Մարտի 28, 2024

Թե ինչպես է կեղծվում պատմությունը՝ լրացվելով նոր կեղծիքներով

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 31, 2022

Փառուխի հին գերեզմանոցը գտնվում է  գյուղի հարակից բլուրներից մեկում։ Այստեղ  ամփոփված են  փառուխցիների նախնիները։ Նշված տարածքում մի քանի գերոզմաններ ու դամբարանադաշտեր կան, բայց թե դրանցից որն են քանդել ադրբեջանցիները, դեռևս հայտնի չէ։ Փառուխի համայնքապետ Վարդան Միքայելյանը նույնպես սոցցանցերից է իմացել քանդված գերեզմանոցների մասին։
 

«Այս մասին ես այսօր եմ լսել, բայց կոնկրետ գերեզմանները չգիտեմ քանդե՞լ են, թե՞ չեն քանդել։ Մեկն ասում է քանդել են, մյուսն ասում է՝  չեն քանդել։ Այդ գերեզմանը մեր գյուղից մոտավոր 1-1,5 կմ վերև է, դեպի Քարագլուխ տանող ճանապարհի վրա։ Այդ ճանապարհով հիմա ադրբեջանցիներն են անցնում, հնարավոր է, որ քանդած լինեն, բայց կոնկրետ ասել չեմ կարող»։ 

Արցախյան ազատամարտի ժամանակ Իվանյան գյուղի ազատագրման ժամանակ տեղի է ունեցել մի միջատեպ, որի ժամանակ ադրբեջանցի քաղաքացիական բնակիչներ են սպանվել են։ Ադրբեջանը այս միջադեպի անունը  «Խոջալուի ցեղասպանություն» է  դրել։  Եվ չնայած, միջադեպը վաղուց փաստագրված ու հաստատված է, ընդ որում, ոչ միայն հայկական շրջանակների կողմից, Ադրբեջանը շարունակում է տարփողել  իր քարոզչական թեզերը՝  հիմնված ակնհայտ կեղծիքի  վրա։   Պղծելով  Փառուխի հին գերեզմանատունը    Ադրբեջանը փորձում է  համալրել «Խոջալուի թղթապանակը»։   Քաղաքական անգրագիտությո՞ւն է սա, թե՞ կեղծ մեսիջներ ուղղված  միջազգային հանրությանը։ Արցախի ԿԳՄՍ  փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է  մշակութային պատերազմը։

«Այն տարածքներում, որտեղ իրենք հայտնվում են, թեկուզ  ժամանակավոր, առաջին հերթին վերացնում են հայկական հետքը։ Պատերազմ է ոչ միայն հայկական նյութական-մշակութային ժառանգության դեմ, այլ նաև ոչ նյութական-մշակութային ժառանգության դեմ։ Ադրբեջանը մեր դեմ ամենաբարձր մակարդակով վարում է ռազմական, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, այլ նաև մշակութային քաղաքականություն»։ 


Փառուխի համայնքապետն, անգամ ծիծաղելի է համարում Ադրբեջանի   առաջ քաշած այն միտքը, որ  Իվանյանի միջադեպի զոհերի ոսկորները հայտնվել են Փառուխի հին գերեզմանոցում։ 

«Խոջալուի զոհերին տարե՞լ են Քարագլուխ հուղարկավորե՞լ։ Ես մոտավոր պատկերացնում եմ այդ ոսկորները որտեղից են դուրս բերել։ Այն տարածքները, որոնք որ նրանք քանդել են մեր պապական գյուղերի տարածքներն են, այնտեղ խաչքարեր էլ կան, դրանք են քանդել»։ 


Լեռնիկ Հովհաննիսյանը իրավիճակը աշխարհագրորեն է բացատում։ Իսկ թշնամու նման պահվածքն ու հայտարարությունները համարում  նենգ ու էժանագին։ 

«Որևէ կերպ այդ տարածքը կապ չունի մեր Իվանանի տարածքի հետ։ Եվ նույնիսկ 1992 թվականին դրանք լրիվ տարբեր տարածքներ են եղել՝ տարբեր ուղղություններով, սա ադրբեջանցիների հերթական զզվելի և ցինիկ պատմական և լրատվական ապատեղեկատվությունն է»։

 Ադրբեջանը շարունակում է մշակութային էթնոցիդի այն քաղաքականությունը, որը որդեգրել է  դեռևս խորհրդային ժամանակաշրջանում։ Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև արցախյան մշակութային ժառանգությանը սպառնող վտանգին։ Ադրբեջանում անգամ հատուկ խումբ կա, որը զբաղվում է իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքներից  հայկական հետքի վերացմամբ։
 

«Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը: Եւ մշակույթի նախարարի հայտարարությունն ամենեւին էլ պատահականություն չէ։ Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները։ Այս բոլոր իրավիճակները մեր կարծիքով և համոզմամբ պետք է պատշաճ միջազգային քննության և գնահատականի արժանանան»: 


Ինչ կավելացնի հայկական գերեզմանների պղծումը Արդրբեջանի քարոզչական գործիքակազմում կամ, այսպես ասած, «Խոջալուի թղթապանակում» դեռ կիմանանք։ Բայց այն ևս մեկ անգամ  ցույց տվեց, թե ինչպես հարևան երկրում չեն խորշում նույնիսկ ամենաստոր միջոցներից՝ նպատակներին հասնելու համար։ 

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 01 Ապրիլի 2022 06:32
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ