Ապրիլի 23, 2024

Մենք չունենք «նշաձող», մենք ունենք «կարմիր գծեր»

By Սրբուհի Վանյան Ապրիլի 21, 2022
Մենք չունենք «նշաձող», մենք ունենք «կարմիր գծեր» Armenpress.am

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո և Փաշինյան -Պուտին հանդիպումից առաջ Արցախից հստակ ուղերձ է հնչել․ մենք չունենք նշաձող, մենք ունենք կարմիր գծեր․ Արցախի ԱԺ-ն հայտարարություն էր ընդունել, որի տակ ստորագրել են բոլոր խմբակցությունները, հետագայում դրան միացել են նաև արտախորհրդարանական ուժերն ու  հասարակական կազմակերպությունները։ Սա նշանակում է, որ Արցախում կա  մտահոգություն կարմիր գծերի խախտման հետ կապված, և այդ հարցում ինչպես Արցախի իշխանությունները, այնպես էլ հասարությունը միակարծիք են։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ցրվել է, արդյո՞ք, մտավախությունը կարմիր գծերի խախտման վերաբերյալ՝ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն է մեկնաբանում․

«Կարծում եմ՝ այո, որովհետև այնտեղ կար մի կետ, որով նշվում է, որ պետք է խաղաղ կարգավորում լինի, նշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն։ Դրանք շատ կաևոր են։ Այդ հանդիպումները ցույց են տալիս, որ ՌԴ-ն նպատակ չունի տարածաշրջանում իր պատասխանատվության աստիճանը թուլացնել» ։

Դավիթ Բաբայանը երկու երկրների ղեկավարների  ընդունած հայտարարության կետերի վերաբերյալ մի քանի կարևոր դիտարկում է անում։ Հայտարարության 22-րդ  կետով կողմերը փաստում են, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չեն կարող և չպետք է ապահովեն իրենց անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին, նշում, որ սպառազինությունների վերահսկման ճարտարապետության ոչնչացման և ի վնաս այլոց անվտանգության միակողմանի ռազմական առավելություններ ստանալու նպատակով գործողություններն անթույլատրելի են, քանի որ այն խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների և առճակատման:

«Դա շատ կարևոր կետ է, ընդգծում է փոխգործակցության և եղբայրական հարաբերությունների կարևորությունը։ Մենք պետք է հասկանանք, որ աշխարհաքաղաքականությունը շատ կոշտ  բան է, և իրավունք չունենք սխալվելու։ Առավել ևս՝ հիմա։ Յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել։ Ամբողջ աշխարհում են հիմա կարմիր գծեր։ Դրա համար ամեն ինչ պետք է հաշվարկել բացառապես  մեր ազգային շահերի տեսանկյունից»։

Նրա կարծիքով՝ շատ բան է կախված մեզանից և մեր վարած քաղաքականությունից։  Մենք մեր արժեքն ու դերը ճիշտ պիտի գնահատենք։

«Շատ բան մեզանից է կախված։ Մենք պետք է գիտակցենք  դա։ Մեղավորներ չփնտրենք։ Պետք է հասկանալ, որ Արցախն ունի կարևոր նշանակություն։ Չլինի Արցախ՝ չի լինի Հայաստան։ Արցախը նաև անփոխարինելի աշխարհաքաղաքական միավոր է։ Նրա չլինելը փոխելու է աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Սա նաև թշնամիները լավ գիտեն»։

Փաստաթղթում երկու երկրի ղեկավարները,  խոսելով  արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին, հղում են անում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Մասնավորապես, նշվում է ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝  նրա միջազգային մանդատին համապատասխան։  Արդյոք սա չի՞ հակասում Մինսկի խմբի ձևաչափի սառեցման կամ փաստացի անգործության վերաբերյալ ՌԴ-ից մինչ այդ հնչած  հայտարարություններին։ Արցախի արտգործնախարարն  ասում է․

«Այո, Մինսկի խումբը կարևոր է, բայց այսօր Արցախն ու Հայաստանը այնպիսի մարտահրավերների առաջ են կանգնած, որ ցանկացած միջոց պիտի օգտագործվի՝ երկիրն ու պետականությունը փրկելու համար։ Մինսկի խմբի համանախագահները միասնական կաշխատեն, թե առանձին-առանձին՝ էական չէ։  Կարևորն այն է, որ միջնորդական ջանքերը շարունակվեն»։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022 14:13
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ