Ապրիլի 25, 2024

Մտահոգություններ Բրյուսելից առաջ

By Սրբուհի Վանյան Ապրիլի 06, 2022
Ազգային ժողովը, որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ համահայկական մակարդակով համազգային համախմբում ձևավորելու կոչ է անում: Պատգամավորները համոզմունք են հայտնում, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով, միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով ազգային շահերը: Հիմնական զեկուցող, պատգամավոր Գեղամ Ստեփանյանը հայտարարության տեքստն է ներկայացրել. 
 
«Աշխարհաքաղաքական իրողությունների այս բարդ ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը , փորձելով տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում ապրող խաղաղ բնակչին, շարունակում զավթել նորանոր տարածքներ,Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը՝ 1988 թվականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը»: 
 
Այսօր Արցախի անվտանգային միջավայրը լրիվությամբ փոխված է. տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Բայց, ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, թշնամիներն այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը: 
 
«Ներկա պայմաններում ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար: Հարգելի հայրենակիցներ, Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»:
 
 Մտքերի փոխանակությամբ հանդես եկան «Դաշնակցություն» և «Արդարություն» խմբակցությունների պատգամավորները՝ հիմնավորելով Հայտարարության ընդունման անհրաժեշտությունը: Պահը վճռորոշ է, հնարավոր է՝ ճակատագրական Արցախի համար. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Բրյուսելում է և պարզ չէ թե կոնկրետ ինչ օրակարգով է հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ.  Արցախի Ազգային ժողովն անտարբեր լինել չէր կարող: Դավիթ Իշխանյանն իր մտահոգություններն է ներկայացնում. 
 
«Հանդիպումը ի՞նչ խորագիր ունի. խաղաղության գործընթացի սկիզբ: Որևէ մեկս դեմ չենք խաղաղության: Ու կողմ չէ պատերազմին: Խաղաղության դարաշրջանի բացումը և խաղաղության ամրագրումը ենթադրում է նաև գին: Ի՞նչ գին է ունենալու այդ խաղաղությունը»:
 
 Պատգամավորը հարց է բարձրացնում. Արցախի ճակատագրին վերաբերող որոշումները կայացնելիս հաշվի՞ է առնվել արցախցիների կարծիքը, տեղյա՞կ ենք այն փաթեթին, որի շուրջ ծավալվելու են բանակցությունները: Ու՞ր են վերջապես մեզ տանում: Եվ արդյո՞ք, եթե լռենք՝ վաղը ուշ չի՞ լինելու: Դավիթ Գալստյանն էլ գործընթացը, որ ծավալվում է Արցախում և նրա շուրջ՝ ահագնացող աղետ է որակում. Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները չեն փոխվել և հայությունը դարձյալ գոյաբանական խնդրի առաջ է կանգնած: Եվ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան հրամայական է: 
 
«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու իրենց քաղաքականությունը: Նրանց հետ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել հարկադրված համաձայնությունների, որոնք ավելի կվտանգեն մեր հայրենիքում հարատևող պետություն կառուցելու կարողությունները: Պետություն ունենալու համար անհրաժեշտ է կոնսոլիդացիա: Այլընտրանք չկա: Որպեսզի Արցախը վերջնականապես չհայաթափվի, պարտավոր ենք փոխել և պետական, և կառավարման առաջնահերթությունները: Պարտավոր ենք փոխել մեզ»:
 
 Ըստ պատգամավորի, խնդիրները, որ կան, կարող էին չլինել: Բայց ունենք այն, ինչ ունենք, և այսօրվա քայլերը պիտի բխեն նոր իրողությունների ու հնարավորությունների սառը հաշվարկից:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ