պատերազմ։ 
 
-Ռազմական գործողությունները պետք չէ բացառել։ Մեր տարածաշրջանում միշտ էլ պատերազմներ են եղել՝ տարբեր տրամաչափերի։ Պատերազմին միշտ պետք է պատրաստ լինել։ Արցախը և Հայաստանը չպետք է առանձնացնել․ խնդիրը միայն Արցախինը չէ․ վտանգը կա ամբողջ հայկական աշխարհի համար։ Անհրաժեշտ է ունենալ ազգային իշխանություն՝ ազգային օրակարգով։ Հակառակ դեպքում մենք կորցնելու ենք Արցախն էլ, Երևանն էլ։ 
 
 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ