Ապրիլի 25, 2024

Գիտաժողովը՝ կրթության համակարգում առկա խնդիրները բարձրաձայնելու առիթ

By Սրբուհի Վանյան Հոկտեմբերի 29, 2022

Այսօր մեկնարկել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված եռօրյա գիտաժողովը։ Գիտաժողովը նվիրված է պետության զարգացման գործում գիտության և կրթության դերին: Սա մեզ և բոլորիս համար կարևոր է, քանի որ գիտենք, թե այսօր ինչ խնդիրներ կան կրթության համակարգում՝ ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Դոնարա Գաբրիելյանը։ Գիտաժողովն ուղղակի առիթ է բարձրաձայնելու այդ խնդիրները: 

«Ոչ միայն Արցախում, ոչ միայն Հայաստանում,  նաև ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում շատ լուրջ հիմնախնդիրներ կան կրթական համակարգում։ Այսօր մենք ունենք, աշխարհը պատրաստել է սպառող հասարակություն, և այն հասարակությունը, որը ձգտում էր գիտելիքի, քաղաքացիական ակտիվության, քաղաքացիական արժեքների, մարդկային արժեքների, չկա, փոխվել է։ Եվ ոչ դեպի լավը»։

 Հիմա կրթական համակարգում պիտի արվի հնարավորը, որպեսզի մարդը վերադառնա իր ճշմարիտ առաքելությանը։ Մեսրոպ Մաշտոց համալսարանը, հասկանալով իր դերակարարությունն այդ կարևոր գործում, տարբեր նախաձեռնություններով փորձում է նպաստել դրան։ Գիտաժողովներ համալսարանը կազմակերպում է ամեն տարի՝ փորձելով այդկերպ ընդգծել համալսարանի նշանակությունը, նրան ճանաչելի  դարձնել, նաև՝  Արցախ պետութան ճանաչելիության հարցը բարձրացնել։ Դոնարա Գաբրիելյանը ելույթի իր խոսքում երախտագիտություն է հայտնել գիտաժողովի մասնակիցներին՝ պատիվ համարելով այս օրերին աշխատել նրանց հետ։ Նա ասել է, որ պետական մարմինները սերտ համագործակցում են ոչ միայն պետական, այլև մասնավոր կրթական հաստատությունների հետ, արձագանքում ցանկացած խնդրի։ Գիտաժողովին նաև ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանն է ելույթ ունեցել։ 

«31ամյա մեր անկախ պետությունը գիտության ու կրթության հանդեպ յուրահատուկ վերաբերմունքով է աչքի ընկել։ Թույլ տվեք ի սրտե շնորհավորել ՄՄ համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին ու համահիմնադիր Մելանյա Արզումանյանին, պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին՝ ԲՈՒՀի գործունեության 25 ամյակի կապակցությամբ։Մաղթում եմ ուժ ու կորով, անսպառ եռանդ ձեր ազգանպաստ գործունեության մեջ։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ հանուն մեր ժողովրդի ու մեր պետության հարատևման»։

 Ազատ ու բարգավաճ հայրենիքում ապրելը բոլորիս երազանքն է՝ ասում է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, և այդ երազանքի իրականացման  երաշխիքները տալիս է կրթությունը: Մենք նպատակահարմար գտանք անդրադառնալու գիտության և կրթության հիմնախնդիրներին, քանի որ հասկանում ենք՝ ժամանակակից աշխարհում ցանկացած պետության կայացման և զարգացման հիմքում ընկած են հենց կրթությունը և գիտությունը՝ ասում է Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմության և կովկասագիտության ամբիոնի ավագ դասախոս Հովիկ Ավանեսովը։ 

«Առանց կրթության և գիտության, պետության որևէ բնգավառ զարգանալ չի կարող։ Պետությունը չի կարող գոյատևել միայն անվտանգային համակարգով։Պետք են կիրթ, մասնագիտական  որակավորում ունեցող կադրեր, որոնք կներկայացնեն պետությունը տարբեր հարթակներում։ Բնական է, անվտանգային առումով մենք բավականին խոցելի վիճակում ենք»։

 2020 թվականի պատերազմից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ հատկապես ռազմավարական տեսանկյունից կարևորություն ներկայացնող առարկաները պետք է ներառվեն կրթական ծրագրերում։ 

«Խոսքն Արցախի պատմություն, Արցախի աշխարհագրություն առարկաների մասին է; և ադրբեջանաարցախյան գործընթացներին առնչվող առարկաներին։Նշված առարկաները բուհական համակրգում մասնագիտական բլոկում անցնում են, բայց դա բավարար չէ։ Պետք է դպրոցական ծրագրերում լինեն։ Պատերազմը ցույց է տվել, թե ինչքանով ենք եղել  խոցելի, երբ հայրենի աշխարհագրությանը տեղյակ չենք եղել»։

«Մեսրոպ Մաշտոց համալսարանը ուշադրություն է դարձնում այդ խնդրին և իր ուսանողների մակարդակով գոնե փորձում լրացնել այդ բացը՝ պարզաբանում է դասախոսը: Բայց այդ ջանքերը բավարար չեն. անհրաժեշտ է նաև պետական մոտեցում: Արցախի աշխարհագրության, պատմության առարկաները պետք է ներառել հանրակրթական ծրագրերում։ Այսօր գիտաժողովի առաջին օրն էր․ լիագումար նիստից հետո  մեկնարկել են մասնախմբային նիստերը՝ ըստ մասնագիտությունների։ Գիտաժողովից հետո մասնակիցների անունից տարածվելու է հայտարարություն, որն էականորեն առանձնանալու է. շեշտադրում է կատարվելու ռազմավարական կարևորություն ունեցող առանցքային հարցերի վրա:

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2022 07:43
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ