Ապրիլի 25, 2024

Արցախի ճանաչումն այլընտրանք չունի․ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել

By Սրբուհի Վանյան Մարտի 11, 2022
Արցախի ճանաչումն այլընտրանք չունի․ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել NA of Artsakh Republic

Արտակարգ նիստի օրակարգի միակ հարցը խորհրդարանականների նախաձեռնությամբ ներկայացված՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին»։ Նախօրեին օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։ Հայտարարության տեքստը կարդաց պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ 

«Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը»։

 «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը»,-ասված է հայտարարության մեջ։

 Դիմելով այդ միջազգային կառույցներին՝ Արցախի խորհրդարանականները փաստում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ խարխլելով տարածաշրջանի փխրուն խաղաղությունն ու կայունությունը։ Ադրբեջանի գործողությունները վկայում են, ոչ առաջին անգամ, որ նա պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։ Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին՝ համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։ 

«Ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը։ Հայտարարությանը նիստին ներկա 32 պատգամավորը միաձայն է քվեարկել։ Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, իրավիճակը, որում հայտնվել ենք, որակելով որպես հումանիտար աղետ, իսկ Ադրբեջանի գործողությունները՝ հանցագործություն մարդկության նկատմամբ։ 

«Այս պահին միայն կոչերով և հայտարարություններով հանդես գալը բավարար չէ»,-ասել է պատգամավորը։

«Պետք է օգտագործել հումանիտար աղետները կանխելու աշխարհում գրանցված նախադեպերը և գործողություններ իրականացնել»։

 «Մեր 44 օրերի դառը փորձն ապացույցն է, որ աշխարհը լուռ է և չի ուզում տեսնել իրականությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո որևէ կերպ ադրբեջանական կողմը չի պահել հայտարարության որևէ կետ, շարունակելով ահաբեկչական գործողություններ կատարել Արցախի խաղաղա բնակիչների նկատմամբ»։

 Պատգամավորի համոզմամբ այս իրողությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովին և Նախագահին պարտադրում է դիմել Հայաստանի Հանրապետությանը, ԵԱՀԿ համանախագահ երկրներին, հանուն այստեղ ապրող մարդկանց կյանքի անվտանգության և ապրելու իրավունքի, հանուն փրկության ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ դիմել է աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու համար։

 «Այլ ելք չկա, բազմաթիվ անգամ մենք դիմել ենք Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը, թեկուզ ԱԺ մակարդակով։ Այսինքն գոնե այն մակարդակով, որով ճանաչել է Ֆրանսիայի վերին և ստորին պալատները»։

 Հայաստանի Հանրապետությունը մի քանի անգամ բաց է թողել Արցախը ճանաչելու հնարավորությունը՝ Բիշքեքից առաջ՝ անցյալ դարի 94 թվականին, 2003 թվականին՝ երբ ավագ Ալիևին փոխարինելու եկավ կրտսեր Ալիևն ու հայտարարեց, թե բանակցային գործընթացը տեղափոխվում է զրոյական մակարդակ, 2014 թվականին, 2016, 2020 թվականների պատերազմների ժամանակ։ Ազգային ժողովի ամբիոնից Արթուր Թովմասյանն այս մասին առաջին անգամ չի խոսում։ Ճանաչման գործընթացի սկսման մտահոգությունները, կարծես թե, պատերազմի ռիսկերի հետ էին առնչվում, բայց՝ 

«Դրան հաջորդել է երկու պատերազմ, 2016 թվականի ապրիլյանը և 2020 թվականի արյունոտ աշունը։Խաղաղ գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Այսինքն, եթե պատերազմ է սկսում՝ բանակցություններ չկան։ Եվ քաղաքական, և բարոյական առումով ճիշտ էր պատերազմի ժամանակ Արցախի անկախությունը ճանաչեին։ Մեր բոլորիս երազանքն է, որ 1991 թվականի հանրապետության օրվա հռչակումը և դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, և 1992 թվականի հունվարի 6-ի հռչակագիրը կյանքի կոչվի։ Սրա համար ենք մենք այստեղ, սրա համար ենք պայքարելու այստեղ 33 պատգամավորներով։ Այլընտրանք չունենք»։

 Խոսելով Արցախ մտնող վթարված գազատարի մասին՝ խորհրդարանի խոսնակն ասել է, որ հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակով։ Այսօր Արցախում խաղաղություն չէ՝ ասում է։ Արցախում լռություն է։ Սադրանքներով և պատերազմներով խաղաղության չեն հասնում․ խաղաղությունը ձեռք են բերում քաղաքական ճանապարհով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ