Ապրիլի 20, 2024

Միջազգային մարդասիրական իրավունքի քննարկում բնության գրկում

By Անի Աբաղյան Հուլիսի 23, 2022

Ամառային արձակուրդներն ուսանողների համար դասերից բաժանվելու լավագույն շրջանն է։ Չկան քննություններ, դասախոսություններ ու լիկվիդներ․ բայց երբ արձակուրդն ու դասերը մեկտեղվում են, երկուսն էլ հաճելի է դառնում։ Արդեն երկու օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  Լեռնային Ղարաբաղի առաքելության կազմակերպած դպրոց-ճամբարը իրավագիտության ներկա  և ապագա 13 մասնագետի  մեկ հարկի տակ է հավաքել։ Նրանց հետ քննարկվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու զարգացնում գիտելիքները։ Մանրամասնում է կազմակերպության ԼՂ․ի առաքելության իրավաբան Վարդուհի Ավանեսյանը։ 

«Մենք գտնում ենք, որ հակամարտության գոտում զինված ընդհարումների իրավունքի մասին խոսելը անհրաժեշտություն է:  Մեր իրավաբանները և ընդհանրապես հակամարտության գոտում ապրող մարդիկ պետք է գոնե մինիմալ գիտելիքներ ունենան միջազգային մարդասիրական իրավուքնի նորմերի մասին, որովհետև եթե ոչ այսօր, վաղը հաստատ այդ գիտելիքները անհրաժեշտ են լինելու։Այս երեք օրերին մենք ճամբարականների հետ ուսումնասիրելու ենք պատերազմ վարելու միջոցներն ու մեթոդները․ այսինքն՝ պատերազմի ժամանակ ի՞նչն է արգելված, ինչը՝ ոչ, ո՞րն է մարդասիրական իրավունքի ուսումնասիրության առարկան, պատասխանատվության ի՞նչ մեխանիզմներ է նախատեսված միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար և ոլորտին առնչվող այլ թեմաներ»։ 

Եռօրյա դասընթացը հագեցած գրաֆիկ ունի, անցկացվում են դասախոսություններ, կինոդիտում, ժամանցային խաղեր: Նման դպրոց-ճամբարներ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կազմակերպում էր նաև մինչև 2012 թվականը: Առաքելության Տեղեկատվական և կանխարգելման բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանի խոսքով՝ դպրոց-ճամբարը պատերազմից հետո վերաբացվել է: 

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բացի հումանիտար գործունեությունից, որը կիրառում է զինված հակամարտությունների ժամանակ, նաև մանդատ ունի քարոզելու, տարածելու միջազգային մարդասիրական իրավուքնի նորմերը։ Եվ այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքում գործ են ունենում միջազգային մարդասիրական իրավունքի հետ, պետք է իմանան տվյալ իրավունքի նորմերի, և այդ նորմերը ճիշտ կիրառելու ձևը։ եվ երբ ուսանողը բուհի ներսում է, շատ անգամ կազմակերպությունը հնարավորություն չի ունենում առավոտից երեկո միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներ անցկացնել, համալսարաններում էլ մասնագիտությունը առանձինչի ուսումնասիրվում։ Մենք ընտրել ենք ամառային դպրոցի ձևաչափը։ 3-4 օրվա ընթացքում փորձում ենք համատեղել դասընթացն ու հանգիստը, նրանց համար հաճելի միջավայր ստեղծել՝ քննարկումների, նոր ծանոթություններ համար»։

 Ազգային նախշերով բարուրված ճոճանակների, ծաղիկների ու լեռների գրկում է գտնվում դպրոց-ճամբարը: Իրավունքի մասին սովորաբար ավելի «լուրջ» վայրերում՝  լսարաններում, դատարաններում խոսողներն այսօր նույն թեմաները  բավական ռոմանտիկ վայրում են քննարկում: Այսպես ավելի լավ ենք ընկալում՝ ասում են: Ճամբարական Կարեն Մարտիրոսյանը մայր բուհի ուսանող է: Զարմանում է, որ ապագա գործընկերներից քչերին է հետաքրքրում նման՝ միջազգային մարդասիրական իրավունքի մասին պատմող դասընթացը: 

«Եռօրյա դասընթացն անցնում է շատ հաճելի մթնոլորտում, դասախոսում են արհեստավարժ ու գիտակ մասնագետներ՝ ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ, դրան գումարվում է նաև միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով հետաքրքրաշարժ ֆիլմի դիտումներ, հաճելի ժամանցի կազմակերպում։ Ինձ տխրեցնում է այն փաստը, որ ամառային այս դպրոց- ճամբարին ընդգրկվել են քիչ մասնակիցներ, ինչը խսում է ուսանողների՝ ոչ ճիշտ պատկերացումների մասին՝ միջազգային մարդասիրական իրավունքի մասին»։

 Ըստ Կարենի՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի գրեթե բոլոր նորմերը, և իրենք՝ ապագա իրավաբանները, պարտավոր են նման առիթները ճիշտ օգտագործելով ու հմտանալով՝ իրենց դաշտում երկրի շահերը պաշտպանել: Ճամբարականների ընտրության մասին Էթերի Մուսայելյանն է պատմում. 

«Ուսանողը միշտ ուսանող չի մնում, նա մեր վաղվա որոշում կայացնողն է: Այսինքն՝ այսօրվա ուսանողը վաղը կարող է խորհրդատու լինել զինված ուժերում, իրավաբան՝  կառավարական մարմնում կամ բուհերում դասավախոս»:

 Այսօր ճամբարականների համար էքսկուրասիա է կազմակերպվել  դեպի Պատարայի  տեսարժան վայրեր: Մենք ներկա էինք նաև նրանց՝   պատրաստվելու արարողությանը:  Աղջիկների մոտ իսկական իրարանցում էր. հագուստ ընտրել, արդուկել, հագնվել, լուսնկարվել՝ բոլորը շտապում էին, բացի արդեն հայելու առջև պատրաստվողներից։ Տղաների մոտ՝ կատարյալ հանգիստ էր:  Կկրկնվե՞ն, այս իրարանցումը, հանգիստն ու դասախոսությունները, թե՞ ոչ՝ ուսանողների ցանկությունից է կախված՝  վստահեցնում են ճամբարի կազմակերպիչները:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ