Ապրիլի 19, 2024

Փաշինյան- Պուտին հանդիպում. ի՞նչ սպասելիքներ ունեն Արցախում

By Սրբուհի Վանյան Ապրիլի 19, 2022

Երկու երկրների ղեկավարների այսօրվա հանդիպումը տարբեր փորձագիտական շրջանակներ արդեն որակել են որպես հատուկ նշանակության իրադարձություն։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումների ֆոնին նման ձևաչափի հանդիպումներից հանրությունն ազդակների է սպասում։ Արցախը հանդիպումից ակնկալիքներ ունի։ Արդարացվա՞ծ են այդ ակնկալիքները, թե՞՝ ոչ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն է մեկնաբանում։ Նրա կարծիքով՝ անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կլինեն՝ երկխոսել անհրաժեշտ է։

«Միշտ խոսել անհրաժեշտ է։ Թեմաների, հարցերի շուրջ։ Մանավանդ այն երկրների հետ, որոնք ի զորու են որոշակի հարցեր լուծել, ներկայումս նոր ստեղծվող աշխարհակարգի հեղինակներ են հանդիսանում»։

Վահրամ Բալայանի գնահատմամբ՝ տարբեր դրսևորումներով երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում: Նրա ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կապրենք նոր իրողություններում, նոր աշխարհակարգով, անվտանգության նոր ռեժիմով, նաև՝ պետությունների նոր հարաբերություններով։ 

«Այս տեսանկյունից պիտի դիտարկենք մեր ապագան։ Մենք պետք է ունենանք մեր տեղն ու դերը այս իրավիճակում։ Շատ բան կախված է մեզանից․ ինչ քաղաքականություն է վարում պետությունը, ինչպիսի դիմադրողականություն ունենք, պետք է վերակենդանացնել այն»։

Վահրամ Բալայանը նշում է, որ Արցախի հասարակական և քաղաքական շրջանակների ակտիվությունը տեսանելի արդյունքներ կունենա։

«Դա պայմանավորված է մեր հասարակական քաղաքական ուժերի ակտիվությամբ։ Այսինքն` եթե ժողովուրդը պահանջատեր է, նրան ներկայացնող հասարակական ու քաղաքական ուժերը ակտիվ են, այդ պահանջին անդրադարձ լինում է․ և թե՛ ԱԺ նիստին նախորդած, թե՛ հաջորդած իրադարձությունները մթնոլորտ են ձևավորել, որպեսզի ՀՀ իշխանությունները, ինչպես և պարտավոր են որոշակիորեն, այդ ամենը ներկայացնեն այն երկրների ղեկավարներին, որոնց հետ խոսում են։ Համոզված եմ, ընկալում կլինի»։

Մեր պահանջն աշխարհից այստեղ ապրելու հնարավորություն ստեղծելու, մեր պապերի ու մեր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի իրացումն ապահովելու մեջ է՝ ասում է զրուցակիցս:

«Բնականաբար կան աշխարհաքաղաքական շահեր, զարգացումներ։ Կարծում եմ, մենք պետք է որոշակի աշխատանք կատարենք։ Եթե նույնիսկ պաշտոնական տեսանկյունից հաղորդագրությունների մեջ չխոսվի մեր հիմնախնդիրների մասին՝ այս հանդիպման ժամանակ, համոզված եմ, որ  նման քննարկումներ կլինեն, մոտեցումներ` նույնպես։ Շատ հաճախ հենց այդ մոտեցումներն են որոշիչ լինում։ Պետք է պարզապես հուսանք, որ ՀՀ իշխանությունները մեր հարցերը կբարձրացնեն»։

Վահրամ Բալայանը չի կարծում, թե այսօր Մոսկվայում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի Արցախի մասով։ Նման փաստաթուղթ դեռ պատրաստ չէ, այդ ամենը համապարփակ ձևով ներկայացնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու՝ համոզված է արցախցի խորհրդարանականը։ Իսկ մինչ այդ դեռևս խոսել է պետք:

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 19 Ապրիլի 2022 17:39
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ