Ապրիլի 20, 2024

Վաղուհասում առաջին անգամ մանկապարտեզ կլինի

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 01, 2022

Վաղուհասցի մանուկներին են, դեռ մանկապարտեզ չեն գնացել, բայց միասին  երգել ու ասմունքել գիտեն։ Նոր մանկապարտեզի բակում հավաքվածների դեմքին գոհ ժպիտ է, երեխաներին ոգևորելու համար  ծափահարությունները չեն դադարում։ Այսօր նրանց համար կրկնակի տոն է, մանկապարտեզը լավագույն նվերն էր, որ կարող էին ստանալ երեխաների պաշտպանության օրը։  Սա նշանակալի իրադարձություն էր ամբողջ գյուղի համար:   Այստեղ երբեք մանկապարտեզ չի եղել, բայց կարիքը միշտ կար։   Գյուղում մանկապարտեզի տարիքի 60 երեխա կա։ Հարցին՝ թե ուրա՞խ են մանկապարտեզ ունենալու համար, միասին  են պատասխանում, այո՛, ուրախ ենք։ Կարինեն անհամբեր սպասում է հունիսի 6-ին, որպեսզի մանկապարտեզ գա։

 «Որ մանկապարտեզ չկար, մենք գնում էինք ուրիշ տեղ էինք խաղում։ Իմ ընկերները՝ Մարտան, Մարիաննան, Մարիամը, Գոհարը նույնպես ցանկանում են, որ մանկապարզը շուտ բացվի, տղաներ էլ կան, նրանք էլ են ուրախ որ մանկպարտեզ է բացվելու»։

 Ոգևորությունը չի թաքցնում նաև տնօրենը՝ Հայկուհի Բախշյանը։ Խոստանում է, որ մանկապարտեզը երեխաների համար կապահովի բոլոր հարմարավետ պայմանները։ 

«Ոգևորությունը շատ մեծ է, վերջապես մեր գյուղում էլ բացվեց մանկապարտեզ, վերջապես մեր երեխաներն էլ նախադպրոցական ուսում կստանան, կունենանք ավելի զարգացած մանուկներ։ Կարևոր է նաև այն, որ ավելացել են աշխատատեղերը։ Մակապարտեզն ապահովում է 11 աշխատատեղ։ Ես որպես տնօրեն խոստանում եմ, որ թիմի հետ միասին մենք շատ լավ ենք աշխատելու, երեխաների հետ էլ վերաբերվելու ենք այնպես ինչպես կվերաբերվեինք մեր երեխաների հետ» 

Կողքի գյուղի մանուկները նույնպես կհաճախեն այստեղ։ Մանկապարտեզի  կոլեկտիվն արդեն կազմ ու պատրաստ է և սպասում է աշխատանքի մեկնարկին։ Չնայած բոլոր աշխատակիցները սկսնակներ են այս ոլորտում, բայց համոզված են, որ հաջողելու են։ Դաստիարակներից  Ռուզաննա Զաքարյանը կարծում է, որ սկզբում դժվար է լինելու, բայց նաև համոզված է, որ բոլոր խնդիրներն ընթացքում լուծվելու են։ 

«Կարծում են ծնողները կվստահեն մեզ, որովհետև ճանաչում են։ Ճիշտ է, սկզբում մի քիչ դժվար կլինի, բայց կարծում եմ ամեն ինչ լավ է լինելու։ Ընթացքում մենք նստում ենք, խոսում, խարհրդակցում, քննարկում ենք խնդիրները։ Պատերազմից հետո մենք պարտավոր ենք ապրել ու արարել մեր երեխաների համար, կարծում եմ՝ դա է միակ ճիշտ ճանապարհը»։

 Վաղուհասի նոր մանկապարտեզի շենքը նախկինում դպրոց է եղել: Այստեղ է կրթնություն ստացել նաև բարերար Գրիգորի Հայրապետյանը: Հարազատ գյուղի և կրթօջախի համար ինչ-որ բան անելը նրա համար կրկնակի հաճույք է։ Մանկապարտեզի կենցաղային տեխնիկան՝ սառնարանները, լվացքի մեքենաները, համակարգիչներն ու հեռուստացույցները Գրիգորի Հայրապետյանն է գնել։ Ասում է՝ գյուղի համար դեռ շատ գործ  ունի անելու։ 

«2020 թ․ մենք ուզում էինք մի գյուղում կաթնամթերքի, մսի գործարաններ բացել, ամեն ինչ պլանավորված էր, մնում էր միայն գալ ու աշխատանքի անցնել, բայց չստացվեց։ Աստված տա ամեն ինչ լավ լինի, այս տարի կնախագծենք, հաջորդ տարի այս միտքը կիրագործենք»։ 

Մանկապարտեզի շենքի շինարարական ու կահավորման որոշ աշխատանքներ իրականացվել է պետության աջակցությամբ։ Վերանորոգմանն օգնել է նաև «Շտապի՛ր դեպի բարին» բարեգործական հիմնադրամը։ Ծնողներն ու դաստիարակները համոզված են՝ նոր մանկապարտեզը գյուղին նոր շունչ ու ոգի է տալու։

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 04 Հունիսի 2022 07:05
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ