Ապրիլի 25, 2024

Հնարավո՞ր է արդյոք նոր լայնածավալ պատերազմ կամ ինչպես է Ադրբեջանը օգտվում Ռուսաստանի «զբաղված» լինելու հանգամանքից

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 25, 2022

Թուրքիան փորձում է Ռուսաստանի համար պատերազմի նոր ճակատ բացել։ Փառուխում տեղի ունեցող իրադարձություններն այսպես է մեկնաբանել Ռուսական «WarGonzօ» ռազմական նախագիծը։ Իրադրաձությունների այսպիսի զարգացումը, այսինքն նոր պատերազմի բռնկումը, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը քիչ հավանական է համարում։

«Այստեղ նոր պատերազմի մեծ հավանականություն ես չեմ տեսնում, գործ ունենք սողացող պատերազմի հետ, որտեղ Բաքուն ակնհայտ ագրեսիվ գործողութունների է դիմում լոկալ խնդիրներ լուծելու նպատակով, գազամատակարարումը վերականգնելու դիմաց փորձում է որոշակի խնդիրներ լուծել կամ օրինակ երեկվա ագրեսիվ իրադարձությունները, երբ որ հայկական կողմը, ըստ էության, կորցրեց Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը»։

Այս հարցում քաղաքագետի հետ համաձայն չէ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Ռուս-ուկրաինական արդեն իսկ երկարող պատերազմի պայմաններում ռազմական փորձագետը հավականական է համարում պատերազմի նոր ճակատի բացումը, բայց՝ ոչ Արցախում։

«Քիչ հավանական եմ համարում Արցախո՛ւմ ճակատ բացելը, որովհետև դա, ըստ էության, կնշանակի ուղիղ հակամարտություն Ռուսաստանի դեմ։ Այս պատճառով այս սցենարը չեմ բացառում, բայց քիչ հավանական եմ համարում։ Ամեն ինչ տանում է նրան, որ տեղի ունենա նոր բախում, Ռուսաստանը դառնա հակամարտության կողմ և խաղաղապահ զորքերը դուրս բերվեն Արցախից»։

Ռուսաստանը իր բոլոր ռեսուրսներով ներգրավված է ուկրաինական պատերազմի մեջ։ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ հենց սա է պատճառը, որ Ռուսաստանը դեռևս լուռ է, անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում։

«Ռուսաստանը շատ դեպքերում չի հասցնում արձագանքել, շատ դեպքերում ռեսուրսները չեն հերիքում, մյուս դեպքերում, գուցե, Ադրբեջանի և Թուրքիայի լոյալությունը ապահովելու խնդիր ունի։ Ես հակված եմ նրան, որ Թուրքիան ոչ թե նոր ճակատ է բացում, այլ Բաքուն և Անկարան փորձում են օգտվել այն իրավիճակից, որ ստեղծվել է ուկրաինական պատերազմի համատեքստում»։

Ուկրաինական պատերազմը լավ առիթ է թուրք-ադրբեջանական եղբայրական պետությունների համար, որպեսզի առաջ տանեն իրենց օրակարգը։ Իսկ ռուս խաղաղապահները, վերջին շրջանում, մեղմ ասած, դիտորդի կարգավիճակում են։ Ինչքա՞ն պետք շարունակվի այս սողացող հակամարտությունը։ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ հարցը երկխոսությունների միջոցով պետք է լուծել․ ուղղակի երկխոսություն՝ առանց միջնորդության։

«Տևական ժամանակ է Արցախում գազմատակարարումը դադարեցված է և տեսնում ենք, որ միայն ռուս խաղաղապահների ուժերով այդ հարցը չի լուծվում։ Մենք երկու տարբերակ ունենք․ կա՛մ հայկական կողմը Մոսկվայի հետ պետք է աշխատի և ռուս խաղաղապահները պետք է միջամտեն ու խնդիրը լուծվի․ կա՛մ եթե Ռուսաստանը բոլոր ռոսուրսները կենտրոնացրել է Ուկրաինայում և այս պահին նրա օրակարգում մեր տարածաշրջանը որևէ տեղ չունի, այս պարագայում հայկական կողմը պետք է փորձի Ադրբեջանի հետ երկխոսության միջոցով լուծել Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցը։ Մենք շատ այլընտրանքներ չունենք»։

Ռուսաստանի չեզոք պահվածքը անընդունելի է մեզ համար, բայց այս լռությանը միանշանակ վերաբերվել չի կարելի, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով այն կարող է նաև իր մեջ պատժիչ գործողություններ է պարունակում։

«Ռուսական կողմը փորձում է հանդես գալ չեզոք դիրքից, քանի որ ինքը խաղաղապահ գործառույթ է իրականացնում։ Ռուսաստանը չի փորձելու Հայաստանի կամ Արցախի կողմից որևէ ռազամական գործողություն անել։ Ըստ իս, եթե այսպես շարունակվի, և երբ սպառվի Ադրբեջանի հետ բոլոր բանակցային գործընթացների հնարավորությունները, կարծում եմ՝ Ռուսաստանը կանցնի պատժիչ գործողությունների»։

Ացախում կատարվող իրադարձությունները խախտում են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Արդյոք, այն այլևս որևէ արժեք չի՞ ներկայացնում։ Մեր երկու զրուցակիցներն էլ այս հայտարարությունը թերի են համարում․ Կարեն Հովհաննիսյան․«Փաստաթուղթը, իհարկե, թերի է։ Ոտքի վրա ստորագրված փաստաթուղթը թերի չլինել չի կարող։ Փաստաթղթի թերի լինելու հանգամանքը ի հայտ եկավ այն պահին, երբ որ մենք տարածքները հանձնեցինք, որի դիմաց նույնիսկ գերիների չվերադարձրին»։Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը այս փաստաթուղթը շատ ընդհանրական է համարում, ասում է՝ այն բազմաթիվ սողանցքներ է թողնում։ Փաստաթղթի թերի լինելու առաջին պատճառը քաղաքագետը վերահսկողության մեխանիզմներն է համարում։

«Ոչ թե փաստաթուղթն է կորցրել իր արդիականությունը, այլ ստեղծվել է միջազգային լրիվությամբ այլ համատեքստ, որից Ադրբեջանը փորձում է հմտորեն օգտվել։ Լրացուցիչ ջանքերի անհրաժեշտություն կա։ Ցանկացած փաստաթուղթ կենսունակ է որոշակի համատեքստում։ Երբ որ միջազգային համատեքստը փոխվել է և աշխարհը տուրբուլենտ է դարձել, այս իրավիճակում լրացուցիչ դիվանագիտական ջանքեր են անհրաժեշտ»։

Մի հարցում երկու զրուցակիցներս համակարծիք են, ռուսական կողմի չեզոքությունը չի կարող երկար շարունակվել։

Last modified on Ուրբաթ, 25 Մարտի 2022 19:04
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ