Մարտի 29, 2024

Նոր մասնագիտություն Ստեփանակերտի Մ. Մաշտոց համալսարանում

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 06, 2022

Պատերազմից հետո Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում  ժամանակի թելադրանքով նոր  մասնագիտություններ են  ավելացել՝ սոցիալական աշխատողի մասնագիտություն,  հոգեբանություն: Շուտով դրանց կգումարվի ևս մեկը՝    դերասանական վարպետության դասընթացները: Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանի խոսքով՝ պետականաշինության գործում թատրոնը մեծ նշանակություն ունի: 

«Եվրոպայում հիմնականում երեխաներին են տանում թատրոն: Գիտե՞ք ինչի համար, որովհետև թատրոնը սովորեցնում է երեխային լուռ նստել ու լսել: Լուռ լսող ու մտածող երեխայից մեծանում է քաղաքացի: Ինչքա՜ն է մեզ պետք, որ լսել իմացող քաղաքացի մեծանա: Թատրոնը բազմաժանր ու բազմաֆունկցիոնալ է: Ամեն անգամ բարձրանալով բեմ դերասանը պետք է զարմացնի իր հանդիսատեսին, սա է թատրոնի գլխավոր գործառույթը»: 

Ընդունված է համարել, որ պետությունը կանգնած է չորս հենասյուների վրա. բանակ, կրթություն, առողջապահություն և մշակույթ: Այս  սյուներից երեքը, կարծես թե, կենսական են, դրան ուղղված միջոցները՝   արդարացված:   Արցախի համար այս դժվարին իրավիճակում արժե՞ արդյոք թատրոնի կամ դերասանական վարպետության մասին մտածել՝  հարցը հաճախ է հնչում: Դոնարա Գաբրիելյանը պատասխանում է: 

«Հասարակության դաստիարակման գործում մեծ է թատրոնի դերը: Ադրբեջանի կազմում գտնվող փոքրիկ Արցախն ուներ իր դրամատիկական թատրոնը, որի մշտական անձնակազմը դերասանական բարձր մակարդակի վրա էր գտնվում: Պատերազմից հետո շատերը մտածում էին, որ այժմ  թատրոնով զբաղվելու  ժամանակը չէ, բայց դա այդպես չէր: Այսօր արդեն տեսեք՝ ինչքան հետաքրքրություն կա երիտասարդների շրջանում թատրոնի հանդեպ, և սա մեծ ձեռքբերում է»:

Թատրոնը հասարակության հոգևոր սննդի մատակարարն է: Թատրոնի միջոցով են մարդիկ հագեցնում   հոգևոր քաղցը: Այս դասընթացների մասնակիցները հնարավորություն են ունենալու ոչ միայն թատորնի դերասան դառնալ, այլ նաև աշխատել օրինակ՝ հեռուստատեսությունում: Ընդունելության մասին Վահան Խաչատրյանն է մանրամասնում.

«Ընդունելությունը լինելու է 2 քննությամբ: 1-ին փուլը բաղկացած է հարցազրույցից, բեմական խոսքից և երգից: Բեմական խոսքի քննության համար անհրաժեշտ է   պատրաստել մեկ առակ, մեկ արձակ և մեկ չափածո խոսք և մեկ երգ, պարտադիր չէ լավ երգել, պետք է որ մարդն իմանա տեմպի զգացողություն: 2-րդ քննությունը դերասանի վարպետությունն է, որտեղ լինելու է պար և էտյուդ»: 

Միջնակարգ դպրոցն ավարտած բոլոր երիտասարդները կարող են դասընթացներին մասնակցելու հայտ ներկայացնել: Սրանից բացի որևէ տարիքային սահմանափակում չկա՝ ասում է ռեժիսորը, նաև խոստովանում, որ դերասանական գործ սովորելու լավագույն տարիքը 18-28 տարեկանն է: Վահան Խաչատրյանը նկատում է նաև, որ վերջին շրջանում երիտասարդները ավելի շատ են հետաքրքրված թատրոնով: Բայց դերասանի վարպետությանը հասնելու համար երկարատև քրտնաջան աշխատանք է պահանջվում:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ