Ապրիլի 24, 2024

Ավարտվել են «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները

By Վիկտորյա Սարգսյան Դեկտեմբերի 08, 2022

«ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծը, ըստ հաստատված ժամկետացանկի, քննարկվել է ԱԺ բոլոր հանձնաժողովներում՝ կառավարության անդամների և առընթեր մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է 2023թ. պետական բյուջեի ցուցանիշները՝ հետպատերազմյան իրողությունների արդյունքում ձևավորված տնտեսական միջավայրի և կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում։ Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ․ 850 մլն․ դրամի չափով։ 

«2023 թ․ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ․171, 4 մլն․ դրամի չափով, որը ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից նվազել է շուրջ 7,7 տոկոսով։ ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 6,1 տոկոս՝ ընթացիկ տարվա 77,5 տոկոսի դիմաց։ Արդյունքում, դեֆիցիտը կկազմի 21 մլրդ․321,4 մլն․ դրամ»։ 

ՀՀ կողմից տրամադրվող բյուջետային վարկի չափը 2023թ․-ին կկազմի 144 մլրդ․ դրամ՝ նշել է Վահրամ Բաղդասարյանը։ Երեկ Հայաստանի ԱԺ նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ Արցախի կառավարության դիմումի արդյունքում 8 մլրդ դրամը հատկացվել է ավելի շուտ՝ ընթացիկ տարում: Պատգամավոր Վահրամ Բալայանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված կառավարության նման դիմումը։ 

«Տարեսկզբից սոցիալական տարբեր ծրագրեր են շրջանառության մեջ մտցվել, որոնք բյուջեով նախատեսված չէին։ Օրինակ՝ 40 000-ականների, 68 000-ականների, տեղահանվածներին տրամադրվող 40 000-ականների և միանվագ 50 000-ականների ծրագրերը։ Եվ փաստացի սոցիալական ոլորտին այդչափ գումար ավել է ծախսվել, քան նախատեսված էր բյուջեով։ Եվ հենց սրանով պայմանավորված՝ ՀՀ-ը, սոցիալական ծրագրերին ուղղված գումարների ճեղքվածքը փակելու համար որոշում է կայացրել 8 մլրդ․-ը տեղափոխել 2022թ․»։

Հաջորդիվ Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023թ․-ի համար պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի փոփոխություն չի նախատեսվում։ 

«Եվ օրենքի նախագծով սահմանված չափը՝ 63 հազ․ 300 դրամը չի ապահովում նվազագույն աշխատավարձի 80 տոկոսը՝ ինչպես որ ամրագրված է օրենքում։ Նշված խնդրի լուծման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել լրացում, որի համաձայն պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2023 թ․- ի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսից»։

 Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկու օրինագծերին էլ։  Այդպիսով, «2023 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն ու  ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը  ներկայացվելու են առաջիկա լիագումար նիստին։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ