Ապրիլի 24, 2024

ՌԴ-ն խոսում է ԵԱՀԿ ՄԽ հնարավոր վախճանից

By Լենա Բադեյան Ապրիլի 09, 2022
Հարավային Կովկասը և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դառնում են Ռուսաստան–Արևմուտք պարզաբանումների հերթական թեման։ Բրյուսելից հետո Մոսկվան է փորձում հասկանալ՝ արդյո՞ք 2021-ի Սոչիի պայմանավորվածություններին հակասող նոր համաձայնություն ձեռք չի բերվել։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարակուսել է՝ ապրիլի 6–ին Բրյուսելում ոչ մի խոսք չի եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողով ստեղծելու հարցում Սոչիի պայմանավորվածությունների մասին։ Այդ «հունը», ինչպես ասում է Լավրովը, գցել է Ռուսաստանը դեռ 2021–ին և ցանկալի չի համարում, որ նոր խոչընդոտող «կառույցներ» այնտեղ կառուցվեն։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում վստահեցրել է՝ պայմանավորվածությունները չեն հակասում իրար։ Հակասություններ, սակայն, արդեն կան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական մանդատ ունեցող միակ կառույցում՝ ԵԱՀԿ ՄԽ–ում։ Լավրովն արդեն խոսում է այդ կառույցի մշուշոտ ապագայի մասին։
 
«Այդ ձևաչափում մեր ֆրանսիացի և ամերիկացի «գործընկերները» հակառուսական իրենց մոլուցքի մեջ չեղարկել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության եռյակը՝ հայտարարելով, որ չեն շփվելու մեզ հետ այդ ձևաչափով։ Դա իրենց իրավունքն է։ Եթե իրենք պատրաստ են զոհաբերել ղարաբաղյան հակամարտության և հարավկովկասյան հարաբերությունների կարգավորման շահերը, եթե իրենք պատրաստ են տվյալ դեպքում զոհաբերել հայկական կողմի շահերը՝ դա իրենց ընտրությունն է»։
 
 ՌԴ արտգործնախարարի ներկայացմամբ՝ այս իրավիճակը չի խանգարի, որ Ռուսաստանը հավատարիմ մնա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի լիդերների միջև եռակողմ պայմանավորվածություններին և դրանց կատարմանը։ ԵԱՀԿ ՄԽ–ի ապագայի առումով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այլ տեղեկություններ ունի։ Աշխարհաքաղաքական լարված իրավիճակը բարդացրել է միջնորդական խմբի աշխատանքը, բայց այլ կողմերից ստացվող ազդակներն անհույս չեն՝ ասում է Միրզոյանը։
 
«Հաշվի առնելով շատ հստակ ազդակներն ու նշանները, այն հաղորդագրությունները, որոնք ես եմ ստացել համանախագահող երկրներից, ես ուզում եմ հաստատել, որ հակառակ Ադրբեջանի պնդումներին, թե ԵԱՀԿ ՄԽ դադարել է գոյություն ունենալ, քանի որ հակամարտությունը լուծված է, միջազգային հանրությունը շարունակում է ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնել բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, ինչը, պետք է ասեմ, որ շատ հուսադրող է»։
 
 Ուշագրավ է, որ բրյուսելյան բանակցություններից մի քանի օր առաջ տարածաշրջանային այց էր կատարել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։ Նույն օրերին նրանից առանձին հանդիպում էր Երևանում ունենում ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Երկուսն էլ խոսել են ՄՊ մանդատը կենսունակ պահելու մասին։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հերթին է փաստել ԱՄՆ աջակցությունը բանակցություններին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը։ Հայաստանն ու Արցախն, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես պնդել են, որ հակամարտության քաղաքական լուծումը պետք է գտնվի հենց ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում։ Բրյուսելից հետո դրա մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետը․
 
«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։ Այս հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա։ Ինչպես նախկինում՝ մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներգրավվածությունը և պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»։
 
 ԵԱՀԿ ՄԽ–ի ճակատագրի շուրջ տեսակետերը բաժանվել են նաև Հայաստանի վերլուծական դաշտում։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի վերլուծություններով՝ առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է տեղափոխվել այլ միջնորդական հարթակ․
 
«Ակնհայտ է, որ մեծ հաշվով ՄԽ–ն գործնականում դադարում է գոյություն ունենալ, և այդ ապագա բանակցություններն ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու կամ ԵՄ միջնորդությամբ, կամ Ռուսաստանի։ Սա ևս մեկ հետքայլ է նախապես հայտարարված դիրքորոշումներից, որից Հայաստանի իշխանությունները կատարեցին։ Վերջին շաբաթների ընթացքում, հիշում եք, որ անընդհատ շեշտը դրվում էր՝ ՄԽ շրջանակում, ՄԽ միջնորդությամբ, նույնիսկ առաջարկներն էին Բաքվին ուղարկում ՄԽ անդամ-երկրների կողմից։ Այս հետքայլերի գլխավոր վտանգը այն է, որ սրանք վտանգավոր նախադեպեր են ստեղծում, Ադրբեջանին ցույց են տալիս, որ ուժային գործիքակազմ կիրառելու միջոցով կարելի է Հայաստանին ստիպել պարզապես հրաժարվել իր դիրքորոշումներից»։
 
 Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին միջնորդական ձևաչափի լրջագույն տեղաշարժ, բայց ոչ ԵԱՀԿ ՄԽ–ի վախճան․ սա արդեն «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի կարծիքն է․
 
«Հիմա մենք տեսնում ենք շարժ դեպի արևմուտք, և մյուս կողմից ես չեմ տեսնում, որ հրաժարում կա ՄԽ–ից։ Կա ՄԽ գործառույթների առկախում, այո, այն հանգամանքի հետ կապված, որ այսօր գոյություն ունի լրջագույն հակամարտություն արևմուտքի և Ռուսաստանի միջև, և հնարավոր չէ կոնստրուկտիվ աշխատանք որևէ հարթակում։ Այնտեղ պարզ թշնամական հարաբերություններ են գնում։ Ես հասկանում եմ, որ «օդում» թողնել այս պրոցեսը, հատկապես, երբ Ադրբեջանը պարբերաբար ռազմական ինչ–որ սադրանքների է գնում, արևմուտքը որոշել է առայժմ առկախել ՄԽ գործունեությունը՝ փոխանցելով դրա բանակցային առաջնորդությունը ԵՄ–ին՝ որպես արևմուտքը ներկայացնող «փափուկ» ուժի, որի թիկունքում կանգնած է «կոշտ» ուժը՝ ի դեմս ԱՄՆ-ի։ Դա «տեսանելի» էր այս հանդիպումից առաջ Բլինքենի զանգերի տեսքով»։
 
 Խուրշուդյանի կանխատեսմամբ՝ ՄԽ–ի աշխատանքն առկախված կմնա այնքան ժամանակ, անգամ գուցե մի քանի տարի, մինչև արևմուտքը սկսի աշխատել նոր Ռուսաստանի հետ։ Իսկ մինչ այդ լայնածավալ ռազմական գործողություններ վերլուծաբանները չեն կանխատեսում, քանի որ, նրանց իսկ ձեւակերպմամբ, «գաճաճ» պետություններին չի ներվի այն, ինչի պատճառով այսօր խառնվել է աշխարհը։
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ