Ապրիլի 25, 2024

Շրջափակված մի դիմորդի պատմություն

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 13, 2023
Ուսանողական տարիները, իհարկե, մարդու կյանքի ամենավառ ու հետաքրքիր շրջաններից են: Նոր միջավայր, նոր կյանք, նոր ընկերներ. նոր մտայնություններ` գտնել վարձով տուն, հարմարվել ծնողներից հեռու ապրելուն ևն: Դրանք, իհարկե, հարցեր են, որ հուզում են համալսարան ընդունվել պատրաստվող պատանիներին: Սակայն արցախցի դիմորդներին հուզող հարցերն այս պահին այլ են: Շրջափակման պատճառով արցախցի դիմորդները զրկված են իրենց կրթության իրավունքի ամբողջական իրագործման հնարավորությունից: Նրանցից շատերը դիմել են Արցախից դուրս գտնվող համալսարաններ և դպրոցի ավարտական դասարանում ուսումն ավարտելուց ց հետո չեն կարողանալու մեկնել Արցախից դուրս՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Աննա Աբաղյանը 18 տարեկան է: Մինչև Արցախի դեմ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան բնակվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Թշնամու կողմից գյուղի ռազմակալման պատճառով ընտանիքի հետ տեղահանվել է Ստեփանակերտ: Թեև Աննան մանկուց ինչ-որ չափով զբաղվել է երաժշտությամբ որպես ժամանց, բայց միայն մոտ անցյալում է որոշել որպես հիմնական մասնագիտություն ընտրել այն և դիմել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 
 
«Որոշել եմ երգչուհի դառնալ: Մասնագիտությունս ընտրել եմ պատերազմից հետո: Երգչուհի դառնալ ինձ համար երազանք է: Որոշեցի այս տարի երազանքս նպատակ դարձնել, ու գնալ երազանքիս ետևից: Իրականում թվում էր, թե ընդունվելն ավելի դժվար կլինի, բայց երբ սկսեցի պարապել և հիմա ունեմ ընդունվելու համար բավական գիտելիք, հիմա ավելի եմ դժվարանում: Որովհետև ընդունվելու համար պետք է գնամ Երևան: Իսկ հիմա այնպիսի վիճակ է, այստեղ, որ չենք կարողանում Արցախից գնալ Մայր Հայաստան, որովհետև թշնամին փակել է մեր ճանապարհը»: 
 
Չնայած այն բանին, որ հավանականություն կա, որ դիմորդները կկարողանան հասնել Երևան, սակայն այն հանգամանքը, որ իրենք չունեն վստահություն ոչ ճանապարհի ապահովության, ոչ էլ առավել ևս` հետ վերադարձի հնարավորության հարցում; Դա մեծապես մտահոգում է արցախցի դիմորդներին: 
 
«Կարողանում են տեղափոխել Երևան, բայց հետ բերել չեն կարողանում: Ես մտավախություն ունեմ, որ կարող եմ գնալ, ընդունվել և սովորել, բայց արդեն հետ վերադառնալ չեմ կարող: Այդ մտավախությունը կա և իմ, և իմ տարեկիցների մեջ: Նաև ունեմ տղա ընկերներ, ովքեր նույնպես ցանկանում են գնալ Երևան` քննությունները հանձնելու: Այնուհետև, բանակում ծառայելուց հետո նորից գնան և շարունակեն ուսումը: Բայց նրանց մեծամասնությունն էլ, նույն մտավախության պատճառով չի ցանկանում տալ միասնական քննությունները»: 
 
Աննա Աբաղյանը հույս ունի, որ գոնե սկզբնական շրջանում հնարավոր կլինի թե՛ քննությունները, թե՛ դասերը կազմակերպել առցանց, թեև հասկանում է, որ համացանցի հաճախակի խափանումներն էլ են մեծապես խանգարելու դրան: Կրթության իրավունքը մարդկանց, հատկապես` մատաղ սերնդի ամենակարևոր իրավունքներից է: Թե՛ վաղ իննսունականներին, թե՛ 2020 թվականին մեր երկրում մեծ թվով երեխաներ և պատանիներ ակամա զրկվեցին այդ իրավունքի լիարժեք իրագործումից, ինչն էլ իր հերթին ստեղծեց ավելի երկարաժամկետ խնդիրներ, որոնց պտուղները մեր հասարակությունը շարունակում է քաղել առ այսօր:
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ