Ապրիլի 19, 2024

Խաղաղության պայմանագիր՝ ատրճանակի սպառնալիքի՞ տակ

By Մարգարիտա Ղուշունց Մարտի 29, 2022
Խաղաղության մասին անընդհատ խոսելով խաղաղությանը չես մոտենա: Վերջին շրջանում քննարկվող ու  երբեմն նաև շահարկվող խաղաղության մասին պայմանագրի կնքումն այնքան էլ մոտ չէ, որքան թվում է: Քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ոչ կարճաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ հեռանկարում նման փաստաղթի ստորագրումը հավանական չէ: Բացի այդ, խաղաղությունը, փաստաթղթով չէ, որ հաստատվում է:  
 
 «Պայմանագրի ստորագրման մասին այս պահին չի կարող խոսք գնալ, դա բոլոր կողմերն էլ հասկանում են: Խոսքը ինչ- որ գործընթացի սկսելու մասին է: Ըստ էության, հակամարտությունները պայմանագրով չեն լուծվում, չի կորղ ուղղակի փաստաթղթով հակամարտությանը վերջ դրվել կամ խնդիրը կորչել, եթե կողմերից մեկը, օրինակ Ադրբեջանը, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը և   ոչ մի կերպ չի թաքցնում, որ ինքը չի հրաժարվելու դրանից: Ընդհուպ, մինչև նոր տարածքների օկուպացում»: 
 
Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ-ում իրավիճակը գնահատեց խիստ լարված, Ադրբեջանի կողմից նոր հարձակումը՝  հնարավոր: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը իրավիճակի  լարվածությունը դիտարկում է ավելի լայն մասշտաբով: 
 
«Եթե իրավիճակը լարված է և եթե տեսնում ենք, որ լարված է շատ ավելի լայն մասշտաբով, քան մեր տարածաշրջանի կամ Արցախի հարցի շուրջ միայն, ապա այստեղ կարևոր է դիվանագիտական լուրջ ջանքերի գործադրումը՝ հնարավոր պատերազմը հեռացնելու և Ադրբեջանի նկրտումները զսպելու համար: ԱԽ նիստի և դրա արդյունքում արված հայտարարությունը հակված եմ դիտարկել այս համատեքստում: Նաև այն առումով, որ մենք տեսնում ենք, որ որոշակի իրավիճակներում ՌԴ-ի խաղաղապահ առաքելության գործունեությունը չի տալիս այն արդյունքը, որն ակնկալում ենք, որն ակնկալվում է արցախյան հարցում ռուսական մանդատի առկայությունից: Ըստ այդմ կարևոր է զսպման մեխանիզմների բազմազանություն ապահովելը»: 
 
 Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային զսպիչ մեխանիզմների գործադրման մասին հայտարարությունը փորձագետը հենց այս տիրույթում է դիտարկում: Բայց, նրա կարծիքով,  նախ պետք է հասկանալ, թե միաջազգային ինչ մեխանիզմների մասին է խոսքը՝ ՄԱԿ ԱԽ-ի, թե՞ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության: 
 
«Երևանի նախաձեռնությունը դիտարկում եմ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխուժացման փորձի համատեքստում: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել արցախյան թեմայի առանցքով աշխուժացմանը: Մենք տեսնում ենք, որ օրինակ ամիսներ շարունակ Բաքուն փորձում է խոչընդոտել համանախագահների այցը տարածաշրջան, որը նախատեսվում էր դեռևս 2021-ի աշնանը: Որևէ կերպ չեմ պատկերացնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակացություն, որից դուրս է մնում Արցախի հարցը»: 
 
Միջազգային խաղացողների ներկայությունը սահմանափակում է թուրք-ադրբեջանական տանդեմի մանրևելու հնարավորությունը: Հենց այս տեսանկյունից է կարևոր ԵԱՀԿ ՄԽ ակտիվացումը: Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ. 
 
«Ցանկացած պարագայում, որքան շատ միջազգային խաղացողներ լինեն  ներգրավված,  այնքան հեշտ կլինի զսպել Ադրբեջանի ագրեսիան: Մենք բոլորս պարզ հասկանում ենք, որ Ադրբեջանն իր պատասխաններով օրինակ ՌԴ ՊՆ նախարարնությանը, չի հենվում իր սեփական ունակությունների ու հնարավորությունների վրա: Այլ հենվում է Թուրքիայի ակնհայտ,  բավական լուրջ քաղաքական, և ոչ միայն քաղաքական,  աջակցության վրա: Հակառակ պարագայում,  բարդ է պատկերացել, որ Ադրբեջանը քննադատական հայտարարություններ հրապարակեր ՌԴ  հասցեին»: 
 
Ամեն դեպքում Ադրբեջանի նպատակը նույնն է մնում՝ հայաթափել Արցախը: Այսօր դրան խանգարող երեք հանգամանք կա. Արցախում հայկական բնակչությունը, Արցախի ԶՈՒ և ռուս խաղախապահների գործոնը: 
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 01 Ապրիլի 2022 08:28
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ