Ապրիլի 23, 2024

Ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 01, 2022

Ապրիլի 6-ին  Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Այն տեղի է ունենում լարված իրադրության՝ լարված շփման գծի, տեղեկատվական դաշտի ու հանրային տրամադրությունների պայմաններում։   Ի՞նչ կարող ենք սպասել առաջիկա հանդիպումից։  Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն այս հանդիպումից որևէ լավ բան չի ակնկալում։ Ասում է, որ այս ժամանակաշրջանում պետք է ավելի զգոն լինենք։  

«Սարսափ, վախ, խուճապ, զգացողություններս այն բոլոր բառերն են, որոնք հիմա արգելված են։ Հայաստանի վարչապետը երեկ կառավարության նիստի ժամանակ պարզ ու հստակ շեշտադրումներով ասաց, որ սպասվում է պատերազմ։ Եվ հարցն այն է, որ նման բան հայտարարողը րոպեներ անց ասում է, որ գնում է այդ երկրի իշխանության հետ խաղաղության պայմանագիր կնքելու։ Իհարկե, այստեղ վտանգ կա, որ կուլիսների հետևում ինչ-որ պայմանավորվածություն կա, որի արդյունքում կրկին Արցախը զոհասեղանին  դնելու հավանականություն կա»։ 

Բրյուսելյան հանդիպումից «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության նախագահ Արթուր Հարությունյանի սպասելիքները միանգամայն տարբեր են։ Պատգամավորը ակնկալում է, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում արդբեջանցիները կլքեն Քարագլխի հարակից բարձունքները։

 «Հանդիպումը նախ և առաջ այս հարցերի լուծումը պետք է տա։ Իսկ խաղաղության պայմանագիրը ԵԱՀԿ Մինսկի խնբի ձևաչափից դուրս բերումը հարցի վերջնական լուծում լինել չի կարող։ Եթե կա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, ապա Արցախի հարցը պետք է լուծվի այդ ձևաչափում»։ 

Խաղաղության հարցը կարելի է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ համագործակցության արդյունքում՝ համոզված է  քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը։     Իսկ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չպետք է ձեռք բերել՝ հույս ունենալով, որ վերջինս  կհետևի դրանց։ Առաջին հերթին մենք պետք հասկանանք, որ որևէ պայմանավորվածություն Ադրբեջանը չի պահելու՝ ասում է քաղաքագետը։ 

«Ադրբեջանն ուզում է, որ միայն Հայաստանը կամ Արցախը կատարեն  պայմանավորվածությունների իրենց մասը։ Իրենք իրենց մասը չանեն և նոր տարածքներ օկուպացնելու հնարավորություն ստանան։ Դրանից ելնելով ես, կարելի է ասել, առհասարակ ակնկալիքներ չունեմ առաջիկա հանդիպումից, այն բացառությամբ, որ Եվրամիության միջնորդությամբ հնարավոր լինի ինչ-որ ժամանակահատված  դադարեցնել թշնամու ագրեսիվ գործողությունները»։ 

Քաղաքագետի՝ նման համոզման  պատճառը նաև այն է, որ այս նախորդ հանդիպումից հետո կողմերի դիրքորոշումներում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։      

«Խնդիրը ինչ-որ փաստաթուղթ ստորագրելը   կամ ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերելը չէ։ Խնդիրն այն է, որ այդ պայմանավորվածությունները իրականացվեն։ Դրա համար պետք է լինի բավարար կամք, ցանկություն ու հնարավորություն։ Եթե այս երեքը չկան, ապա որևէ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն կյանքի չի կոչվի։ Իսկ ադրբեջանական կողմը ցանկություն չունի որևէ պայմանավորվածություն իրականացնելու»։ 

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպան  օրակարգը դեռևս հանրայնացված չէ։   Գիտենք միայն, որ  երկու կողմերի խոսույթը հանդիպումից առաջ  կոշտացել է։   

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ