Մարտի 28, 2024

ԱՀ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել

By Սրբուհի Վանյան Ապրիլի 15, 2022

«Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով»,- երեկ կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել են Արցախի խորհրդարանականները։ Մինչ օրակարգային հարցի քննարկումը խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին 30-ամյա պայքարի տարբեր փուլերում նահատակված հայորդիների հիշատակը: Արտահերթ նիստը պայմանավորված է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Ներկայացնելով նիստի օրակարգը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ասաց։ 

«Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել։ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման, և կհանդիսանա աշխարհաքաղաքական պատմական և բարոյական ողբերգություն՝ հայոց պետականության և հայ ժողովրդի համար»։

Սա է այն հիմնական ուղերձը, որի համար Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Արցախի ժողովուրդն իր ընտրած ուղուց չի շեղվելու․ նա չափազանց թանկ գին է վճարել իր ազատության և անկախության համար և իր պատմության այս էջը անարժան ձևով փակելու իրավունք չունի։ Հայտարարության տեքստը ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանն է ներկայացրել։ «Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեք են և նույնիսկ պատերազի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել դրանցից։  

 «Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը»:

 Արցախի Ազգային ժողովը պահանջում է Հայաստանի իշխանություններից հրաժարվել իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվել բացառապես այս արժեքներով, քանի որ ոչ մի իշխանություն չի կարող խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի և միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնել։ Արցախի խորհրդարանը դիմում է ամբողջ հայությանը, կանգնել Հայաստանի ու Արցախի կողքին, իսկ ՀՀ գործընկերներին կոչ է անում չշեղվել ՀՀ գերագույն խորհրդի՝ 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։ Հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանի ղեկավարությունը խաղաղապահ առաքելության ընթացքում չպետք է առիթ տա որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները, որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները անկախ տարաձայնություններից, ջանքեր գործադրեն պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը։ Մտքերի փոխանակությամբ և եզրափակիչ ելույթներով հանդես եկած պատգամավորների ու ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքը մեկ ընդհանուր սկզբունք ունեն․   

«Վճռվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, Հայոց պետականության ճակատագիրը։ Խոսելով նշաձողերի մասին, պետք է նշել, որ նշաձողեր արդեն չկան։ Կան կարմիր գծեր։ Դրանց խախտումը կբերի ազգային ողբերգության և ցեղասպանության։ Հայրենիքը կորցնելու ենք։ Իսկ Արցախի կորուստը Հայաստանի կորուստ է նշանակելու։ Փրկելով Արցախը, փրկում ենք Հայաստանը։ Աշխարհաքաղաքականության մեջ կա օրենք․ եթե ունես սկզբունքներ և հավատարիմ ես մնում դրանց, դու կդառնաս սուբյեկտ։ Հակառակ դեպքում դու օբյեկտ ես, որի միջոցով մյուս սուբյեկտները սպասարկում են սեփական շահերը»։

 Հայտարարությանը միաձայն կողմ են քվեարկել նիստին ներկա 32 պատգամավորները։ Արցախահայությունը հայության այն հատվածն է, որ լավագույնս գիտի խաղաղության գինը: Բայց Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող նրանց հետ պահել:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ