Ապրիլի 16, 2024

Մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին Արցախի իշխանությունները տեղյակ են պահվել

By Սրբուհի Վանյան Ապրիլի 22, 2022

«Բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում՝ նշելով, որ տալիս է երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում:

«Սա երաշխիք է, երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում։ Հոռետեսները բերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի օրինակը, որը ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման․ պատերազմի պայմաններում, ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պիտի որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 հազ․ զինվորի կյանքը և Արցախը հայաթափումից փրկելու համար, և համեմատությունները պարզապես տեղին չեն»։

Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող իր մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել ԼՂ նախագահին, ինչպես տեղյակ է պահել միշտ՝ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո: Վարչապետի խոսքով՝ Արցախի նախագահն էլ, իր հերթին, այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին: Նա նաև անդրադարձավ Արցախը հանձնելու մասին շահարկումներին։

«Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի: Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել. Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձը իրենց տներ: Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումը ըստ էության իրականություն դարձած կլիներ»։

Վարչապետ Փաշինյանն ասել է, որ չափազանց կարևոր է ԼՂ անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը։

«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն: Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու Փառուխի հատված չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը, հույս ունենք, կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը»:

Հաջորդ կարևոր հայտարարությունը, որն այսօր հնչեցրել է Փաշինանը Կառավարության նիստում, առնչվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։

«ՌԴ նախագահի հետ բանակցությունների արդյունքներից մեկը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատը՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով, կարևոր է: Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»:

Նա շեշտեց, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել: Փաշինյանի գնահատմամբ՝ այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը՝ աջակցել ԼՂ կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ