Ապրիլի 23, 2024

5 կետանոց առաջարկ հումանիտար աղետից առաջ

By Լենա Բադեյան Մարտի 14, 2022

5 կետանոց առաջարկներ` հումանիտար աղետից առաջ․ Հայաստանի պատասխանն Ադրբեջանին

Հանդիպումներ Անթալիայի դիվանագիտական ֆորումում, 5 կետանոց առաջարկներ՝Ադրբեջանից Հայաստանին, հումանիտար աղետ Արցախում․այս ամենըՀայաստան է վերադարձրել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նա Հայաստանում էր հազիվ մեկ ամիս առաջ։ «Եվրամիությունը, առավել քան երբևէ, հավատարիմ է խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի նպատակին»,–գրել էր Տոյվո Կլաարին Թվիթերում։ Միչդեռ իրական կյանքում պատկերը բավական մտահոգիչ է․արդեն մեկ շաբաթ՝ադրբեջանական կողմի գործողությունների պատճառով Արցախը զրկված է գազամատակարարումից։ Ստեղծված իրավիճակը բնութագրվում է որպես հումանիտար աղետ։ Լենա Բադեյանին լսենք։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գրավոր դիմել է միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին՝ կոչ անելով հստակ արձագանքել Ադրբեջանի հանցավոր վարքագծին։ Ադրբեջանական կողմը շուրջ մեկ շաբաթ՝թույլ չի տալիս արցախցիներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Ավելի քան 100 հազար մարդ զրկված է ջեռուցման հնարավորությունից։«Մարդու իրավունքները համընդանուր են, դրանք պետք է դուրս դիտվեն աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից»,– գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը․

«Հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը։ Բացի սա, ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ։ Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտի պահպանմանը, ինչի նպատակը Արցախը բնիկ հայերից հայաթափելն ու էթնիկ զտման ենթարկելն է»։

Արցախում հումանիտար աղետի մասին ահազանգել է նաև Աժ–ի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ»խմբակցությունից Թագուհի Թովմասյանը։ Գազատարի վթարի մասին խոսելիս՝ նա գործածում է «պայթեցում» բառը։ Միջազգային կառույցներում գործընկերներինհամապատասխան գրություններն արդեն ուղարկված են․

«Խնդրել եմ իրենց ուշադրությունն ու հրատապ արձագանքը Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Պարզ է, որեթե այս տեմպերով շարունակվի, առաջիկայում նաև էլեկտրաէներգիայի ճգնաժամ ենք ունենալու Արցախում, որովհետև  գերծանրաբեռնված ռեժիմով է էլեկտրաէներգիան սպասարկվում։ Այսօր Արցախում մենք ունենք տրանսպորտի խնդիր, արդեն խնդիրներ կան մի շարք արտադրություններում։ Մարդիկ հացի արտադրության տարրական խնդիր ունեն իրենց երկրում։ Սա շատ լուրջ ահազանգ է»։

Իրավիճակին տեղում ծանոթանալու համար Արցախ էին մեկնել Ազգային ժողովի  «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Արամ Վարդևանյանն է պատմում․

«Շոշում մենք հյուրընկալվեցինք շատ ջերմ, բարի, հյուրընկալ մարդկանց տանը, որտեղ կա 1.5 տարեկան երեխա։ Դուք պարզապես պետք է պատկերացնեք, թե ինչ վիճակ է լինում տանը, երբ ջեռուցում չկա։ Շատ ավելի փոքրհարցերի դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպես է արձագանքում միջազգային հանրությունը, տարբեր երկրներ։ Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ժողովրդավարությունը ենթադրում է, որ չի կարող որևէ երկրում լինել նման վիճակ՝ անկախ այդ երկրի կարգավիճակից։ Փաստն այն է, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի, կան պետական ինստիտուտներ, ունի պետականությանը բնորոշ բոլոր հատկանիշները։ Ու այդ պայմաններում նման իրավիճակ՝ առանց լուծմա՞ն․սա, իսկապես, 21–րդ դարում աբսուրդ է»։

Այս խնդիրները,միջազգայինլարվածիրավիճակիֆոնին,Հայաստան են վերադարձրել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Ընդամենը փետրվարին էր նա Հայաստանում։ Վերադառնալու պատճառների մասին Կլաարին գրել է Twitter-ում․եկել է երկու օրով՝ հանդիպումների, քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել։ «Եվրամիությունը, առավել քան երբևէ, հավատարիմ է խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի նպատակին», - գրել է դիվանագետը։

Իսկ հայաստանյան հանդիպումներում, պաշտոնական հաղորդագրություններից հայտնի է դառնում, որ եվրոպացի պաշտոնյան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Կարևորել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը:

Ռուսաստանի ուշադրությունը այսօր բոլորովին այլ ուղղությամբ է, բայց Արցախում իրավիճակին նույնպես հետևում են՝ հավաստիացնում է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այսուհանդերձ, ռուս խաղաղապահներին դեռ չի հաջողվումարդյունավետ բանակցել Ադրբեջանի հետ և մոտենալ վնասված գազատարին։ Լսենք դեսպանին․

«Իհարկե, հետևում ենք այնտեղից եկող բոլոր հաղորդագրություններին։ Դա բնական է, դա կարևոր թեմա է։ Բայց կան բոլոր նախադրյալները, որ այսպես ասենք, թույլ չտանք լուրջ էսկալացիա և իրացնենք կարգավորման գործընթացները, որոնք սկսվել են։ Կան հնարավորություններ, որպեսզի առկա խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով»։

Այս ամենին զուգահեռ՝հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի 5 կետանոց առաջարկ։ Պնդում են՝ առաջարկը ներկայացվել է  մեկ տարի առաջ։ Հայտնի է նաև Հայաստանի պատասխանը՝ ծանոթացել են կետերին ևդիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։

Ձևաչափը կարևորել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Երևանյան հանդիպումներում նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի բացառիկությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հարցում։ Մինչդեռ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի արտգործնախարարը կրկին խոսել է տարածաշրջանային՝ «3+3» ձևաչափի մասին։

Եվ ընդամենը ժամեր առաջ, դարձյալ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, գաղտնազերծվեցին խաղաղության պայմանագիր կնքելու 5 հիմնարար սկզբունքները։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ բանակցությունները խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ կսկսվեն, եթե Հայաստանն ընդունի այդ սկզբունքները։

Դրանք են․

. ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում

. պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում

. զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից

. պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում
 

. տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

 

«Խաղաղության պայմանագրին» առնչվող քննարկումների համար ընտրված պահը, ըստ ընդդիմության՝ ճիշտ չէ։ Քննադատությունները այս առնչությամբ շատ են։ Աժ–ի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հակադարձում է․

«Պատերա՞զմ պետք է ուզենք։ Հասկանամ էլի։ Բա իրենք ի՞նչ են ուզում։ Եթե այդպես են ուզում՝ ասեն։ բայց ինձ չի թվում, որ իրենք պատերազմ են ուզում։ Ինձ պարզ չէ՝ իրենք ինչ են ուզում ընդհանրապես»։

5 սկզբունքներից որո՞նք են այն «կարմիր գծերը», որոնք հայկական կողմը թույլ չի տա խախտել․ լսենք Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանին․

«Այդ «կարմիր գծերից» ամենակարևորը այն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, երբեք։ Սա մեզ համար մահ է, սա մահ է հայոց պետականության համար, և բոլորն էլ դա պետք է հասկանան։ Մնացած հարցերը արդեն ժամանակը ցույց կտա։ Բնական է, մեզ համար նաև առաջնային է կարգավիճակի խնդիրը, դեօկուպացիայի հարցը և բազմաթիվ այլ հարցեր»։

Դավիթ Բաբայանը հավաստիացնում է, որ Հայաստանի և Արցախի արտաքին դիվանագիտական գերատեսչությունները մշտական կապի մեջ են, միասին են աշխատում։  Որպես օրինակ՝ նշում է Եվրախորհրդարանում վերջերս ընդունված բանաձևը, որովդատապարտվել է Ադրբեջանի ցեղասպան մշակութային քաղաքականությունը։ Դավիթ Բաբայանի ներկայացմամբ՝ այդ նպատակի համար աշխատել են Հայաստանը, Արցախը և Սփյուռքը՝ միասին։ Համոզված է՝ այսպես կաշխատեն նաև հետագայում։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 15 Մարտի 2022 14:19
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ