Ապրիլի 19, 2024

Կրթությունն ու տնտեսությունը․ պե՞տք են մեզ, արդյոք, որակյալ կադրեր

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 18, 2022

«Նոր ժամանակները նոր մարտահրավերներ են առաջադրել,-ասում է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Ռուզաննա Մանգասարյանը։ - Եվ մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումն ու կառավարումը համամոլորակային խնդիր է, առավելապես ժամանակակից մարտահրավերների հետ պայմանվորված»։

«Եթե մինչ 2020 թվականի պատերազմը դիտարկենք և դրանից հետո, կփաստենք, որ լուրջ խնդիրներ են առաջացել՝ անգորոծության աստիճանի բարձրացման հետ։ Մինչ պատերազմը մեր ֆակուլտետը դիմորդների խնդիր չուներ, և մեր կրթական մասնագիտական ծրագրերը մեծ պահանջարկ ունեին, հիմա պատկերն այլ է»։

Շրջանավարտների մեծ մասն այսօր նախընտրում է մասնագիտական ուսում ստանալ ՀՀ բուհերում, կամ եթե կա նման հնարավորություն՝ ավելի հեռվում։ Խնդիրն ամենևին Արցախի մայր բուհի նկատմամբ անվստահությունը չէ․ խնդրի արմատները, ցավոք, ավելի խորն են։ Քաղաքական իրավիճակ, անորոշություն․ այս ամենն իրենց ազդեցությունն են թողնում բազմաթիվ երիտասարդների որոշման վրա։

«Փորձում ենք ամրապնդել մեր կապերն ավագ դպրոցների, հետ, այդ թվում ոչ միայն մայրաքաղաքի։ Ներկայցնում ենք մեր ներուժը, կրթական ծրագրերը, և փորձում ենք ցույց տալ, որ ԱՐՊՀ-ն ընտրելով, իրենք ոչինչ չեն զիջում։ Իսկ ինչ վերաբերում է անորոշությանը, ապա այսօր աշխարհի ոչ մի անկյուն ապահովագրված չէ անկայունությունից»։

Փաստ է նաև այն, որ երիտասարդության շրջանում բուհական կրթության նկատմամբ հետաքրքրության անկում է արձանագրվում։ ՀՀ բուհերում էլ վերջին տարիներին դիմորդների թվի նվազման միտում կա։

«Իհարկե այդ խնդիրը կա, բայց ՀՀ բուհերում ավելի շատ բնագիտական ֆակուլտետների մասով է թափուր տեղերը։ Կոնկրետ տնտեսագիտական մասնագիտությունների գծով ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախընտրությունը Արցախի համեմատ տրվում է այլ բուհերի։ Հիմնականում՝ անվտանգային գործոնը հաշվի առնելով։»

Խնդրին, իհարկե, տեղյակ է և լիազորված մարմինը, և այն ավելի բարձր մակարդակներում է քննարկվել։

«Մեր չճանաչվածության հանգամանքը, պատերազմի արդյունքում զգալի կորուստները մտածելակերպի մեջ փոփոխություն մտցրեց։ Այդ հարցերով մեծ քննարկումներ են եղել, և կարծում ենք, որ յուրաքանչյուր մասնագիտական կրթական ծրագրի պատասխանատու պետք է բոլոր քայլերը ձեռնարկի այդ խնդիրը մասնակիորեն գոնե լուծելու համար։ Որոշակի կայունության պայմաններում պետք է կարողանանք նաև այդ մտածելակերպի վրա ազդել»։


«Ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում, երբ ԱրՊՀ-ն մշակեց համալսարանի, ֆակուլտետի զարգացման ծրագիր ու դրանից ելնելով՝ զարգացման ռազմավարություն, մեր գործունեության հիմնական նպատակը աշխատանքի շուկայի պահանջարկին համահունչ համամարդկային, բոլոր արժեքները գնահատող մասնագետի պատրաստման վրա շեշտադրում կատարվեց,-ասում է ԱրՊՀ դեկանը։ Կարևորվեց բուհ-գործատու համագործակցության ընդլայնումը, կատարվեց մասնագիտական կողմնորոշման նախապատրաստական աշխատանք՝ ֆակուլտետի կողմից՝ պարզաբանում է զրուցակիցս։

«Բուհ-գործատու համագործակցության շրջանակում մեր ֆակուլտետում մեծ միջոցառումներ ենք ձեռնարկում։ Այդ համագործակցությունը եղել է ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ՝ հետո։»

Դեկանը համոզված է՝ «տաշած քարը գետնին չի մնում», ֆակուլտետի լավագույն ուսանողները գտել են իրենց տեղը։ Իսկ խնդիրն առկա է ոչ միայն մեզ մոտ․ աշխատաշուկան նույնպես շուկա է, որտեղ պետք է մրցունակ լինել։
Դա՝ շուկայական հարաբերությունների մակարդակում։ Իսկ պետության խնդիրը այլ է․կարևոր է, որ մարդկային կապիտալի ներուժի արտահոսք չլինի, քանի որ որակյալ մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումն ու տնտեսության տարբեր ճյուղերում բաշխումը տնտեսության զարգացման երաշխիքն է՝ ասում է Ռուզաննա Մանգասարյանը, և եթե այս խնդրին մատների արանքով նայենք, լրջագույն փաստի առաջ ենք կանգնելու , այդ թվում և ժողովրդագրական։

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2022 14:34
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ