Ապրիլի 19, 2024

100 տարի անց էլ մարտահրավերները նույնն են

By Անի Աբաղյան Մարտի 23, 2022

1920 թվականի այս օրերին Շուշիում թուրք թաթարները, որ այսօր ադրբեջանցիներ են կոչվում, հերթական սպանդն էին կազմակերպել։ Շուշեցիները ստիպված թողել էին իրենց տունն ու հեռացել։ «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը 1920-ական թվականների Շուշիի մասին պատմաբան Լեոի խոսքն է մեջբերում․  «Շուշիի բնակչությունը պատանդի կարգավիճակում է Ադրբեջանի իշխանությունների ձեռքին», համեմատում այն  մերօրյա իրականության հետ։ Եզրահանգումը մեկն է․  

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր Արցախի բնակչությունը դարձել է պատանդ Ադրբեջանի իշխանությունների ձեռքին։ Եթե մենք պատմության դասերը հաշվի չառնենք, նույն սխալները գործենք, ապա կկանգնենք նոր ցեղասպանության առաջ»։

Ի՞նչն էր խանգարում կանխել Շուշիի կոտորածը։ Մեկդարյա հեռվից պատմաբանի գնահատականը միանշանակ է։

«1919-20 թվականներին հայ քաղաքական վերնախավում չկար միասնականություն։ Մի մասը կարծում էր, որ վճռական քայլերով պետք է ազատել Արցախը ադրբեջանցի դրածոներից, մի մասն էլ դեմ էր դրան։  Այդ երկպառակությունից վարպետորեն օգտվել է թշնամին»։

Մհեր Հարությունյանի խոսքով այսօրվա իրավիճակն ավելի լուրջ է։ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ  Հովիկ Ավանեսովը կարծում է, որ իրավիճակից ելքեր գտնելու մասին բարձրաձայն խոսելը նույնն է, ինչ բացահայտել պետության ռազմավարությունը։

«Կան ծրագրեր, որի իրականացման համար պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն, բայց այդ քայլերի մասին բաց հայտարարությամբ խոսելը ոչ միայն չի օգնում այլ վնասում է մեզ։ Ունե՞ք ծրագրեր, իրականացրե՛ք»։

Պատմությունը կրկնվելու սովություն ունի՝ ասում են օրվա բանախոսները։  Հատկապես, երբ նրանից դասեր չեն քաղում։     

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ